Չենք ասել, որ հենց պետությունն է միշտ լինելու ՀԷՑ-ի կառավարողը. Նիկոլ Փաշինյան

Մեր խնդիրն է, որ պետությունը վերցնի ՀԷՑ-ի կառավարումը եւ իրականացնի ուսումնասիրություն՝ ինչ է տեղի ունեցել էնտեղ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կլինի, եթե ՀԷՑ-ն էլ դիմի արբիտրաժային դատարան, քանի որ արդեն նախադեպեր կան«Ամուլսարի», «Հյուսիս-հարավ»-ի, ԶՊՄԿ-ի հարցերով:

Փաշինյանը նախ հիշեցրեց, որ ՀԷՑ-ին վերաբերող պատմությունը նոր չի սկսել. «ՀԷՑ-ի վերաբերյալ մեր դժգոհությունները, ահազանգերը սկսվել են մարզային իմ այցերից, քաղաքացիների կողմից ստացված կոնկրետ բողոքներից։ Նախորդ տարի տեղի է ունեցել ՀԾԿՀ-ի նախագահի հրաժարականը, ՏԿԵՆ նախարարի տեղակալի պաշտոնն է թափուր, այս համատեքստում է այդ պաշտոնը թափուր դարձել։ Մեր նպատակը հետեւյալն է, որ այս փուլում պետությունը պետք է վերցնի ՀԷՑ-ի կառավարումը, եւ կվերցնենք, բայց չենք ասել, որ պետականացման կամ գնման գործընթացից հետո հենց պետությունն է լինելու միշտ կառավարողը ՀԷՑ-ի։ Տեսեք, արտապատիրակման մասին ենք ասում, մենք խնդիր ունենք գտնել հնարավոր ամենաարդյունավետ կառավարչին եւ այդ կառավարման նկատմամբ ձեւավորել շատ հստակ եւ արդյունավետ հանրային եւ պետական վերահսկողություն»:

Անդրադառնալով արբիտրաժներին՝ նա նշեց. «Դրանք դատական գործեր են, Հայաստանի Հանրապետության կառավարության կամ կառավարական մարմինների դեմ էլ են ներպետական ատյաններում հայցեր ենրկայացնում, կառավարությունն էլ է հայցեր ներկայացնում, կառավարությունն էլ է արբիտրաժ դիմում, դա աշխատանքային պրոցեսի մի մաս է, եւ չեմ կարծում, թե դա ընդհանուր առմամբ էական ազդեցություններ ունի քննարկվող հարցի վրա այն տեսակետից, որ մենք պարտավոր ենք Հայաստանի սպառողների շահերը պաշտպանել, իսկ այն, որ ՀԷՑ-ը, ի հեճուկս բազմաթիվ հորդորների, խնդրանքների, զգուշացումների, պատշաճ քայլեր չի ձեռնարկել, էդ դեպքում կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը պարտավոր է պաշտաճ քայլեր ձեռնարկել»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով