Որտեղի՞ց ձեր այդ տեղեկատվությունը, որ Աստված ինձ նզովել է: Իսկ գուցե նզովել և նզովում է նրանց, ովքեր Աստծո տունը պղծում են. իմ կարծիքով՝ տրամաբանությունը հենց դա պետք է լինի: Այսինքն՝ ինչպե՞ս կարող է նզովել Աստված նրանց, ովքեր հետևում են իրեն, և ինչպես կարող է Աստված չնզովել նրանց, ովքեր պղծում են, ոտնահարում են իր արժեքները և իր Եկեղեցին: Սա այնքան պարզ տրամաբանություն է, որ կարծում եմ՝ ձեր ունեցած տեղեկությունները չափազանցված են: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե Հայ Առաքելական Եկեղեցուն առնչվող իրադարձությունների համատեքստում Աստծո նզովքից, պատժից չի՞ վախենում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, թե ինչ պատժի են, ըստ հոգևորականների, արժանացել օծյալներին վնասողները:
«Ես հասկանում եմ, որ քաղաքական առումով կարող է ճիշտ չհնչել այս ֆորմատում, բայց ես մի մարդ եմ, որ համարում եմ, որ ունի հոգևոր կյանք, ունի հաղորդակցություն Աստծո հետ, հոգևոր արժեքների հետ: Ինչպե՞ս են հաղորդակցվում Աստծո հետ, օրինակ (ուզում եմ կանխել հարցը, որը տրամաբանական կլինի): Աստծո հետ հաղորդակցվելու մի ձև կա՝ աղոթք, Սաղմոս կարդալ, սուրբ գրքեր կարդալ:
Ես նզովքի վերաբերյալ ձեր ասածին կպատասխանեմ սաղմոսով՝ 118-րդ սաղմոսից մի հատվածով, որը վերնագրված է «Աղոթք՝ հասկանալու Տիրոջ իմաստությունը»: Իսկ սաղմոսը հետևյալն է. «Տե՛ր, իրավունքիդ ճանապարհի օրենսգետն ինձ դարձրու, որ ամեն ժամ հետևեմ դրան, իմաստո՛ւն դարձրու ինձ, որ քննեմ Քո օրենքը, և ամբողջ սրտովս պահպանեմ այն: Առաջնորդի՛ր ինձ Քո պատվիրանների շավիղներով, քանզի հաճելի են դրանք ինձ: Սիրտս հակի՛ր դեպի Քո պատվիրանները և ոչ թե դեպի ագահություն: Շրջի՛ր աչքերս, որ ունայնություն չտեսնեմ, ինձ պահպանի՛ր Քո ճանապարհին: Քո ծառայի համար հաստատի՛ր Քո խոսքը, որ Քո երկյուղի մեջ մնամ: Ազատի՛ր ինձ նախատինքներից, որոնցից կասկածում էի, քանզի քաղցր են դատաստանները Քո: Ահա՛, ցանկացա Քո պատվիրանները, քո արդարությամբ պահպանի՛ր ինձ»»,- անգիր ասելով սաղմոսի վերոնշյալ հատվածը՝ ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով հոգևորականների՝ իրեն ուղղված նզովքներին, Փաշինյանն ասաց. «Ես կարող եմ էլի սաղմոսներով արձագանքել նրանց, ովքեր կարծում են, թե նզովյալները կարող են Աստծո անունից նզովել որևէ մեկին, առավել ևս՝ ինձ, ոչ թե որպես ՀՀ վարչապետ, այլ որպես Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հետևորդ, որը (կներեք այս ինտիմ մանրամասները ձեզ հետ կիսելու համար) 30 տարի ամեն օր աղոթում է, պարբերաբար պահեցողության և ծոմապահության մեջ է: Եվ այն մարդիկ՝ կուսակրոն քահանաները, որոնք ասում են՝ ի՞նչ են գլուխ գովում, ո՞վ կարող է մի ամսից ավելի առանց կնոջ ապրել: Դուք գիտե՞ք՝ դա ինչ է նշանակում: Դա նշանակում է, որ այդ մարդիկ, բացի նրանից, որ իրենց կուսակրոնության ուխտը խախտում են, իրենք Մեծ պահք էլ չեն պահում: Հասկանո՞ւմ եք, ուզում եք ասել, որ այդ մարդիկ կարող են ինձ նզովե՞լ: Ես կարող եմ իրենց նզովել, բայց ես չեմ նզովում իրենց: Ես ընդամենն ասել եմ, որ առաջնորդելու եմ վեհարանն իրենցից ազատելու գործընթացը: Ոչ մի նզովքի կարիք չկա, որովհետև քրիստոնեությունը սիրո ուսմունք է, համերաշխության ուսմունք է:
Մարդիկ հարցնում են, ասում են՝ ասել եք՝ առաջնորդելու եք վեհարանն ազատելու գործընթացը, ինչպե՞ս եք ազատելու: Այնպես, ինչպես Հայաստանն ազատեցինք Սերժ Սարգսյանից»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ 2018 թվականի հեղափոխությունն էլ սիրո և համերաշխության հեղափոխություն էր:
«Այս մյուսն ունի միայն մի տարբերություն, որ եթե քաղաքական հեղափոխությանը մասնակցելու և առաջնային դիրքերում լինելու իրավունք ունեն բոլոր քաղաքացիները, այս դեպքում դրա իրավունքը կունենան, առնվազն բարոյական առումով ճիշտ է, որ դրա առաջին շարքերում լինեն մարդիկ, որոնք Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ են, որոնք իրենց ամբողջ սրտով հավատում են մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, որոնք հետևում են Հայ Առաքելական Եկեղեցուն, առնվազն որոշակի հետաքրքրություն և այդպիսի ապրելակերպ ունեն, հետևում են Հայ Առաքելական Եկեղեցու տոնացույցին և կարգերին:
Ահա, այդ մարդկանց համախմբելով և այդ մարդկանց շուրջ համախմբվելով՝ մենք մեր առաքելությունն իրականացնելու ենք»,- ասաց նա և ամփոփելով խոսքը՝ ասաց, որ այն, ինչ նախաձեռնում է, ոչ թե ընդդեմ Եկեղեցու է, այլ հանուն Եկեղեցու: