ԵԱՀԿ ՄԽ-ից ես երկու առաջարկ չեմ ստացել, ընդհանրապես ոչ մի առաջարկ չեմ ստացել։ Ես ստացել եմ ԵԱՀԿ ՄԽ-ի՝ Սերժ Սարգսյանին արած առաջարկների մնացորդները։
Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ հրավիրված ասուլիսում պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու չեն հրապարակվում 2019-ից հետո ԼՂ հարցի վերաբերյալ Հայաստանին ներկայացված առաջարկները։
«ԱԺ-ում ասել եմ՝ էն թուղթը, որ դուք համարում եք, որ ես որպես առաջարկ ստացել եմ, էդ թուղթը սկսում ա հետեւյալ նախադասությամբ՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահները․․․», եւ էդ թուղթը ուղղված ա ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահներին, ես երբեք ՀՀ նախագահ չեմ եղել։ Եվ էն թուղթը, որը հասցեագրված ա ՀՀ նախագահին, չէր կարող հասցեագրված լինել ինձ։ Էն թուղթը, որը հետո հայտնվել ա մեր սեղանին, Սերժ Սարգսյանի նախագահ եղած ժամանակ բանակցությունների արդյունքն է։ Ի՞նչն ա բարդ, ԵԱՀԿ ՄԽ-ն ինձ առաջարկ ունի եւ ինձ համարում ա ՀՀ նախագա՞հ, դա ուղղված ա ՀՀ նախագահին։ Ես չգիտեմ՝ ում ա դա հասցեագրված եղել, բայց ոչ ինձ՝ 100 տոկոսով»։
ՀՀ վարչապետի խոսքով՝ փաստաթղթերից առանձին չեն, փաթեթի մեջ են, իսկ բովանդակությունը ինքը բանավոր արդեն հրապարակել և հրապարակում է․
«Նախ 2 առաջարկ չի եղել, չի եղել նման բան, էն փաստաթուղթը, որը դուք հիշատակում եք, սկսվում է հետեւյալ նախադասությամբ․ «ՀՀ նախագահը եւ Ադրբեջանի նախագահը, ընդունելով տարածաշրջանում կայունություն հաստատելու եւ այլնի, եւ այլնի, քննարկում են, պայմանավորվում են էս, էս, էս, էս, էս, էս, էս, էս․․․»։ Հիմա մենք որ թուղթ ենք քննարկում, որտեղ գրված չի ՀՀ նախագահ կամ Ադրբեջանի նախագահ, այնտեղ ՀՀ վարչապետի մասին ա խոսքը։ Սա ձեր հարցի բովանդակությունն ամբողջությամբ բացահայտող դետալ է»։
Փաստաթղթերի տերը մենակ մենք չենք, նրբություններ կան, պետք ա հասկանալ՝ դրանց՝ որպես փաստաթուղթ, հրապարակումը, ՀՀ պետական շահերի, անվտանգության հետ կապված ռիսկ առաջացնում ա, թե չէ։ Դա շատ մանրակրկիտ աշխատանք ա, եւ էդ աշխատանքը կարվի, բայց նրբությունն էն ա, որ էդ փաստաթղթերի մեջ չի լինելու բան, որը դուք չգիտեք, որովհետեւ է երկու տարիների ընթացքում էնքան ենք բանավոր քննարկել․․․», – նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ավելի արդյունավետ ճանապարհ կա, նա հիշեցրեց, որ «փաստաթղթերին տիրապետող նախկին երեք նախագահներին» շարունակաբար հրավիրել է բանավեճի, որ գան, ներկայացնեն իրենց իմացած տեղեկատվությունը, հրապարակային, ուղիղ եթերում, ես էլ ներկայացնեմ։