Հարց է հնչել՝ արդյոք ՀՀ-ն ուզում է դառնալ ԵՄ անդամ, ես պատասխանել եմ՝ այո, խոսակցության շարունակությունը եղել է հետեւյալը, որ եւ ԵՄ գործընկերները, եւ մենք արձանագրել ենք, որ որեւէ երկրի՝ ԵՄ անդամ դառնալը պարզ պրոցես չի, նախ ԵՄ բոլոր անդամները պետք է դրա հետ համաձայնվեն, եւ նույնքան, ոչ պակաս կարեւոր է, երկիրը պետք է համապատասխանի ԵՄ չափանիշներին։
Այս մասին ասուլիսում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների, քննարկումների վերաբերյալ հարցին։
«Ինձնից մեկնաբանություն են ուզել, թե ես ոնց եմ պատկերացնում էս խնդրի լուծումը։ Ես ասել եմ, որ մենք, բոլոր դեպքերում, բարեփոխումների հավակնոտ ծրագիր եւ ռազմավարություն ունենք, որն էսպես թե էնպես իրականացնելու ենք։ Մենք հիմա Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին պայմանագրով եւ հիմա նաեւ առաջիկայում կլինի Հայաստան-ԵՄ համագործակցության նոր օրակարգը, մենք էս ամեն ինչի սահմաններում մեր երկրի բարեփոխումները շարունակելու ենք մինչեւ էն կետը եւ դրանից հետո էլ, որ Հայաստանը բոլոր առումներով համապատասխանի ԵՄ ստանդարտներին։ Հիմա էս կետում կա երկու տարբերակ․ կամ Հայաստանին ընդունում են ԵՄ անդամ, կամ չեն ընդունում։ Եթե ՀՀ-ին ընդունում են ԵՄ անդամ, շատ լավ, եթե չեն ընդունում ինչ-ինչ պատճառներով էլի Հայաստանը էդ կետի վրա լինում է եվրոպական ժամանակակից ստանդարտներին համապատասխանող երկիր։ Այսինքն՝ երկու դեպքում էլ մենք էս ռազմավարությունը չշարունակելու ոչ մի պատճառ չունենք»,- նշեց ՀՀ վարչապետը։
Անդրադառնալով վիզաների ազատականացման գործընթացին, ասաց, որ այն բավականին հաջող ընթանում է․ «Մեր գործընկերների ուշադրությունն ենք հրավիրել էն փաստի վրա, որ հիմա ԵՄ անդամ երկրների դեսպանատներում շատ մեծ հերթեր են, եւ դա մեծ պրոբլեմ է։ Դա կապված է ինչի հետ, որ հոսքը շատացել ա դեպի ԵՄ։ Մենք եվրոպացի գործընկերների հետ քննարկում էինք, որ 2019-ի համեմատ 2024-ին կամ 300 կամ 400 տոկոսով ուղեւորությունների աճ է տեղի ունեցել Հայաստանից ԵՄ»։