Օգոստոսի 1-ից ապրանքի գնի ներկայացման նոր կանոններ կգործեն. հանդիպում ՄՊՀ-ում տնտեսվարողների հետ

Արդար առևտրի ապահովմանն ուղղված օրենսդրական կարգավորումներով ապրանքի գնի ներկայացման նոր կանոնները տնտեսվարողներին ներկայացնելու նպատակով նախօրեին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում հանդիպում էր կազմակերպվել։ Այս մասին հայտնում են ՄՊՀ-ից:
Հանդիպումը վարում էր ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը, հանդիպմանը մասնակցում էին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը, հանձնաժողովի և նախարարության պատասխանատուներ, շահագրգիռ տնտեսավարողներ։
Ողջունելով ներկաներին՝ Տիգրան Մարկոսյանն ընդգծել է, որ միջոցառումը կանխարգելիչ բնույթ ունի և նպատակ ունի ապահովել օգոստոսից 1-ից մեկնարկելիք փոփոխությունների պատշաճ կիրարկումը։
Սպառողների շահերի պաշտպանության բարեփոխումների շրջանակում իրականացված օրենսդրական փոփոխությունները մշակվել են էկոնոմիկայի նախարարության հետ սերտ համագործակցությամբ և հանդիսանում են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով /CEPA/ ստանձնած պարտավորություն։
«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում նախատեսված նոր կարգավորումներով օգոստոսի 1-ից ապրանքը վաճառքի ցուցադրելիս պետք է պարտադիր ներկայացնել յուրաքանչյուր ապրանքի անվանումը, վաճառքի գինը և միավոր գինը։
Օրինակ՝ 450 գրամանոց տուփով թթվասերի համար պետք է նշել ոչ միայն դրա վաճառքի գինը, այլև 1 կգ թթվասերի գինը, որպեսզի սպառողները հնարավորություն ունենան միավոր գնի համեմատության արդյունքում արդյունավետ ընտրություն կատարել։
Օրենքի պահանջները խախտելու պարագայում տնտեսավարողները նախ կնախազգուշացվեն, այնուհետև նրանց նկատմամբ տուգանք կկիրառվի։
Մինչև 115 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարողների համար նոր կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հունվարի 1-ից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով