1lurer.am Ես դժվարանում եմ աղոթել մի մարդու հետ, ով Աստծուն չի հավատում: Այդ մասին ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով կաթողիկոսի հետ աղոթելու լրագրողի առաջարկին:
«Ես Կտրիճ Ներսիսյանի հետ շփման որոշակի փորձ ունեմ, այդ թվում՝ որպես վարչապետ: Իմ տպավորություններն եմ պարզապես կիսում: Այդ երկար շփումների ընթացքում ոչ մի հոգևոր թեմա չի առաջարկվել նրա կողմից: Ասենք՝ ցեմենտ, բետոն, «ԳԱԶել», փող, առնել- ծախել, արտահանել, ներմուծել: Ինչ է նշանակում աղոթես մարդու հետ, որը Աստծուն չի հավատում, ընդհանրապես կապ չունի, ո՛չ հոգևոր կյանք ունի, ո՛չ հոգևոր արժեք ունի և այլն և այդպես շարունակ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նա անդրադարձավ նաև գործարար Սամվել Կարապետյանի կալանավորմանը՝ նշելով. «Ինչ վերաբերում է «բարերարին». բարերարը եթե բարերար է, թող իր ընկերությունն այնպես անի՝ գյուղերում մարդկանց կոպեկ-կոպեկ առած սառնարաններն ու լվացքի մեքենաները չվառվեն:
Այս պատմությունն ինչից է սկսվել ընդհանրապես. գնում ենք գյուղեր, որ իրենց պատմության ընթացքում բարեկարգված փողոց չեն ունեցել, դպրոց չեն ունեցել, որ գյուղ մտնում ես, փոխանակ մարդիկ գան ուրախության, գալիս են ասում, սառնարանս վառվեց, լույսը չկա, հաստոցս վառվեց, բա ո՞վ է դրա պատասխանը տալու: Բարերարը թող իր պարտավորությունները կատարի իր կազմակերպության սպառողների համար, ոչ թե դուրս գա ասի՝ թքած ունեմ, բա մենք ինչքան թքած ունենք, ոչ թե ՀԷՑ-ի վրա, այլ նրանց վրա, ովքեր թքած ունեն ՀԷՑ-ի վրա: ՀԷՑ-ը մեր ռազմավարական ենթակառուցվածքն է, ո՞նց թքած ունեք: ՀԷՑ-ի սպառողները մեր ժողովուրդն է, ո՞նց թքած ունեք: Ասում եք՝ սե՞նց եք պատկերացնում պետությունը, որ կարող է պետության վրա թքած ունեցած ցանկացած մեկի բերի «հավսար, զգաստ» վիճակի: Պողպատի մանդատն այնտեղ է, որտեղ պետք է իր սպառողների իրավունքները պաշտպանի, իր երկրի շահը: Բա սա խոպա՞ն է. բարերա՜ր. կպարզենք բարերարը սպառողներին քանի միլիարդի վնաս է տվել, կպարզենք:
Հարյուր անգամ ասեցինք՝ այդ փոխկապակցված ընկերությունների գնումները դադարեցրեք. մի հատ էլ գալիս են ասում՝ գործարան ենք բացել. ամբողջը ֆինանսական սխեմա է՝ ՀԷՑ-ի փողերը պտտելու: Ով ասես տենց բարերար կլինի: Էլ չեմ ասում, որ Աստվածաշունչն ասում է՝ բարերար ես, բարերարությունդ գաղտնի պահի, ոչ թե հանի թմբկահարի, փողահարի: Որ ասում եք՝ միակ մարդն եմ, որ պետք է հրաժարական տա, ես հրաժարական տվել եմ, ընդ որում՝ երկու անգամ: Հայաստանում ժողովրդավարություն է, ժողովուրդը ցանկացած պահի կարող է որոշել՝ ով է իշխանություն, և ով իշխանություն չի: Ժողովուրդը որոշել է, որ ես Հայաստանի վարչապետն եմ, և ես Հայաստանի վարչապետն եմ»,- նշեց Փաշինյանը: