1lurer.am Կա մի այսպիսի խնդիր, որը պետք է հաշվի առնենք. կա խոր անվստահություն, և մենք դա փոխադարձաբար ընդունում ենք: Հայաստանի և Ադրբեջանի միջև կա խոր անվստահություն բոլորիս հայտնի պատճառներով: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե 2025 թվականի մարտից սեղանին է դրված խաղաղության պայմանագրի համաձայնեցված փաստաթուղթը, ի՞նչն է խոչընդոտում, որ այն ստորագրվի:
Ըստ Փաշինյանի՝ հետևողական լինելու դեպքում հնարավոր է այդ փոխադարձ անվստահությունը հաղթահարել. «Աբու Դաբին ինչո՞վ է կարևոր, որ եթե հնարավոր է այդ անվստահությունը հաղթահարել (իսկ ես կարծում եմ, որ հետևողական լինելու դեպքում դա հնարավոր է), ապա դա հնարավոր է այդ կարգի շփումներով:
Այո՛, այդ շփումները կարող են կոնկրետ արդյունքներ չբերել, նկատի ունեմ՝ առարկայական, բայց զուտ այդ շփումը, այդ խոսակցությունը շատ շերտեր է բացում, դիմացինի ասածն ավելի հասկանալի է դարձնում և հնարավորություն է տալիս, որ քո ասածն ավելի լավ պարզաբանվի դիմացինի համար: Եվ երբ պարզաբանվում է, պարզվում է, որ այդտեղ շերտեր կան, որ կարող են հնարավորություն տալ, որ դիրքորոշումները կա՛մ ճկուն լինեն, կա՛մ փոխվեն, կա՛մ պարզաբանվեն, կա՛մ դուրս գան, կա՛մ ճիշտ դասավորությամբ դասավորելու դեպքում ստացվեն առաջընթաց և արդյունք: Խոսակցությունը դրա մասին է:
Իսկ պահանջների մասով, ոչ մի կոնֆիդենցիալ բան չկա, ամեն ինչ հրապարակային ասվում է»,- ասաց նա: