ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան դեսպան Լի Սինվեյին։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությունը նոր թափ կստանա։
«Մենք ունենք բոլոր անհրաժեշտ նախադրյալները՝ տնտեսական կապերի հետագա ընդլայնման և խորացման համար։ Հայաստանը բաց է չինական ներդրումների համար»,– նշել է նախարարը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարային ուղղությունները, այդ թվում՝ B2B ձևաչափով հանդիպումների կազմակերպումը, ավտոմեքենաների, էլեկտրամոբիլների, էլեկտրաշարժիչների և լիցքավորման ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները, գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության ընդլայնումը։
Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ ներդրումային քաղաքականության առանցքային ուղենիշները՝ ընդգծելով օտարերկրյա ներդրողների համար ստեղծված բարենպաստ պայմանները։
Քննարկման առանցքային թեմաներից էր նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը նախարարի գնահատմամբ կարող է դառնալ տարածաշրջանային և լայնածավալ տնտեսական համագործակցության կարևոր հարթակ։
Դեսպան Լի Սինվեյը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ Հայաստանը ունի մեծ ներուժ չինական շուկայում ներկայացվածությունը մեծացնելու համար։ Նա նաև ընդգծել է, որ չինացի սպառողների շրջանում մեծ սեր և հետաքրքրություն կա հայկական ապրանքանիշերի՝ մասնավորապես կոնյակի (հայկական բրենդիի), գինու և ծխախոտի նկատմամբ։