Չինաստանից Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է վեց անգամ

Գործընկերային բովանդակություն

Նախորդ տարիներին Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները նկատելիորեն ակտիվացել են։ Ընդ որում, խոսքը չի վերաբերում միայն առևտրին։ Չինաստանը Հայաստանում ներգրավված է մի շարք խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում։ Հայաստանում սկսել են ավելի շատ սովորել չինարեն, չինացիները սկսել են ավելի շատ այցելել Հայաստան և այսպես շարունակ։ 

Հատկապես տպավորիչ աճ է նկատվում Չինաստանից Հայաստան զբոսաշրջային այցելություններում։ Օրինակ 2019 թվականին՝ մինչև COVID-19 համավարակի բռնկումը, Հայաստան այցելած չինացի զբոսաշրջիկների թիվը կազմում էր շուրջ 14 հազար, իսկ 2024 թվականին արդեն 32,826: Համավարակի պատճառով 2020 և 2021 թվականերինն զբոսաշրջային հոսքերը կտրուկ կրճատվեցին, բայց նախորդ երեք տարիներին արագ տեմպերով կրկին աճում են։ Վերջին երեք տարիներին Չինաստանից Հայաստան այցելած զբոսաշրջիկները թիվը աճել է 6 անգամ կամ 27,361-ով։

Ընդ որում, ոչ միայն աճում է Չինաստանից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը, այլև աստիճանաբար ավելանում է նրանց մասնաբաժինը Հայաստան այցելած զբոսաշրջիկների մեջ։ 2024 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների 1.5%-ը Չինաստանից էին, 2022-ին՝ 0.3% էր:

Չինաստանից զբոսաշրջային այցելությունների այս տպավորիչ աճի շնորհիվ նախորդ երկու տարիներին Չինաստանը հայտնվել է Հայաստան ժամանած զբոսաշրջիկների առաջատար տասնյակում։ Այսպես, եթե 2022 թվականին մեր երկիր ժամանած զբոսաշրջիկների թվով Չինաստանը 21-րդ տեղում էր, ապա 2023 թվականին արդեն եզրափակում էր տասնյակը, իսկ 2024 թվականին՝ 7-րդ էր։ 

Ինչո՞վ է պայմանավորված Չինաստանի քաղաքացիների կողմից աճող հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։ Վերջին տաս տարիներին երկու երկրների կողմից վարվում էր ակտիվ քաղաքականություն հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։ 

Դեռևս 2015 թվականին Պեկինում ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև ստորագրվեց զբոսաշրջային համագործակցության համաձայնագիր, որով կողմերը հանձն առան հզորացնել համագործակցությունը զբոսաշրջության բնագավառում և այդ նպատակով քայլեր ձեռնարկել երկու երկրների համապատասխան պետական և մասնավոր հատվածների շահագրգիռ կողմերի միջև համագործակցության ապահովման ու տարբեր զբոսաշրջային ծրագրերի շրջանակներում համատեղ զբոսաշրջային արտադրանքի ձևավորման և տարբեր զբոսաշրջային նախագծերի շրջանակներում երրորդ երկրներում դրանց խթանման ուղղությամբ: 2019 թվականին երկու երկրները կատարեցին այս ուղղությամբ թերևս ամենակարևոր քայլը, այն է՝ փոխադարձաբար վերացրեցին վիզայի պահանջը։ Համաձայն «ազատ վիզայի ռեժիմի»՝ թե՛ Հայաստանի, թե՛ Չինաստանի քաղաքացիներն ազատված են մուտքի արտոնագրի պահանջից՝ մինչև 90 օր ժամկետով մուտքի դեպքում։ Թերևս, վերջին կարևոր զարգացումը երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը դյուրինացնելու ուղղությամբ՝ 2024 թվականին Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցության հաստատումն էր։ 2024 թվականի սեպտեմբերի 3-ից «Չինական հարավային ավիաուղիներ» ընկերությունը (China Southern Airlines) Հայաստանի և Չինաստանի միջև գործարկեց ուղիղ չվերթներ։ Չվերթները իրականցվում են շաբաթական երկու անգամ, իսկ թռիչքը մի ուղղությամբ տևում է 4-5 ժամ։ 

Այս զարգացումները անխոս զգալիորեն նվազեցրել են երկու երկրների միջև ճամփորդելու համար խոչընդոտները ու ծախսերը, բայց Հայաստանի՝ որպես զբոսաշրջային ուղղության ճանաչելիության բարձրացմանը մեծապես նպաստել են Հայաստանին նվիրված կրթամշակութային նախաձեռնությունների աճը Չինաստանում։ Վերջին տարիներին Չինաստանում կայացել են այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են հայկական արվեստի և գինու փառատոնը, Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցանմուշներով Հայաստանին նվիրված ցուցահանդեսներ են կազմակերպվել Չինաստանի չորս տարբեր քաղաքներում (Ֆուցզիան, Նինբո, Սիան, Գուանչժոու), Չինաստանում անցկացվել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրախաղերը, կազմակերպվել են Հայաստանի մշակութային օրեր։ Ընդ որում, 2024 թ-ի սեպտեմբերի 28-ին Չինաստանում մեկնարկած «Հայաստանի մշակույթի օրեր» ծրագրի շրջանակներում շուրջ մեկ տարի Չինաստանի տարբեր քաղաքներում անցկացվելու են Հայաստանին վերաբերող տարբեր միջոցառումներ, իսկ Չինական կողմը նախատեսում է նկարահանել ճանաչողական ֆիլմ՝ պատմելով Չինական Մեծ Պատի միջավայրում ներկայացված հայկական մշակույթի ու արվեստի, երաժիշտների, արվեստագետների, վարպետների, հայկական խոհանոցի, զբոսաշրջային ընկերությունների և հայ արտադրողների մասին։ 

Այսպիսով, վերջին տարիներին կատարված աշխատանքի շնորհիվ Հայաստանը սկսել է «երևալ» արտագնա չինացի զբոսաշրջիկների քարտեզում, իսկ Չինաստանը ներառվել է Հայաստանի ներգնա զբոսաշրջության առաջատար տասնյակում, ինչը ևս վկայում Չինաստանի՝ Հայաստանի նկատմամբ աճող հետաքրքրության մասին։

Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոն

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով