«Մենք դեմ չենք տարածաշրջանում ապաշրջափակմանը, բայց ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շրջանակում, և տարածաշրջանի երկրները պետք է օգտվեն դրանից»,- հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հինգշաբթի երեկոյան Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում։
Խոսելով հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու Հայաստանի ջանքերի մասին, Սոբհանին ասաց, որ Իրանը ողջունում է Հայաստանի արտաքին հարաբերությունների նորմալացումը այլ երկրների, այդ թվում Թուրքիայի և Ադրբեջանի հետ. «Դուք հարևաններ եք, և բնական է, որ հարևանները պետք է միշտ խաղաղ և անվտանգ պայմաններում ու խաղաղ գոյակցությամբ ապրեն կողք կողքի»։
Հաղորդավարի հարցին, թե ինչպես է Իրանը վերաբերվում Հայաստանի անվտանգության և հարաբերությունների դիվերսիֆիկացիային, մասնավորապես՝ Հնդկաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ, Սոբհանին պատասխանեց. «Մենք արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան համարում ենք Հայաստանի բնական իրավունքը։ […] Մենք դա Իրանի դեմ չենք գնահատում»։
«Այն, ինչ մենք մտածում ենք, հետևյալն է՝ որ Հայաստանի արտաքին հարաբերությունների զարգացումը օգնի նաև Իրանի հետ հարաբերություններին»,- ասաց դեսպանը՝ շեշտելով, որ վերջերս Հայաստանի վարչապետի մասնակցությամբ մի միջոցառման էր ներկա՝ Մեղրիի մաքսատան մոտ աղբի վերամշակման գործարանի բացման, որը կառուցել է իրանական ընկերություն Համաշխարհային բանկի և Եվրամիության աջակցությամբ։
«Այժմ հենց Մեղրիի մաքսատանը մի նախագիծ ենք իրականացնում, որի ֆինանսավորումը կատարվել է եվրոպական բանկերի միջոցով։ Մենք Հայաստանից ակնկալում ենք, որ Եվրոպայի և այլ երկրների հետ իր լավ հարաբերությունները օգտագործի Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու գործում։ Եվ պետք է ընդգծեմ, որ Հայաստանի կառավարությունը մեզ վստահեցրել է, որ արտաքին հարաբերությունների զարգացումը Իրան-Հայաստան հարաբերությունների դեմ չէ և դրանք թուլացնելու համար չէ։ Մենք վստահում ենք մեր հայ բարեկամներին, և Հայաստանի կառավարությունը շատ նուրբ ձևով պահպանում և պաշտպանում է Իրանի հետ իր հարաբերությունները, որովհետև այն, ինչ կատարվում է, երկու ժողովուրդների շահերից է բխում»։