1lurer.am Նյու Յորքում ՄԱԿ-ի հովանու ներքո Կիպրոսի խնդրի վերաբերյալ ոչ պաշտոնական հանդիպումն ավարտվել է, ինչպես և սպասվում էր, առանց առաջընթացի, գրում է Euronews-ը։ Հավաքին մասնակցել են կղզու հունական և թուրքական համայնքների առաջնորդներն ու Կիպրոսի անվտանգության երաշխավոր երեք տերության՝ Մեծ Բրիտանիայի, Հունաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները։ Միացյալ Նահանգներում կայացած հանդիպման մասնակիցների խնդիրն է եղել Ժնևում սկսված երկխոսությունը շարունակելու և փոխադարձ վստահությունն ամրապնդելու իրենց հանձնառությունը վերահաստատելը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքով՝ այս ոլորտում վեց նախաձեռնությունից չորսն արդեն իրականացվել են։ Դրանց թվում են՝ երիտասարդության հարցերով տեխնիկական կոմիտեի ստեղծումը, էկոլոգիայի և կլիմայի փոփոխության ոլորտներում նախաձեռնությունները, գերեզմանատների վերականգնումը և հանքերի փակման հարցի համաձայնեցումը։ Մնացած երկու կետերի՝ չորս անցակետերի բացման և բուֆերային գոտում արևային էներգիայի օգտագործման վերաբերյալ քննարկումները կշարունակվեն։
Կիպրոսը երկու մասի է բաժանվել 1974 թվականին, երբ Թուրքիան բռնազավթել է կղզու տարածքի 40%-ը։ Համայնքները փորձում են հասնել հաշտեցման, սակայն 2017 թվականին պաշտոնական բանակցությունների ձախողումից հետո կարգավորման գործընթացը դանդաղ է ընթանում։