Իրանը հուլիսի 25-ին Ստամբուլում հանդիպելու է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկրի միջուկային ծրագիրը։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հուլիսի 20-ի ուշ երեկոյան հայտարարել է, որ բանակցությունները կանցկացվեն փոխարտգործնախարարների մակարդակով։
«Եվրոպական երկրների խնդրանքին ի պատասխան՝ Իրանը համաձայնել է անցկացնել բանակցությունների նոր փուլ», – պետական հեռուստատեսությանը ասել է Բաղային։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել է, որ հանդիպում է ծրագրվում, սակայն ասել է, որ ժամանակը և վայրը դեռ պետք է որոշվեն։
Երեք երկրները զգուշացրել են, որ եթե Իրանի հետ միջուկային համաձայնագիր չկնքվի մինչև օգոստոսի վերջ, կվերականգնեն Իրանի դեմ ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցները։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հուլիսի 18-ին կոչ է արել եվրոպական երկրներին դադարեցնել Թեհրանի դեմ սպառնալիքները, այդ թվում՝ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման մասին նախազգուշացումները։
Իրանի դեմ զենքի վաճառքի, բանկային գործունեության և միջուկային տեխնոլոգիաների վերաբերյալ ՄԱԿ-ի երկարամյա սահմանափակումները ՄԱԿ-ը չեղարկել էր 2015 թվականին կնքված միջուկային գործարքի շրջանակում։
Եվրոպական կառավարություններն այժմ սպառնում են վերականգնել ցավոտ սահմանափակումները, այդ թվում՝ պահանջելով Թեհրանից վերսկսել ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը։ Գերատեսչության հետ կապերն Իրանի իշխանությունները խզել են անցած ամիս՝ Իրանի դեմ Իսրայելի հարձակումներից հետո։