Գործարար Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ։
Պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել իր հասցեին վիրավորական արտահայտությունների համար եւ հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները՝ վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանի կողմից սահմանված եղանակով և ծավալով civic.am լրատվական կայքում հրապարակել վճռի եզրափակիչ մասը։
Դատական տեղեկատվական համակարգից «Ինֆոքոմը» տեղեկանում է, որ Կարապետյանը հայցադիմումով պահանջել է նաեւ հօգուտ իրեն ՔՊ-ից բռնագանձել 9.000.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցում, ինչպես նաեւ դատական ծախսի գումարը՝ կազմված պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարներից։
Հայցադիմումը մակագրվել է Երեւանի քաղաքացիական դատարանի դատավոր Դավիթ Օհանյանին։ Այն վարույթ ընդունել-չընդունելու վերաբերյալ տեղեկություն դեռեւս առկա չէ։
««Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը (civic.am լրատվական կայք) պարտավորեցնել զրպարտությունը տարածած նույն եղանակով հրապարակայնորեն հերքել Հայցադիմումի 4.1. կետում արտահայտած և զրպարտություն համարվող փաստացի տվյալները` պարտավորեցնելով պատասխանող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում civic.am լրատվական կայքում «Հերքում՝ Սամվել Կարապետյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ» վերնագրով հանրամատչելի և բոլորին տեսանելի հրապարակում կատարել, պահպանելով այն առնվազն 1 ամիս։ Նույն եղանակով հերքման տեքստը հրապարակելու անհնարինության դեպքում՝ պարտավորեցնել Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանդես գալ հերքմամբ առնվազն 5000 (հինգ հազար) տպաքանակ և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով հերքման նույն տեքստը, որը պահանջվում է տեղադրել www.civic.am կայքում»,- ասված է հայցադիմումում։