Տարածքային պահանջները պետք է բացառվեն ՀՀ Սահմանադրությունից, իսկ Մինսկի խումբը պետք է լուծարվի․ Բայրամով |factor.am

factor.am

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Հայաստանի հետ կայուն խաղաղության իրական հնարավորությունների առկայության մասին։ Թբիլիսիում վրաց գործընկեր Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում նա ասել է, որ հայ-ադրբեջանական կարգավորման հարցը լայնորեն քննարկվել է Բոճորիշվիլիի հետ այսօրվա բանակցությունների ժամանակ։

«Ես մանրամասն տեղեկացրի իմ գործընկերոջը Հայաստանի և Ադրբեջանի միջև հետհակամարտային շրջանում, ինչպես նաև ներկա փուլում տեղի ունեցող գործընթացների մասին։ Այս համատեքստում ես հայտնել եմ հուլիսի 10-ին Աբու Դաբիում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև կայացած բանակցությունների և առկա դրական դինամիկայի մասին: Մենք կարծում ենք, որ խաղաղության ճանապարհին կան լավ հեռանկարներ: Մենք իրատեսական ենք համարում այդ ճանապարհն ավարտելը։ Կան կոնկրետ քայլեր այս գործընթացն ավարտելու համար, բայց հայկական կողմը դրանք դեռևս չի ձեռնարկել։ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համար անհրաժեշտ է Հայաստանում անցկացնել հանրաքվե, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները բացառել նրա Սահմանադրությունից և վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Բայրամովը նաև հայտնել է, որ մանրամասն քննարկել են Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացը ու կարևորել ադրբեջանական և հայկական հասարակությունների միջև վստահության ամրապնդման միջոցառումների անցկացումը։

«Ընդհանուր առմամբ, խոսելով հետհակամարտային կարգավորման մասին, բոլորս հասկանում ենք, որ սա գործընթաց է։ Սա մի ճանապարհ է, որը չի կարող ավարտվել մեկ օրում կամ կարճ ժամանակահատվածում։ Հասարակությունների միջև վստահության ամրապնդման միջոցառումների պլանավորումն ու իրականացումը, հանդիպումների անցկացումը չափազանց կարևոր են»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Նա, միաժամանակ, շնորհակալություն է հայտնել Վրաստանի ԱԳ նախարարին և վրացական կողմին, որ Թբիլիսիի նախաձեռնությամբ այս տարվա ապրիլի 17-ին տեղի է ունեցել շատ օգտակար հանդիպում Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի փոխարտգործնախարարների մակարդակով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով