Արգիշտի արքայի արշավանքը, սրբազան տաճարն ու գետնափոր կարասը․ ինչ են պատմում Ջրաձորի հնավայրի գտածոները

Այդ պահին գաղափար անգամ չունեինք, որ մեր ոտքերի տակ մ.թ.ա 8-րդ դար թվագրվող ամրոցի երբեմնի մուտքն է։ Մուտքն այժմ չկա․ դրա տեղում քարեր են ու դաշտային ծաղիկներ։

Ջրաձորի հնավայրում պեղումներ իրականացնող հնագետների խմբին հասնելու համար պետք է բարձրանալ Ախուրյան և Հողմիկ գետերի միախառնման հատվածում ընկած բլրի գագաթը։ Ճի՞շտ ուղղությամբ ենք գնում, թե՞ չէ՝ դեռ չգիտենք. ձայներ չեն լսվում, մարդիկ չեն նշմարվում…

Չհասած բլրի գագաթին մի աղջկա ենք հանդիպում։ Վերջապե՜ս։

– Կներեք, այստեղ ե՞ն պեղումները, ճի՞շտ ենք եկել։

– Հա՛։ Մի քիչ բարձրացեք ու կտեսնեք։

Եվս մի քանի քայլ, ու մեր առջև բացվում է Ջրաձորի հնավայրը։ Ինձ ու ընկերուհուս դիմավորում է հնագետ Բեն Վարդանյանը (լուսանկարում), որը ղեկավարում է Ջրաձորի պեղումները։

Բենը դեռ ուսանող էր, երբ 2016-ին հայտնաբերվեց այս հնավայրը։ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնն այստեղ մի քանի փուլով պեղումներ իրականացրեց։

Իսկ 2023-ին, երբ Բենն արդեն Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող էր, իր արշավախմբի հետ այստեղ պեղումների նոր փուլ սկսեց։

Բարձրանում ենք բլրի գագաթը։

– Գիտե՞ս, որ հիմա սրբազան տեղում ես կանգնած,- նայելով ընկերուհուս՝ Աննային, ասում է Բենը։

Իսկ Աննան կանգնած է բլրի ամենաբարձր քարին՝ մեր թվարկությունից հարյուրավոր տարիներ առաջ գոյություն ունեցած տաճարի ամենաբարձր կետին։ Դրա կողքին շանթարգելի խարիսխ է, որ կանգնեցվել է խորհրդային տարիներին, երբ հնավայրը դեռ չէր հայտնաբերվել։ Հնագետներն այն չեն հեռացրել, որ հնավայրի ժամանակագրական բոլոր շերտերը երևան՝ մ․թ․ա․ 8-րդ դարից մինչև խորհրդային տարիներ։

Ջրաձորի տաճարը

Բեն Վարդանյանը պատմում է, որ Ջրաձորի բլուրը բնակեցված է եղել՝ սկսած դեռևս մ․թ․ա․ 3-րդ հազարամյակից։ Բլրի լանջերին ուշ բրոնզի դարում՝ մ․թ․ա․ 15-13-րդ դարերում, բնակատեղի է եղել, ամրոցն էլ թվագրվում է երկաթի դար՝ մ․թ․ա․ 12-9-րդ դարեր։ 

Իսկ ի՞նչ ամրոց է սա։ Բենը հիշատակում է ուրարտական ժամանակներից գտնված մի արձանագրության մասին, համաձայն որի՝ ուրարտական Արգիշտի արքան իր արշավանքներից մեկի ժամանակ գրավում է Իրդանիունի ամրոցը։ Հնագետները, հենվելով Ջրաձորի ամրոցի տեղադիրքի ու գտածոների վրա, շատ հավանական են համարում, որ այս հնավայրը հենց արձանագրության մեջ հիշատակվող Իրդանիունին է։

Ջրաձորի հնավայը

Հնագետների վարկածն այն է, որ մ․թ․ա․ 8-րդ դարում Արգիշտին գրավել է ամրոցը և տեղի բնակչությանն ամենայն հավանականությամբ տեղափոխել Արարատյան դաշտ։ Ամրոցը հետագայում շարունակել է իր ռազմավարական դերը պահպանել։ Այն հավանաբար ուշ ուրարտական փուլում բնակեցվել է, և ամրոցի ամենավերին հատվածում՝ հենց մեր ոտքերի տակ, տաճար է կառուցվել։

Մինչ շրջում ենք հնավայրի արդեն պեղված հատվածում ու լսում դրա պատմությունը, մոտենում է ուսանողներից մեկը՝ Համլետ Սողոմոնյանը, որն այլ ուսանողների հետ եկել է մասնակցելու Ջրաձորի հնագիտական ամառային դպրոցին։ Բեն Վարդանյանն ու գոծընկերներն արդեն երրորդ տարին են Ջրաձորում ամառային դպրոց կազմակերպում Հայաստանի ու Ջավախքի ուսանողների համար՝ նրանց շարքերում փնտրելով իրենց ապագա հնագետ գործըներներին։

Համլետի ձեռքին փոքր կլոր իր է՝ մեջտեղից երկու կես եղած։ Բենը ձեռքն է վերցնում գտածոն, իրար միացնում կոտրված մասերը, զննում։

Համլետի գտածոն

– Ոսկորից ուլունք է, միջնադարյան շրջանի։

Կոտրված ուլունքը միանում է մյուս գտածոներին։ Իսկ մենք շարունակում ենք լսել Բենին։

Մ․թ․ա․ 7-րդ դարի վերջում Ուրարտական թագավորությունը թուլանում է, իսկ 6-րդ դարի կեսերից իշխանության են գալիս Երվանդունիները։ Հենց ուշ ուրարտական ու վաղ երվանդական շրջանում է, որ այժմ Ջրաձորի հնավայր դարձած Իրդանիունի ամրոցում կյանքը սկսում է նորից եռալ։

Հավանաբար մ.թ.ա. 7-6-րդ դարերում վերակառուցվում է ամրոցը, նոր վարչական շենք է կառուցվում։ Բենը կարևորում է այն փաստը, որ վաղ երվանդական շրջանն ազդվել է ուրարտական ճարտարապետությունից։ Սա, հնագետի խոսքով, ուրարտական ու երվանդական շրջանների կապի մասին վկայող էական հանգամանք է։ Ահա թե ինչու է նա կարևորում Ջրաձորի պեղումները։

– Տեսնո՞ւմ եք ծառերը։

Հողմիկի հնավայրը

Բլրի գագաթին կանգնած՝ Բենը ցույց է տալիս դիմացի հովտի ծառերը։ Այնտեղ Հողմիկի հնավայրն է։ Հնագետները կարծում են, որ Իրդանիունի ամրոցը շարունակել է բնակեցված մնալ մինչև մ․թ․ա․ 5-4-րդ դարեր, ապա տեղի բնակիչները, լքելով ամրոցը, տեղակայվել են Հողմիկում։

Բենի խոսքով ամրոցներից հովիտ իջնելը տարածված էր Երվանդունիների օրոք՝ հաշվի առնելով, որ այդ ժամանակ անվտանգային խնդիրներ չկային, ու մարդիկ կարող էին ամրոցներից դուրս ապրել։

Բլրի ամենաբարձր կետից իջնում ենք տաճարի դիմացի հատվածը։ Այստեղ մի պատ է երևում, որ տեղ-տեղ դեռ հողի շերտով է ծածկված։ Հնագետներն ու ուսանողները փորում են պատի դիմացի հատվածը։ Նրանց գործիքների աղմուկի ներքո շարունակում ենք քայլել երբեմնի ամրոցի տարածքով։

Հնագետներն ակնալում են այստեղ տնտեսական նշանակության սենյակներ գտնել

Կյանքը Ջրաձորում վերսկսվում է միջնադարում՝ մոտ 11-րդ դարում։ Այդ ժամանակ տաճարի փլատակները վերակառուցվում են, ավելանում են բարավոր և խաչապատկերներ։

Ջրաձորի հնավայրն, այսպիսով, ժամանակագրական մի քանի շերտ ունի՝ բրոնզեդարյան, ուրարտական, երվանդական և միջնադարյան։ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի արշավախումբն արդեն ամբողջությամբ պեղել է բլրի ամենավերին հատվածը, որտեղ ուրարտական, ապա երվանդական շրջանում  տաճար է եղել։ Այնուհետև սկսել է մաքրել տաճարի դիմացի պատերն ու նկատել սենյակների ուրվագծեր։ Հնագետները ենթադրում են, որ շարունակելով փորել՝ տնտեսական նշանակության սենյակներ են հայտնաբերելու։

Միջնադարյան շրջանում ամրոցի շուրջը պարիսպ է կառուցվում փլված տաճարի քարերով։ Հնագետները միջնադարյան շրջանում կառուցված պարսպից նաև երկաթեդարյան, ըստ երևույթին, կուռքի գլխի հատված են գտել, որը կոտրվել ու որպես պարսպի շինաքար է օգագործվել։

Առաջին նկարում՝ խաչակիր պատկերով քարն ու կուռքի գլուխը, երկրորդ նկարում՝ աշտարակը

Պեղումների ժամանակ գտնված կուռքի գլուխն ու խաչակիր պատկերով քարը հիմա դրված են կողք կողքի։ Իսկ դրանցից ձախ փոքր ինչ փոս ընկած հատված է․ սա միջնադարյան շրջանում կառուցված պարսպի աշտարակն է։

Իմ ու Աննայի՝ Ջրաձոր գալու նպատակը, պարզ է,  պեղումներին մասնակցելն է՝ հին մետաղադրամ գտնելու մե՜ծ հույսով։ Երբ արդեն գիտենք հնավայրի պատմությունը, հնագետները մեզ նաև իրենց գործիքներից են վստահում։ Հագնում ենք ձեռնոցները, վերցնում մալաներ (փոքր, փորող գործիքներ), կարճ թիակներ, խոզանակներ, դույլեր ու անցնում գործի։

Մեզ հանձնարարվում է զգուշորեն մաքրել տաճարի դիմացի պատի հողը՝ հեռացնելով միայն փոքր քարերն ու անշարժ թողնելով մեծերը։ Այսպես մաքրելով պետք է իջնել մինչև վերջ, մինչև պատը ողջ բարձրությամբ կերևա (աշխատանք, որի ավարտը չի երևում)։

Առաջին նկարում՝ պեղումների գործիքները, երկրորդում՝ հողից մասամբ մաքրված պատը

Արևի տակ, վայրի մեղուների ընկերակցությամբ քարերը հողից մաքրելն ու կուտակված հողը դույլի մեջ լցնելն, իհարկե, այնքան էլ գրավիչ չի հնչում։ Բայց հենց հիշում ես, որ այս պատերի ներսում դարեր առաջ ապրել են ուրարտական ու երվանդական արքաներ կամ գոնե այդ արքաների ժամանակակիցներ, հնագիտությունը գրավիչ է թվում անգամ արևի տակ, փոշու մեջ ու վայրի մեղուների ընկերակցությամբ․․․

Պեղումները մի պահ դադարում են․ հնագետ Իվան Սեմյանը, որը հնագույն ժամանակների ռազմական գործի գիտակ է, մեզ համար հետաքրքիր դասախոսություն է պատրաստել։ Իվանն իր ձեռքով քարե դարից մինչև միջնադարյան շրջանի զենքեր է սարքել ու այժմ ցուցադրում է դրանք՝ հորդորելով մեզ միայն զննել ու մտքներովս անգամ չանցկացնել փորձարկել։

Մարտական կացին, նիզակ, նետ ու աղեղ, սաղավարտ, արքայական դաշույն․․․ Մինչ Իվանը պատմում է այս զենքերի գործածության ձևերի ու նշանակության մասին՝ ռազմականից մինչև ռիտուալային, մենք դրանք ձեռքից ձեռք ենք փոխանցում ու զննում։

Թերթեք՝ բոլոր նկարները տեսնելու համար

Ինձ ամենից շատ տպավորում են երկուսը։ Առաջինը նետ ու աղեղն է, որի աղեղը լարելը, պարզվում է, այնքան էլ հեշտ գործ չէ։ Այս զենքը ներկայացնելիս Իվանը հիշում է Ոդիսևսին ու փեսացուներին, որոնցից ոչ մեկին այդպես էլ չհաջողվեց նրա նետի աղեղը լարել։ Մյուսն էլ արքայական դաշույնն է, որն, Իվանի խոսքով, բրոնզի դարում այնպիսի ճոխություն էր, ինչպիսին հիմա սպորտային մեքենաներն են։

Հնագույն զենքերին ծանոթանալուց հետո վերցնում ենք գործիքներն ու վերսկսում պեղելը։ Պատի արանքներից ինձ ու Աննային հաջողվում է մեկ-երկու խեցի գտնել։ Իսկ այսօրվա պեղումների չեմպիոնը ջավախքցի ուսանող Աշոտն Նահապետյանն է․ սկզբում նա միջնադարյան ճրագ է գտնում, որն, ըստ Բենի, թվագրվում է 12-13-րդ դարեր, հետո կրկին միջնադարյան շրջանի կավից անոթ։

Առաջին նկարում՝ ճրագը, երկրորդում՝ անոթը

Իսկ ապա Աշոտը բախվում է գետնափոր կարասի․․․ Կարասի առկայությունը, փաստորեն, հաստատում է հնագետների այն վարկածը, որ հնավայրի այս հատվածում՝ տաճարից ներքև, տնտեսական նշանակության սենյակներ են։

Օրվա չեմպիոն Աշոտը ստանում է իր պարգևը

Օրն արդեն կես է եղել․ արևը կիզակետում է։ Բենը հրահանգում է հողով ծածկել կարասի բերանն ու դադարեցնել պեղումները։ Գետնափոր կարասը հողից մաքրելը մանրակրկիտ ու մեծ զգուշություն պահանջող աշխատանք է, որը հնագետները կշարունակեն վաղը՝ առավոտվա հովին։ Իսկ այժմ ժամանակն է հանգստանալու։ Հավաքում ենք գործիքները, վերցնում իրերն ու քայլում բլուրն ի վար։

– Հիմա անցնում ենք ամրոցի մուտքի մոտով,- ասում է Բենը։

– Ինչի՞ց է ենթադրվում, որ սա մուտքն է։

– Դիմացի՛ց նայիր։

Մի փոքր ներքև եմ իջնում ու նայում Բենի նշած կետին։ Հիշում եմ, որ հենց այստեղով էինք առավոտյան բլուրը բարձրանում։

– Մետաղադրամ չգտանք,- մի քիչ հիասթավփված ասում ենք ես ու Աննան։

Մենք չգտանք, բայց անցած տարի հնագետները տաճարի հատվածից բյուզանդական մետաղադրամ են գտել, ինչը խոսում է առևտրական կապերի մասին հավանաբար Բագրատունիների շրջանում (Անիի Բագրատունիները սեփական մետաղադրամ չէին հատում, ու այդ ժամանակ գործածության մեջ էին բյուզանդականները):

Հասնում ենք բլրի ստորոտ, որտեղից ուղևորովում ենք դեպի Հողմիկի հնավայր, որը ժամանակին բնակատեղի ու տաճարային համալիր է եղել։ Սա հենց այն վայրն է, որին նայում էինք Ջրաձորի բլրի գագաթից, և որտեղ, ըստ հնագիտական վարկածի, ուշ երվանդական շրջանում տեղափոխվել են Իրդանիունի ամրոցի բնակիչները՝ մինչև միջնադար ամրոցը լքված թողնելով։

Բենն ուսանողներին ծանոթացնում է Հողմիկի հնավայրին (թերթեք՝ բոլոր նկարները տեսնելու համար)

Հողմիկի հնավայրը պեղվել է շուրջ 20 տարի։ Այստեղ պեղումներ իրականացնող հնագետի՝ Հայկ Հակոբյանի մահը 2020-ին դաշտային հետազոտությունների ընդհատման պատճառ է դարձել։

Հողմիկում հուլիսի կիզիչ արևն այնքան էլ անողոք չէ։ Քայլում ենք ցորենի արտերի ու չհնձաձ խոտերի միջով։ Բենը մերթընդմերթ կանգ է առնում և մեր ուշադրությունը հրավիրում խոտերի մեջ թաքնված, մշակված կլոր քարաթմբերի վրա։ Սրանք երբեմնի տաճարների սյուների խարիխսներն են։ 

Պեղումները ցույց են տվել, որ այստեղ հեթանոսական երեք աստվածների՝ Աստղիկին, Միհր/Վահագնին ու Արամազդին նվիրված տաճարներ են եղել՝ կառուցված հելլենիստական ոճով։ Բացի տաճարական համալիրից՝ Հողմիկում նաև բնակատեղի է եղել, որը դեռևս բավարար ուսումնասիրված չէ։

Տաճարների խարիսխները (թերթեք՝ բոլոր նկարները տեսնելու համար)

Դեմքով շրջվում ենք դեպի արևմուտք․ հեռվում երևում է Ջրաձորի բլուրը։ Բենն ասում է՝ Հողմիկի բնակատեղիի սկզբնական հատվածը շատ նման է Ջրաձորին, ու դա է հնագետներին հիմք տալիս ենթադրելու, որ երվանդական շրջանում՝ Ջրաձորից իջնելուց հետո, մարդիկ բնակություն են հաստատել հենց այստեղ։

Ջրաձորի ու Հողմիկի կապն, իհարե, դեռ ապացուցել է պետք։ Եթե երկու հնավայրերում գտնվեն դամբարաններ ու կենդանիների ոսկորներ, ապա դրանց համեմատությունը կօգնի հաստատելու կապը։ 

Սակայն Հայկ Հակոբյանի մահվանից հետո Հողմիկում պեղումները կանգ են առել, իսկ անելիքներ այս հնավայրում շատ կան։ Այս մասին խոսելով՝ Բենը նայում է ուսանողներին ու հորդորում նրանց ապագայում ավարտին հասցնել գործը։

Հողմիկի հնավայրից դաշտերի միջով քայլում ենք դեպի վեր։ Ճանապարհին մեզ սպասում են մեքենաները։ Տեղ-տեղ գյուղացիները սկսել են հունձքը, և թարմ հնձած խոտի հաճելի բույրը հասնում է մեզ։ Իսկ մենք հասնում ենք մեքենաներին, հրաժեշտ տալիս հնագետների խմբին ու ճանապարհ ընկնում․․․

Ջրաձորի բլուրն ու գյուղը՝ Հողմիկի հնավայրից

Շիրակի հայագիտական կենտրոնի արշավախումբը հույս ունի այս տարի ավարտել Ջրաձորի բլրի գագաթի հատվածի պեղումները։ Մնում է գտնել նրանց, ովքեր ավարտին կհասցնեն Հողմիկի հնավայրի պեղումները։