factor.am Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, չնայած հանրային բողոքին, ստորագրել է օրենքը, որը Գլխավոր դատախազությանը որոշակի լիազորություններ է տալիս Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (НАБУ) և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության (САП) աշխատանքի հետ կապված, գրում է Euronews-ը։
Օրինագիծն ավելի վաղ հաստատվել էր երկրի խորհրդարանի կողմից:
Օրենքը նախկինում անկախ Ազգային հակակոռուպցիոն բյուրոն և և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը գործնականում ենթարկում է պետության ղեկավարի կողմից նշանակվող գլխավոր դատախազին։ Հազարավոր ուկրաինացիներ բողոքի ակցիաներ են անցկացրել օրենքի դեմ։ Կիևում, Լվովում, Դնեպրում և Օդեսայում քաղաքացիները կոչ են արել նախագահին վետո դնել օրինագծի վրա։ Քննադատները նշում են, որ օրենքը խաթարում է երկրի կոռուպցիայի դեմ պայքարի ենթակառուցվածքը։ Սրանք առաջին խոշոր բողոքի ակցիաներն են կառավարության գործողությունների դեմ՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման ավելի քան երեք տարվա ընթացքում։
Հակակոռուպցիոն կառույցների ղեկավարները կոչ են արել խորհրդարանի անդամներին չքվեարկել այս օրինագծի օգտին, իսկ նախագահին՝ չստորագրել փաստաթուղթը։ «Ըստ էության, եթե այս օրինագիծը դառնա օրենք, САП-ի ղեկավարը կդառնա ֆիգուրային դեմք, իսկ НАБУ-ն կկորցնի իր անկախությունը և կդառնա Գլխավոր դատախազության ստորաբաժանում»,- ասվում է գործակալությունների համատեղ հայտարարության մեջ։ Իր երեկոյան տեսաուղերձում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ենթակառուցվածքը կաշխատի, բայց՝ առանց Ռուսաստանի ազդեցության։
«Ես խոսել եմ НАБУ -ի ղեկավար Սեմյոն Կրիվոնոսի, САП դատախազ Ալեքսանդր Կլիմենկոյի, գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոյի, Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլ Մալյուկի հետ տարբեր մարտահրավերների շուրջ։ Մենք քննարկել ենք այս ամենը։ Կոռուպցիայի դեմ պայքարի ենթակառուցվածքը կաշխատի։ Միայն թե՝ առանց ռուսական ազդեցության՝ ամեն ինչ պետք է մաքրվի դրանից։ Եվ պետք է ավելի շատ արդարադատություն լինի»,- ընդգծել է Ուկրաինայի առաջնորդը։