Ինչ է պահանջել արտակարգ իրավիճակների արբիտր Պատրիկ Լինդֆորսը Հայաստանից՝ ՀԷՑ-ի գործով |hetq.am

hetq.am «Հետքի» տրամադրության տակ է 2025թ. հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում նախաձեռնված հրատապ գործով որոշումը ՀԷՑ-ի գործով: Հրատապ միջոցներ կիրառելով՝ Արբիտրը պահանջել է Հայաստանի Հանրապետությունից՝ ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸի ակտիվները բռնագրավել:

Մասնավորապես՝ արտակարգ իրավիճակների արբիտր Պատրիկ Լինդֆորսը (Patrik Lindfors) Հայաստանի Հանրապետությունից  պահանջել է՝

  • Չիրականացնել ՀԷՑ-ի կառավարման մարմինների անդամների փոփոխություն։
  • Չփոխել ՀԷՑ-ի կանոնադրությունը։
  • Չնշանակել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, կամ եթե նշանակվել է՝ նրան չլիազորել գործել որպես ՀԷՑ-ի գործադիր մարմին։
  • Չեղյալ չհամարել ՀԷՑ-ի լիցենզիաները։
  • Չհայտարարել և չկազմակերպել ՀԷՑ-ի բաժնետոմսերի վաճառքի աճուրդներ։
  • Չբռնագրավել կամ չօտարել ՀԷՑ-ի ակտիվները։
  • Որեւէ այլ ձեւով չսահմանափակել ՀԷՑ-ի կանոնավոր գործունեությունը:

Նշենք, որ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային դատարան դիմել են «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ»-ը, «Տաշիր» Գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը, կինը՝ Էթերի Կարապետյանը, որդին՝ Սարգիս Կարապետյանը և եղբայրը՝ Կարեն Կարապետյանը:

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 31.8%-ի իրական շահառուն Սամվել Կարապետյանն է, 29%-ինը՝ Սարգիս Կարապետյանը: Մասնակցության շղթայում «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունը, որը գրանցված է Կիպրոսում, ևս ներգրավված է, այդ իսկ պատճառով վերջինս ևս դիմել է արբիտրաժային դատարան:

Հրատապ որոշման համաձայն՝ արտակարգ իրավիճակների արբիտր Պատրիկ Լինդֆորսի վարձատրությունը կազմում է 16 000 եվրո՝ գումարած 25,5% ԱԱՀ։ Իսկ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճարը 4 000 եվրո է՝ գումարած 25% ԱԱՀ։

Արբիտրաժային դատարանից դիմողները պահանջել էին նաեւ որոշում կայացնել Սամվել Կարապետյանին կալանքից ազատելու վերաբերյալ, սակայն այդ պահանջը մերժվել է:

Հիշեցնենք, որ գործարար, կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի պաշտպանության  խորհուրդը երեկ՝ 2025թ. հունիսի 23-ին, հաղորդագրություն տարածեց, որ Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը շահել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Հետևաբար, արտակարգ արբիտրաժի որոշումը Կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման։

Ըստ հաղորդագրության՝ արտակարգ արբիտրը նշել է, որ «ապահովման անհետաձգելի միջոցների բացակայության պայմաններում հայցվորների համար դժվար է լինելու ստանալ վնասի ամբողջական հատուցում, եթե նրանք կորցնեն ընկերության նկատմամբ վերահսկողությունը, կամ, ինչն ավելի վատ է՝ դադարեն լինել դրա սեփականատեր»:

Կառավարությունն իր հերթին հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ «Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի՝ միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը, հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը, ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը:

«Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը»,-նշված է Կառավարության հաղորդագրության մեջ:

Իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարեց, որ հանձնաժողովի նախագահը որևէ վերաբերելի գործողություն կարող է կատարել միայն նշված ակտի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչման և կատարման ընթացակարգեր ապահովելուց հետո:

Ստացվում է՝ Հայաստանի Կառավարությունը հրաժարվում է կամավոր  կատարել արտակարգ արբիտրի որոշումը՝ հղում կատարելով ներպետական օրենսդրությանը:

Նշենք, որ Միջազգային արբիտրաժային դատարաններն ունեն բարձր «իմունիտետ» և նրանց որոշումների չկատարումը կարող է լուրջ հետևանքներ առաջացնել: Մասնավորապես՝ եթե ՀԷՑ-ի դեպքում Կառավարությունը որոշումը չկատարի, և հետագայում էլ պետության դեմ վճիռ կայացվի, ապա Նյու Յորքում ընդունված Կոնվենցիայի ուժով, դրան միացած պետությունները կարող են բռնագանձում տարածել իրենց երկրում Հայաստանի Հանրապետության գույքի նկատմամբ, օրինակ՝ դեսպանատան շենք և այլն:

Բացի այդ, միջազգային արբիտրաժային դատարանները լուծում են լուրջ վեճեր, որոնք վերաբերում են խոշոր գումարների, հետևաբար նրանց որոշումների չկատարումը կարող է հեղինակազրկել այդ ինստիտուտը, ինչը, բնականաբար, չեն կարող թույլ տալ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter