Կառավարությունն ընդունել է «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» որոշում:
Ըստ հիմնավորման՝ տեքստիլ արդյունաբերությունը ՀՀ Կառավարության կողմից սահմանված գերակա և տնտեսության առանցքային ճյուղերից է, որն ապահովում է հազարավոր աշխատատեղեր, հատկապես կանանց համար։ Շատ գործարաններ և արտադրամասեր գործում են Երևանից դուրս՝ մարզերում, որտեղ բարձր գործազրկության պայմաններում դա մեծ նշանակություն ունի։ Հայաստանից տեքստիլ արտադրանքներ արտահանվում են հիմնականում Ռուսաստանի Դաշնություն, ԵՄ երկրներ և ԱՄՆ։
Ընդլայնվող արտահանման ծավալները նպաստում են արտարժույթի հոսքին և ՀՀ վճարային հաշվեկշռի բարելավմանը։ Տեքստիլ ոլորտի զարգացումը խթանում է նաև հումքի տեղական արտադրությունը (օրինակ՝ բամբակ, բրդյա արտադրանք) և հարակից ոլորտները՝ տրանսպորտ, փաթեթավորում, մարքեթինգ։ Չնայած վերջին տարիների ոլորտի աճին, դեռևս մի շարք խնդիրներ մնում են անլուծելի:
Օպերատորի ստեղծումը կնպաստի ոլորտի համաչափ զարգացմանը, մասնավորապես՝ ոլորտի համակարգված և կենտրոնացված զարգացում. օպերատորը կարող է համակարգել տեքստիլ ոլորտում գործող մասնավոր և պետական նախաձեռնությունները, նպաստելով ռեսուրսների նպատակային օգտագործմանը և կրկնվող աշխատանքների բացառմանը, ներուժի բացահայտում և խթանում. օպերատորը կարող է իրականացնել ոլորտի լայնածավալ քարտեզագրում, հանրային ու մասնավոր հատվածների կապող օղակ. օպերատորը կարող է դառնալ միջնորդ պետական հատվածի, մասնավոր արտադրողների, կրթական հաստատությունների, ներդրողների, դիզայներների և նորաձևության ոլորտի այլ մասնագետների, տեղական և միջազգային գործընկերների միջև:
Այն կնպաստի նաև մրցունակության բարձրացմանն ու արտահանման խթանմանը. օպերատորը կարող է աջակցել որակի ստանդարտների ներդրմանը, սերտիֆիկացման գործընթացների աջակցությանը, խթանել էլեկտրոնային հարթակներում վաճառքների իրականացմանը, ապահովել հայկական ընկերությունների՝ միջազգային ցուցահանդեսների մասնակցությունը, նպաստել հայկական արտադրանքի բրենդավորման և միջազգային ճանաչելիության բարձրացմանը, կազմակերպել հայկական արտադրանքների պորտֆելային ներկայացումներ: Օպերատոր հիմնադրամը կգործի որպես ոլորտի զարգացման ինստիտուցիոնալ հենասյուն, որին վերապահվելու է քաղաքականությունների իրագործման, ծրագրերի իրականացման և գործընկերների ներգրավման գործառույթ։
Հիմնադրամի ստեղծումը կնպաստի տեքստիլ արդյունաբերության համակարգված զարգացմանը՝ լուծելով ոլորտում առկա կառուցվածքային, մարդկային և տեխնոլոգիական խնդիրները։ Այն կդառնա հարթակ պետական, մասնավոր և կրթական հատվածների համագործակցության համար՝ ապահովելով արտադրության արդիականացում, արտահանման խթանում և մարդկային ներուժի հզորացում։ Հիմնադրամը կխթանի մարզային զարգացումը, աշխատատեղերի ստեղծումը և հայկական տեքստիլի միջազգային ճանաչելիությունը։