44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ N զորամասի կապի հանգույցի ռադիոկենտրոնի պետ, կապիտան Հայկ Հակոբյանը տեղյակ չէ, թե 2020 թ․ հոկտեմբերի 21-ին կոնկրետ ինչ մարտական առաջադրանքի են իրենց ուղարկել, եւ դա ինչ կապ ուներ նույն օրը Զանգելանում շրջափակման մեջ ընկած քիմիկների զորախմբի հետ։
Այս մասին Հակոբյանը հայտարարեց Հակակոռուպցիոն դատարանում, ուր ներկայացել էր՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի եւ մյուսների վերաբերյալ գործով որպես վկա հարցաքննվելու։
Անդրանիկ Մակարյանը, հիշեցնենք, մեղադրվում է պատերազմի ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով իշխանական անգործություն դրսեւորելու մեջ։ Դա, ըստ քրեական գործի, դրսեւորվել է նրանում, որ Մակարյանը, այդ ժամանակվա ԳՇ պետ Օնիկ Գասպարյանից հրաման ստանալով շրջափակման մեջ հայտնված քիմիկներին օգնության հասնել, իր եւ ենթակա անձնակազմի կյանքին սպառնացող անմիջական վտանգը չեզոքացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ տվել է «նահանջ» հրաման՝ հրաժարվելով օգնության շտապել եւ շրջափակումից դուրս բերել այդ պահին իր գտնվելու վայրից շուրջ 2 կմ հեռավորությամբ գտնվող Արսեն Աբգարյանի ղեկավարած խմբի անդամներին։ Աբգարյանն էլ մեղադրվում է անձնական շահագրգռվածությունից ելնելով՝պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինչպես նաեւ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեջ։
Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։
Վկա Հայկ Հակոբյանը հենց այն խմբից է եղել, որը Մակարյանի գլխավորությամբ մեկնել է քիմիկներին օգնության։ Թեեւ դատարանում նա մանրամասներ չհիշեց, անգամ նշեց, որ Մակարյանին չի էլ տեսել, մինչդեռ 2022թ․-ին՝ նախաքննության ժամանակ, հանգամանալից ցուցմունք էր տվել՝ մի շարք դրվագներ ներկայացնելով այլ կերպ։ Ցուցմունքների հակասությամբ պայմանավորված՝ հարցաքննության ավարտին հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը եւ հարցել հղել այդ մասին։
Հարցաքննության սկզբում նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը վկային նախազգուշացրեց սուտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության, ցուցմունք տալու նրա պարտականության, ինչպես նաեւ սեփական անձի կամ մերձավորի դեմ ցուցմունք չտալու իրավունքի մասին, ապա հետաքրքրվեց՝ այդպիսի խնդիր ունի՞։ Վկան բացասական պատասխան տվեց։
Ներկայանալով դատարանին՝ վկա Հայկ Հակոբյանը հայտնեց, որ 2020 թ․ հոկտեմբերի 4-ին իրենց մշտական տեղակայման վայրից տեղափոխվել են Մեղրի, մեկ շաբաթ անց՝ Կապան, որտեղ էլ իրականացրել են մարտական հերթապահություն։
Օրեր անց (վկան չհիշեց, թե կոնկրետ երբ, ըստ գործի նյութերի՝ հոկտեմբերի 20-ին,- հեղ․) իր ստորաբաժանման ղեկավար Կարեն Կարապետյանը հանձնարարել է 10-15-հոգանոց խումբ նախապատրաստել մարտական խնդրի․ «Գիշերը 3-4-ի մոտակայքում զանգեց, ասաց՝ անձնակազմ նախապատրաստի՝ տեղ ենք գնալու։ Վերկաց եմ տվել, կամավորության սկզբունքով ընտրել եմ 10-15 հոգի, վերցրել ենք զենք-զինամթերք, հրամանատարը ցուցում է տվել նստել ավտոբուսները, շարժվել մյուս ավտոբուսի հետեւից։ Շարժվել ենք, երթ ենք իրականացրել, հասել ենք ինչ-որ մի բնակավայր, որի անունը չեմ հիշում, այդտեղ հրամանատարը խնդիր է տվել իրարից 5-6 մ հեռու քայլելով առաջանալ, ահագին քայլել ենք, հասել ենք մի քանդված շինության մոտ, հավաքվել ենք, պարեկներ նշանակել, ասել եմ՝ ուր նայեն, որ ուղղությամբ դիտարկում անեն, հետո արդեն խնդիր ենք ստացել զորամաս վերադառնալու ու վերադարձել ենք»,- ցուցմունքով պատմեց վկան։
- Ո՞ւր եք գնում, ի՞նչ օպերացիայի, ո՞վ էր համակարգելու,- հետաքրքրվեց հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը։
- Հրամանատարն ասաց՝ ես լինելու եմ այնտեղ, տեղում կառաջադրեմ խնդիրները, թե ինչ գործողություն անեք,- պատասխանեց վկան։
- Մինչեւ շարժվելը քննարկում եղե՞լ է՝ շարժվում ենք հետախուզության, կամ հերթապահության կամ․․․․
- Չեմ հիշում։
- Ձեր գործառույթները հիմնականում ինչի՞ն էին առնչվում։
- Կապին։
- Բա Ձեզ համար, որպես կապի հրամանատարի, հստա՞կ էր՝ գնում էիք՝ ինչ անելու, արդյո՞ք կապի մասնագետ էր պետք, թե՞ հետախուզական հմտություն ունեցող էր պետք, փորձե՞լ եք ճշտել։
- Քանի որ հրամանատարն ասաց՝ տեղում եմ լինելու․․․
Հանրային մեղադրողը խնդրեց մանրամասնել, թե տեղում ինչ խնդիր է առաջադրել հրամանատարը․ «Իջանք, հրամանատարը ցուցում տվեց բացազատվել մի ճակատով, ու անտառապատ տեղանքով առաջ քայլել, ասաց՝ կապի մեջ կլինես, որ տարօրինակ բան նկատես, զեկուցես»։
- Տարօրինակ բանը ո՞րն է։
- Դե, հակառակորդ։
- Իսկ մոտավոր վայրը չգիտեի՞ք, անորոշ տարածքով պիտի շարժվեի՞ք։
- Ոչ, կապի մեջ էինք, անընդհատ ստուգումներ էինք անում։
- Իսկ որ հակառակորդին նկատեիք, ի՞նչ պիտի անեիք, հարց ուղղեցի՞ք։
- Դրանից հետո կորոշեինք։
- Ինչքա՞ն քայլեցիք։
- Մոտ 3 ժամ։
- Դատական նիստերին ներկա անձանցից որեւէ մեկին նկատե՞լ եք։
- Չէ։
- Հետո՞։
- Հետո հասանք քանդված մի տուն, բնակավայր էր, ընդհանուր հավաքվեցինք, դիտորդներ նշանակեցինք, ասաց՝ տեղակայվենք, կգա, մնացածը կասի․․․ Որոշ ժամանակ՝ երեւի 3-4 ժամ, էնտեղ ենք եղել, դրանից հետո նույն ճանապարհով վերադարձել ենք զորամաս։
Վկայի կցկտուր պատասխանները զարմացրին մեղադրողին։ Վերջինս փորձեց պարզել, թե ըստ վկայի՝ իրենք ի վերջո ուր էին գնացել եւ ինչ նպատակով։
- Մինչեւ վերադառնալն ի՞նչ եղավ։
Մյուս խմբերը որ եկան, խոսակցություն չեղա՞վ՝ ինչ ենք անում, մեր խնդիրը ո՞րն է։
- Խնդիրը հենց էդ էր։
- Խնդիրը էն էր, որ քայլեիք ու հասնեիք իրա՞ր։
- Ես դրանից ավելի ինֆորմացիա չեմ ունեցել։
- Իսկ հաշվի առնելով, որ ձեր խնդիրը առնչվում էր հակառակորդին՝ հետաքրքրություն չառաջացա՞վ, որ հարցնեիք՝ տարբեր դիրքերով տեղակայեմ, փորձեմ տեսնեմ հակառակորդի շարժ կա, մտնեմ մարտական գործողությունների մեջ թե չէ․․․ Տպավորություն է՝ քայլեցիք, տեղակայվեցիք, միացաք իրար, որոշեց հետ գալ։
- Ես ավել ոչինչ չեմ իմացել։
- Լավ, ի վերջո դա ի՞նչ գործողություն էր։
- Երեւի մաքրման աշխատանք էր։
- Մաքրումը ի՞նչ էր ենթադրում։
- Այսինքն՝ հասկանայինք տարածքը՝ ոնց էր, ինչ էր, ժամանակ չի եղել մանրամասն քննարկենք։
Վկան չկարողացավ հստակ ասել, թե ընդհանուր զորաշարժը ով էր համակարգում, նշեց՝ ինքը միայն իրենց խմբի ղեկավարին՝ Կարեն Կարապետյանին գիտեր։ Մյուս խմբերը, ըստ նրա, հավասար գալիս էին, ասես իրենց շարունակությունը լինեին, բայց թե ի վերջո որտեղ էին տեղակայվել, չգիտեր։
Քանի որ ըստ քրեական գործի նյութերի՝ Հայկ Հակոբյանի մասնակցությամբ խումբը եւս Անդրանիկ Մակարյանի գլխավորությամբ մեկնել էր՝ քիմիկներին օգնության՝ հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը փորձեց պարզել՝ վկան ինչ տեղեկություններ ուներ քիմիկների հետ կատարվածի մասին։
- Որեւէ տվյալ ունեի՞ք՝ այլ խումբ կոնկրետ գործողությո՞ւն էր կատարում՝ հակառակորդի հայտնաբերման, սանրման կամ անմիջական գործողությունների մեջ էր, շրջափակման մեջ էր, հրաձգություն էր, օգնության կանչ լսե՞լ եք, իմացե՞լ եք։
-Չէ։
- Իսկ վերադառնալուց հետո՞։
- Հաջորդ օրն եմ իմացել, որ տենց դեպք է տեղի ունեցել։
- Ի՞նչ դեպք։
- Քիմիկների․ ինչ-որ գործողության մեջ են մտել։
- Ի՞նչ գործողության։
- Մարտական։
- Ի վերջո այդպես պիտի՞ լիներ թե՞ չպիտի լիներ, զոհ եղա՞վ, անհետ կորած եղա՞վ, ի՞նչ գիտեք։
- Չգիտեմ։
- Իսկ Դուք ինչ-որ կապ ունեի՞ք այդ գործողության հետ կամ պե՞տք է ունենայիք։
- Ես չգիտեմ։
- Հետագայո՞ւմ էլ չի պարզվել։
- Չէ:
- Իսկ քիմիկների զորամասը ե՞րբ, ի՞նչ հանգամանքներում է այդտեղ հայտնվել, գիտե՞ք։
- Ոչ։
- Քիմիկների հրամանատարն ո՞վ էր։
- Տեղյակ չեմ։
- Իսկ տեղյա՞կ եք՝ որտեղ են մարտական գործողությունների մեջ մտել, ձեզանից ինչքա՞ն հեռավորության վրա։
-Չգիտեմ։
- Իսկ հարցրե՞լ եք՝ օգնական ուժեր գնացե՞լ են։
- Կարողա հետաքրքրվել եմ, բայց հիմա չեմ հիշում։
- Եվ միաժամանակ պնդում եք, որ գործողության ընթացքում որեւէ մեկին չեք տեսել, չեք զրուցել, միջանկյալ հրամաններ չեն տրվել։
- Այո։
Հարցերին ըստ էության պատասխաններ չտվող այս ցուցմունքը վրդովեցրեց դահլիճում գտնվող ծնողներին, վերջիններս հարցրին՝ վկան առհասարակ տեղյա՞կ էր, որ պատերազմ էր գնացել։ Արձագանքելով՝ վկա Հայկ Հակոբյանն ասաց, որ տեղյակ էր, իր եղբայրն էլ պատերազմում է զոհվել անօդաչու թռչող սարքի հարվածից։
- Ես իմ անձնակազմով եղել եմ դիտորդների մոտ, կարողա տեսել եմ, շատ մարդ եմ տեսել, չեմ կարող ասել։
- Միակ գեներալն էր, քեզ շատ կհետաքրքրեր։
- Հնարավոր է՝ տեսել եմ, չեմ հիշում։
- Քեզ թվում է՝ անընդհատ չհիշելով՝ ջրից չոր դուրս կգա՞ս,- վրդովվեց անհետ կորած զինծառայողի մայրը։
Ծնողները կարծիք հայտնեցին, որ քիմիկներին միտումնավոր չեն հասել օգնության․ «Դատարանի պատժից կփախչեք, Աստծո պատժից՝ ոչ»,- բղավեցին նրանք։
Վկային հարցեր հղեց նաեւ տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը՝ փորձելով հասկանալ՝ տեղակայման ընթացքում քիմիկների կողմից կրակոցների ձայներ չե՞ն լսել։ Ի պատասխան՝ վկան նախ ասաց՝ երեւի չէ, ապա՝ չեմ հիշում։ Բացատրեց՝ մոտակայքում գետ կար, հեռու կրակոցների ձայնը գուցե չլսվեր։
- Գոնե հիմա տեղյա՞կ եք քիմիկների դեպքը որտեղ, ձեզնից ինչքան հեռավորության վրա է կատարվել։
- Կարծում եմ՝ 10-12 կմ հեռավորության վրա, ես կոնկրետ կոորդինատ չեմ իմացել։
- Եթե ուժեղ հրաձգություն լինի, մարտ լինի, այդ հեռավորության վրա կլսվի՞։
- Չեմ կարող ասել, ի՞նչ զենքերով, ինչ հրաձգություն է։
- Թեկուզ ինքնաձիգներով։
- Չէ, չի լսվի։
- Չի լսվի՞։ Եթե միաժամանակ մի 100 ինքնաձիգ աշխատի։
Գրիգորյանի այս հարցին առարկեց Անդրանիկ Մակարյանի պաշտպան Ամրամ Մակինյանը՝ նշելով, որ այդ հարցի պատասխանը կախված է եղանակային մի շարք պայմաններից՝ քամու ուղղություն, տեղանքի ռելիեֆ, օրվա ժամ եւ այլն։ Գրիգորյանը վերաձեւակերպեց հարցը՝ որեւէ ժամի որեւէ գործողություն անելիս մարտ հիշեցնող ձայներ լսե՞լ են թե ոչ։ Վկայի պատասխանը չփոխվեց՝ չէր լսել։
- Եղել է մարտական հերթապահության եմ եղել, հակառակորդը որ կրակել է, փեչի վրայի թեյնիկի ձայնը թույլ չի տվել լսել։ Դա դիտորդը ավելի շատ կհասկանա։ Էդ ընթացքում ես չեմ լսել։ Ուզում եմ ասել՝ հնարավոր է 7 կմ-ի վրա կրակի, բայց լինի անտառապատ, գետի մոտ․․․ Թռչունների ձայնն էլ էր լսվում, ուզում եմ ասել, որ դրանք բոլորը ձայնային ազդանշաններ են։
- Կարո՞ղ է թռչունի ձայնը խլացնել ինքնաձիգի կրակոցի ձայնը։ Որպես զինվորականի եմ Ձեզ հարցնում։
- Ձայների առումներով եք ասում, օրինակ եմ բերում։
- Ես ուզում եմ հասկանալ՝ թռչունը ի՞նչ ձայն պիտի հանի, որ․․․
- Ծլվլոցը․․․
- Սիրամարգի ե՞րգ է, ամենաուժեղ երգող․․․ Հնարարվո՞ր է՝ թռչունը, կենդանին այնպիսի ձայն հանի, որ խլացնի կրակոցի ձայնը։
- Եթե մոտիկ լիներ, չէր կարող, բայց ես չեմ լսել ձայն։
Գուրգեն Գրիգորյանը նաեւ փորձեց հասկանալ՝ վկայի՝ որպես ավագ սպայի կարծիքով՝ առանց հրաման կատարելու բուն նպատակը հասկանալու գործողության գնալը հնարավո՞ր բան է։
- Քայլեցիք, նստեցիք, եկաք, պարա՞պ էր զորամասը։
- Չեմ կարծում՝ պարապ էր։
- Քրեական գործի նյութերում երեւում է, որ պիտի կատարվեր սանրման գործողություն։ Ձեր նկարագրած մեխանիզմով՝ խմբերն իրարից 200 մ հեռավորության վրա, առանց տեղյակ լինելու, թե ինչ պիտի կատարեին, հնարավո՞ր էր այդ իրավիճակում կատարվեր սանրման գործողություն, Ձեր նկարագրածը համահո՞ւնչ է Ձեր սովորածին։
- Համահունչ է։
- Սպայական կազմից որեւէ մեկը որեւէ բան խոսե՞ց՝ պիտի գնայիք այսինչ գործողության, չստացվեց, հետ եկանք։
- Չէ, նման բաներ չեմ հիշում։
- Այսինքն՝ Դուք ուզում եք ասել՝ քիմիկները գնացել են գործողության, գերի են ընկել, զոհվել, բայց Դուք, որպես ավագ սպա, մյուս ընկերներով, ոչ քննարկում եք ունեցել, ոչ խոսակցություն է եղել, որ պիտի գնայիք օգնելու, ուզում եք համոզե՞լ, որ անգամ հետո չեք հետաքրքրվել կամ չգիտե՞ք։ Գուցե հանգամանքնե՞ր կան, որ տեղյակ եք, բայց չեք ուզում ասել։
- Դեպքից հետո՝ հաջորդ օրը, մարտական հերթապահություն իրականացնելու խնդիր եմ ստացել, լիքը հարցեր են եղել, հնարավոր է՝ խոսել ենք, բայց ընդհանրապես ինչ է կատարվել, կամ ով էր մեղավոր, էդ հարցը ես չպիտի լուծեի։
Լսելով կողմերի կարծիքը՝ նախագահող դատավոր Դադոյանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը, եւ հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը։ Այն ներկայացնում ենք ստորեւ․
«․․․2020 թվականի հոկտեմբերի 16-17-ի սահմաններում խնդիր ստացանք մեր շտաբի պետ, փոխգնդապետ Աշոտ Ժամհարյանի գլխավորությամբ մեկնել Կապան և տեղակայվել Կապանի հրետանային գնդում, որտեղ եկան նաև Էջմիածնի քիմիկները։ 2020 թվականի հոկտեմբերի 20-ի երեկոյան զորամաս եկավ ՀՀհ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, ով նույն օրը՝ ժամը 22։00-ի սահմաններում, նույն զորամասի հրամանատարի աշխատասենյակում անցկացրեց խորհրդակցություն, որին մեր խմբից մասնակցեց միայն զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Աշոտ Ժամհարյանը։ Խորհրդակցության ավարտից հետո Աշոտ Ժամհարայանը փոխգնդապետ Կարեն Կարապետյանին և փոխգնդապետ Ռոման Իսախանյանին խնդիր դրեց, որ պատրաստ լինեն գործողության կատարման եւ դրա համար ընտրեն յուրաքանչյուրը 25 հոգուց բաղկացած անձնակազմ, որը գնալու է Կովսական՝ սանրման աշխատանքներին մասնակցելու, քանի որ որոշ տվյալների համաձայն՝ հակառակորդի դիվերսիոն խմբերը ներթափանցել են Զանգելանի տարածք (դատարանում նշեց, թե չգիտեր կոնկրետ ուր են գնալու եւ ինչ նպատակով,- հեղ․)։ Այլ մանրամասներ չեն ասել։ Կամբատները ընտրել են ընդհանուր 50-հոգանոց խումբ՝ կամավորական հիմունքներով, բացատրել խնդրի մասին։ Իսկ ինչ վերաբերում է բուն խորհրդակցությանը, թե ովքեր են մասնակցել, ինչ է քննարկվել ու որոշվել, ես չգիտեմ։։
2020 թվականի հոկտեմբերի 21-ի առավոտյան՝ 06։00-ի սահմաններում, մեր խմբով շարվել ենք զորամասի շարահրապարակում, Անդրանիկ Մակարյանի հրահանգավորումից հետո նստել ենք 3 ավտոբուս, ամեն մի խումբ՝ մի ավտոբուս, մերը Կարեն Կարապետյանի ղեկավարած խումբն էր, դիմացից գնացել է գեներալ Անդրանիկ Մակարյանը` իր «Պիկապ» տեսակիի մեքենայով։ Ճանապարհին լիցքավորման նպատակով մտել ենք գազալցակայան, որտեղ հանդիպել ենք քիմիկների խմբին՝ Արսեն Աբգարյանի գլխավորությամբ (դատարանում նշեց, թե ճանաչում է միայն Մակարյանին,-հեղ․), ովքեր նշեցին, որ իրենք էլ են գնում Կովսական՝ Սյունիքի-Սովխոզի ուղղությամբ՝ նույն խնդիրը կատարելու նպատակով։։
Գործողության ընդհանուր ղեկավարումը իրականացնում էր գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը (դատարանում տվեց միայն իր անմիջական հրամանատարի անունը,- հեղ․)։ Շարժվելուց մոտ մեկ-մեկուկես ժամ անց հասել ենք մի կիսավեր գյուղի մոտ, կարծեմ Դիցմայիլ էին ասում, իսկ շարժվել ենք այնտեղ Ներքին Հհանդ գյուղի ուղղությամբ, ժամը 07։30-ի սահմաններում հասել ենք վերոնշյալ վայր, որն իմ հիշելով Կապանից հեռու է եղել մոտ 18–20 կմ։ Մեր խումբը նստել է վերջին ավտոբուս և վերջում ենք հասել կետ։ Երբ իջանք ավտոբուսից, տեղեկացանք, որ քիչ առաջ լուր է ստացվել, որ Արսեն Աբգարյանի խումբը Զանգելանում զասադի մեջ է ընկել, պետք է շտապ հասնել օգնության (դատարանում նշեց, թե զորամաս վերադառնալուց հետո են տեղեկացել այդ մասին,- հեղ․)։ ։
Դրանից հետո կազմվել են 3 խմբեր, առջևից գնացել է Մակարյանը` շուրջ 10-հոգանոց հետախուզական խմբի հետ միասին (Մակարյանին տեսնելու մասին դատարանում չհիշեց ընդհանրապես,- հեղ․), դրանից հետո գնացել է Ռոման Իսախանյանի ղեկավարած խումբը, իսկ վերջում՝ մեր՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ։ Այդ դասավորությամբ շարժվել ենք դեպի Կովսական [գնացող] ճանապարհով։ Եթե չեմ սխալվում՝ մեր իջած վայրից մինչև Կովսական քաղաք կլիներ առնվազն 7-–8 կմ, քայլել ենք հնարավորինս արագ, եղել ենք զինված ինքնաձիգներով, փամփուշտներով, անցել ենք շուրջ 3-4 կմ ճանապարհ։ Երբ հասանք մի ճամփաբաժան խաչմերուկի մոտ, տեսանք, որ մեզ սպասում է Մակարյանը՝ իր խմբի հետ միասին (դատարանում այս հանդիպման մասին եւս չնշեց,-հեղ․), որի ժամանակ վերջինս մեր առջև խնդիր դրեց մեր խմբով մնալ խաչմերուկում և կազմակերպել աջից սպասվող հնարավոր հարձակման դեպքում տարածքի պաշտպանություն, որից հետո իրենք, թեքվելով ձախ, բարձրացան Կովսականի ուղղությամբ։ ։
Դրանից հետո նույն տեղում` իրարից շուրջ 40–50 մ հեռավորության վրա, անձնակազմը բաժանվել է մի քանի խմբի։ Կազմել ենք տարածքի պաշտպանություն Զանգելանից աջ` Մինջևանի կողմից հակառակորդի հնարավոր ներթափանցումը կանխելու նպատակով։ Անդրանիկ Մակարյանի և խմբի գնալուց շուրջ մեկուկես-երկու ժամ անց տեղեկացանք, որ նրանք վերադառնում են, ու քիչ անց Անդրանիկ Մակարյանի գլխավորությամբ Կովսական մեկնած խումբը վերադարձավ մեր մոտ՝ ժամը 12–13-ի սահմաններում։ Հետաքրքրվել ենք վերադարձի պատճառների մասին, որի ժամանակ ընդհանրական նշել են, որ իրենք տեղեկություն են ստացել հակառակորդի գերազանցող ուժերի և զինտեխնիկայի մասին։ Բացի այդ, բլուրն իջնելուց հետո դեպի Կովսականի ուղղությամբ պետք է հայտնվեին բաց դաշտում, լինեին տեսանելի հակառակորդի համար ու կոտորվեին, ուստի այդ պատճառով Անդրանիկ Մակարյանը որոշում է կայացրել վերադառնալ հետ (դատարանում նշեց, թե վերադարձի պատճառներն իրեն հայտնի չեն,-հեղ․)։ ։
Դրանից հետո գեներալ Մակարյանը որոշում կայացրեց վերադառնալ այն վայրը, որտեղ իջել էինք ավտոբուսներից և քայլել Կովսականի ուղղությամբ։ Քայլել ենք շուրջ 3–4 կիլոմետրի չափ, հասել ենք այն վայրը, որտեղ ավտոբուսներն են եղել, այսինքն` Դիցմայրի գյուղի մոտակայք։ Երբ հասանք, տեսանք, որ ավտոբուսները չկան։ Անդրանիկ Մակարյանը զայրացավ, հրահանգեց շտապ վերադարձնել ավտոբուսները, որից հետո սկսել ենք քայլել դեպի Կապանի ուղղությամբ, մինչև ճանապարհին հանդիպենք ավտոբուսներին։ Վերադարձել է դեղին ավտոբուսներից մեկը և հետախույզների խմբին տարել Կապանի զորամաս։ Շարունակել ենք քայլելրը, մինչև հանդիպակաց եկան 2 ավտոբուսները, սակայն երբ հասանք ասֆալտապատ ճանապարհին, երկուսն էլ փչացան (այս դրվագը եւս դատարանում վկան չհիշատակեց,-հեղ․), վարորդները զանգեցին իրենց պարկ, որտեղից ուղարկեցին 3-րդ ավտոբուսը, եւ մնացած՝ 50-հոգանոց մեր անձնակազմը, մի կերպ տեղավորվելով դրա մեջ, վերադարձել է Կապան։ Երբ հասանք Կապան քաղաք, արդեն մութ էր․ մինչ 17։00-18։00-ի սահմանները եղել ենք դաշտում։ Մեզ հետ միասին վերադարձել է նաև Անդրանիկ Մակարյանը (Մակարյանի հետ վերադարձը եւս վկան դատարանում չհիշատակեց,- հեղ․)։ Դրանից մոտ մի 2–3 օր անց արդեն տեսել ենք Արսեն Աբգարյանին Կապանի հրետանային գնդում, ով ասում է, որ ընկել են զասադի մեջ, ու անձնակազմի մեծ մասը կոտորվել է, հակառակորդը մեծ կազմով հարձակում է գործել իրենց ուղղությամբ»։
Ցուցմունքի հրապարակումից հետո մեղադրողը խնդրեց պարզաբանել առկա հակասությունները, հետաքրքրվեց՝ որեւէ մեկը վկայի նկատմամբ ճնշում գործադրե՞լ է, ուղղորդե՞լ է։ Վկան բացասական պատասխանեց՝ հակասությունները պարզաբանելով նրանով, որ հիմա շատ ժամանակ է անցել, մանրամասներ չի հիշում, ուստի խնդրեց հիմք ընդունել նախաքննական ցուցմունքը։
Անդրանիկ Մակարյանի պաշտպան Ամրամ Մակինյանը թվարկեց 5 այլ սպաների, այդ թվում՝ վկայի անմիջական հրամանատար Կարեն Կարապետյանի անունները (որի հետ է վկան, ըստ իր խոսքերի, ներկայացել քննչական մարմին) եւ նշեց՝ իր համակարգչին հանձնարարություն է տվել ստուգել այդ ցուցմունքների նմանությունը․
- 6 հոգուդ ցուցմունքները տառի ճշգրտությամբ՝ 98 տոկոս համընկնում են։ Ո՞նց կպարզաբանեք սա,- դիմելով վկային՝ հարցրեց նա։
Ի պատասխան՝ վկան միայն լռեց։
- Հարգելի՛ վկա, Դուք տվեցիք ցուցմունք, որ նախաքննական ցուցմունքին 100 տոկոսով հակասում է, դատախազը հրապարակեց, ասացիք՝ հա, այդպես է եղել։
- Ես չգիտեմ՝ մյուսները ինչ ցուցմունք են տվել կամ Ձեր համակարգիչը ոնց է հաշվում։
- Ձեր վրա ճնշում գործադրե՞լ են։
- Ոչ։
- Ձեզ ասել, ճնշել կամ շահագրգռե՞լ են, որ որեւէ կերպ ցուցմունք տաք։
- Այդպիսի բան չկա,- պատասխանեց վկան՝ կրկին պնդելով իր նախաքննական ցուցմունքը։
Այսպիսով վկայի հարցաքննությունն ավարտվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 5-ին։