«Պարզապես առաջընթաց չենք տեսնում»․Թրամփը կրճատել է Ուկրաինայում հրադադարի վերջնաժամկետը |civilnet.am

civilnet.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կրճատում է Ուկրաինայում հրադադարի հասնելու վերջնաժամկետը՝ այն սահմանելով 10-ից 12 օր։ Այդ մասին նա հայտարարել է Շոտլանդիայում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերի հետ բանակցություններից հետո։

«Ես պատրաստվում եմ սահմանել նոր վերջնաժամկետ՝ մոտ տասը կամ տասներկու օր այսօրվանից։ Չկա սպասելու անհրաժեշտություն։ Ես ցանկանում էի լինել առատաձեռն, բայց պարզապես առաջընթաց չենք տեսնում»,- ասել է Թրամփը։

Նրա խոսքով, Ուկրաինայում հրադադարի հարցը բազմիցս քննարկվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Մենք կարծում էինք՝ ամեն ինչ կարգավորվել է, բայց հետո Ռուսաստանը նորից սկսում էր հրթիռակոծել որևէ քաղաք, օրինակ՝ Կիևը»,- նշել է նա։

Հուլիսի 14-ին Թրամփը 50-օրյա ժամկետ էր ներկայացրել Մոսկվային՝ պահանջելով խաղաղ համաձայնագիր կնքել Կիևի հետ։ Չկատարելու դեպքում նա սպառնացել էր Ռուսաստանի նկատմամբ սահմանել 100 տոկոսանոց մաքսատուրքեր և երկրորդային սահմանափակումներ այն երկրների հանդեպ, որոնք շարունակում են գնել ռուսական նավթ, գազ և այլ էներգակիրներ։

Միաժամանակ, ԱՄՆ առաջնորդը հայտնել է, որ Վաշինգտոնը և Եվրոպական միությունը համաձայնության են հասել Ուկրաինային ամերիկյան զինտեխնիկայի մատակարարման շուրջ։ Նշվում է, որ ծախսերը կկրի Եվրամիությունը, իսկ մատակարարումները կներառեն ոչ միայն հրթիռներ, այլև Patriot հրթիռային համակարգեր։

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Թրամփի հայտարարությունները «բավական լուրջ» է որակել՝ հավելելով, որ Մոսկվային ժամանակ է հարկավոր դրանք վերլուծելու համար։ Նրա խոսքով, Պուտինը կարձագանքի այդ հայտարարություններին, եթե անհրաժեշտ համարի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով