Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հաշվետու խորհրդակցություն։ Ամփոփվել են Ծառայության Երևան քաղաքի և տարածքային ստորաբաժանումների կողմից 2025 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։ Հաշվետու խորհրդակցությանը մասնակցել են Ծառայության ղեկավար կազմը, կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների պետերը։ Այս մասին հայտնում են ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:
Կիսամյակային արդյունքային ցուցանիշներով արձանագրվել է, որ 2025 թվականի առաջին կիսամյակում բռնագանձվել է ավելի քան 29 մլրդ․ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 12 %-ով։ Պետբյուջեի օգտին բռնագանձված շուրջ 9 մլրդ, 780 մլն․ դրամ գումարը գերազանցում է նախորդ տարվա համադրելի ցուցանիշը շուրջ 14 %-ով, ֆիզիկական անձանց օգտին բռնագաձվածը՝ 49 %-ով։ Նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համար ավելի քան 6%-ով աճել է բռնագանձված կատարողական ծախսը։ Ընդհանուր առմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում կարճվել է 466․142 կատարողական վարույթ։
Ամփոփելով Ծառայության 2025 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները՝ Գլխավոր հարկադիր կատարողը դրական է գնահատել Ծառայության կիսամյակային գործունեության ցուցանիշները։ Միևնույն ժամանակ ստորաբաժանման ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ արդյունավետ աշխատանքի կազմակերպման ուղղությամբ։