Աշխատանքային այցով Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 28-ին հանդիպել է Եթովպիայի Հանքարդյունաբերության նախարար Հաբթամու Թեգեգնեին։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները՝ հատկապես այն ոլորտներում, որտեղ առկա են փոխլրացնող հետաքրքրություններ և համատեղ աշխատանքի ներուժ։
Նախարար Պապոյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները հանքարդյունաբերական քաղաքականության, տնտեսական ռազմավարական ուղղությունների և ներդրումային միջավայրի զարգացման համատեքստում՝ կարևորելով միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակումը։