civilnet.am Հայաստանը ոչ թե չի ընդունել ամերիկյան առաջարկ, այլ երբևիցե չի քննարկել և չի քննարկելու որևէ առաջարկ, որը իր օրենսդրությամբ նախատեսված չէ, հայտարարել է ԱԺ փոխնախագահ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։
«Հայաստանի օրենքներով և օրենսդրությամբ հողի վարձակալություն երևույթ գոյություն չունի»,- ասել է Ռուբինյանը Ֆակտոր ՀԸ-ի երկուշաբթի հրապարակված հարցազրույցում։
Տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ նա ասել է, որ Հայաստանը ոչ միայն պատրաստ է, այլև ուզում է ապաշրջափակել տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաները՝ երկաթգծերը, ավտոճանապարհները, մալուխներ անցկացնել, գազատարներ և այլն։ Դա, ըստ նրա, ներառված է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում, որը առաջ է քաշել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ Ռուբինյանը չորս սկզբունք է առանձնացրել.
Տարածքային ամբողջականության սկզբունքը, երբ բոլորն ընդունում են, որ այս կամ այն տարածքը պատկանում է այս կամ այն կողմին․
Ինքնիշխանության սկզբունքը՝ պետության՝ իր տարածքում սեփական իշխանությունը իրագործելու իրավունքը և հնարավորությունը;
Իրավազորության սկզբունքը, երբ ոչ միայն տարածքում, այլև ենթակառուցվածքի վերաբերյալ գործում են Հայաստանի օրենքները… «որ ընթացակարգերը, որով գնացքը պիտի հատի [սահմանը], լինեն ըստ Հայաստանի օրենսդրության»։
Փոխադարձության սկզբունքը, «օրինակ, Ադրբեջանից Հայաստանի տարածքով երրորդ երկիր գնացող մարդիկ և բեռները պիտի գնան նույն ձևով և նույն պայմաններով»։
Ռուբինյանը լրատվամիջոցներին կոչ է արել չօգտագործել «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որը, նրա խոսքով, Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներ է պարունակում. «Հայաստանում չկա Զանգեզուր տարածքային միավոր»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում