«Մենք առջեւից էինք սպասում, բայց ձախից հարձակվեցին». փոխգնդապետի ցուցմունքը՝ Հովիկ Գաբրիելյանի գործով

2020 թ․ հոկտեմբերի 4-ին ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի առանձին զրահատանկային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանը պաշտպանության է անցել Ջրականի տարածքում՝ Շուքյուրբեյլի–Ջրական ուղղությամբ։ Նրանից աջ տեղակայվել է հատուկ նշանակության բրիգադը՝ գնդապետ Վահագն Ասատրյանի ղեկավարությամբ, նրանից էլ աջ՝ մեկ այլ առանձին զրահատանկային գումարտակ՝ փոխգնդապետ Համլետ Լեւոնյանի ղեկավարությամբ։

Այս տվյալները Հովիկ Գաբրիելյանի վերաբերյալ քրեական գործից են, համաձայն որի՝ Գաբրիելյանը հոկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը չթույլատրված նահանջ է իրականացրել՝ թողնելով զբաղեցրած բնագիծն ու այդ մասին չտեղեկացնելով իրենից աջ գտնվող վերոնշյալ ստորաբաժանումներին։ Դրա հետեւանքով հակառակորդն անցել է նրանց թիկունք, շրջափակման մեջ գցել նրանց՝ պատճառելով նյութական եւ մարդկային կորուստներ։

Այդ ստորաբաժանումներից մեկի՝ հատուկ նշանակության բրիգադի առաջին ջոկի շտաբի պետ, փոխգնդապետ Արթուր Աբգարյանը երեկ ներկայացել էր Հակակոռուպցիոն դատարան՝ կատարվածի վերաբերյալ վկայություն տալու։ Նա, սակայն, մեղադրյալ Գաբրիելյանին չէր ճանաչում, ասաց՝ նույնիսկ տեղյակ չի եղել, որ նրա ստորաբաժանումն իրենց հարեւանությամբ է եղել։

Հովիկ Գաբրիելյանն այժմ տնային կալանքի տակ է։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Առաջին գրոհը՝ երեկոյան

Ներկայանալով դատարանին՝ փոխգնդապետ Արթուր Աբգարյանը հայտնեց, որ չգիտի, թե կոնկրետ ինչ գործի շրջանակում է հրավիրվել դատարան, բայց հոկտեմբերի 4-ի եւ 5-ի իրադարձությունները լավ է հիշում․ 

«Հոկտեմբերի 4-ին հատուկ նշանակության բրիգադը մտել էր էդ տարածք, երկու ջոկ էր․ առաջինը՝ նորակոչիկներինը, մեր ջոկն էր՝ հրամանատարը՝ Կարեն Բաբայան, երկրորդում պայմանագրայիններ էին։ Ընդհանուր 150-200 հոգի էինք, մոտ 1 կմ բնագծով։ Հարաբերական խաղաղ վիճակ էր, անձնակազմը ձեռքի տակ եղած միջոցներով խրամատներ էր փորում»։ 

 

Ձախից՝ մեղադրյալ հովիկ Գաբրիելյանը, պաշտպան Վրեժ Խաչիյկյանը

Մեղադրյալի պաշտպան Վրեժ Խաչիկյանը հետաքրքրվեց՝ սահմանված կարգով խրամատներ, խրամուղիներ, խրամափոսեր չկայի՞ն, ինչին վկան բացասական պատասխանեց։

«Երեկոյան՝ ժամը 6-ի կողմերը, մեզ վրա հարձակում եղավ, 6 տանկ էր, 3 էշելոն, չեմ կարող ասել՝ ձախ հարեւանն ով էր, իմ իմանալով՝ դեսանտագրոհային գումարտակն էր, նրանցից ձախ՝ էլ չեմ իմանում, աջից մարդ չկար․․․ Բոլորս մտանք խրամատ, տանկերը կրակում էին, նաեւ դիպուկահար էր աշխատում, էդպես անվախ գալիս էին։ Մոտ 30 րոպե առաջացան, բավականին մոտեցան, մեկ էլ մեր թիկունքից՝ Արալեռի վրայից, մեր հայկական ստորաբաժանումները տանկերը ոչնչացրին, 6 տանկն էլ խոցեցին․ 1-ը՝ թերի, 5-ը՝ վերջնական, ու էդ անձնակազմը էլ չեկավ մեր ուղղությամբ, մեր տեսադաշտից կորավ»,- պատմեց վկան։

- Դուք 6 տանկն էլ անձամբ տեսե՞լ եք,- հարցրեց հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը։

- Հստակ։

- 6-ն էլ խոցվե՞լ են։

- Մեկը վիրավոր մնաց, 5-ը վառվեցին, առավոտ արդեն էդ մեկն էլ չկար։

- Ի՞նչ հեռավորության վրա, ինչպե՞ս եք դիտարկել։

- 1․5-2 կմ-ից՝ անզեն աչքով,- պատասխանեց վկան՝ հավելելով, որ տանկերի խոցումից հետո հետեւակը կորել է իրենց տեսադաշտից․

- Դուք նրանց նահանջը տեսե՞լ եք,- հարցրեց պաշտպան Վրեժ Խաչիկյանը։

- Տեսանք, որ մի քիչ հետ ու դեպի ձախ գնացին, դրանից հետո էլի հետ գնացին թե ինչ, ես չգիտեմ, իմ կարծիքով՝ շեղեցին շարժման ուղղությունը, գնացին զորամասի վրա, քանի որ մեր գումարտակի աջ թեւը բաց էր,- պատասխանեց վկան։

Երկրորդ գրոհը՝ լուսաբացին

Փոխգնդապետ Աբգարյանի խոսքով՝ դրանից հետո դարձյալ հարաբերական հանգիստ վիճակ է եղել, գիշերային հերթապահություն են իրականացրել, ուժեղ անձրեւել է․ «Լույսը որ բացվեց, զինվորները վերեւից ներքեւ ցեխ էին»։

Առավոտյան՝ ժամը 10-ի մոտակայքում, ձախ կողմից դեպի իրենց են սկսել շարժվել հակառակորդի 3 Կամազ, եկել-գնացել են, գնդապետ Գեղամ Գաբրիելյանն ասել է, թե մերոնք են, չկրակեն։ Թե ինչու է այդպես կարծել, վկան չգիտեր, նշեց՝ հետո նորից են հայտնվել եւ ի վերջո ձախ կողմից հանկարծակի հարձակում սկսել։

Հանրային մեղադրողը խնդրեց բացատրել, թե ինչու էր այդ հարձակումը անսպասելի․

 

Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը

- Գիշերվա ընթացքում հրահանգավորման համաձայն՝ որտեղի՞ց էիք ակնկալում հարձակում։

- Դիմացից։

- Իսկ աջի՞ց։

- Ոչ աջ, ոչ ձախ, աջը մեր երկրորդ ջոկն էր պահում, ձախում էլ գիտեինք, որ ուրիշ ստորաբաժանում կա։ Դա ամենամեծ խուճապն էր, մենք դիմացից սպասում էինք հակառակորդին, կանգնած էինք, պաշտպանության դիրք էինք ստեղծել, բայց մեր ձախ թեւից հարձակվում են՝ էն դեպքում, երբ մենք գիտեինք, որ ձախ թեւում մերոնք են, էդ նույնն էր, որ մեր աջ ջոկատը մեր վրա հարձակվեր։

- Դիցուք՝ ձախում գումարտակ չկար, Ձեր վերադաս հրամանատարը Ձեզ կտեղեկացնե՞ր այդ մասին։

Այս հարցով, ըստ ամենայնի, մեղադրողը փորձում էր ցույց տալ, որ եթե մեղադրյալը զեկուցած լիներ իր նահանջի մասին, վերադաս հրամանատարությունից այդ տեղեկությունը նաեւ մյուս սպաներին կհասներ։

- Հնարավոր է, որ ինձ՝ չէ, բայց իմ գումարտակի հրամանատարին՝ այո,- պատասխանեց վկան։

- Գումարտակի հրամանատարը որ իմանար, հնարավո՞ր է Ձեզ չասեր,- ճշգրտեց մեղադրողը։

- Ամենայն հավանականությամբ՝ նա էլ ինձ կհրահանգավորեր, որ ձախն էլ պահեինք։ - Գիշերվա ընթացքում ձեր ձախ թեւի վերաբերյալ ի՞նչ տեղեկություններ եք ստացել։

- Ոչ մի բան, իմ ստանալու տեղն էլ չէր, անմիջական հրամանատար չէի, կողքից էլ չեմ իմացել, հետագայում խոսակցություններից եմ լսել, որ մեր կողքի ստորաբաժանումը նահանջել է, բա իմացաք՝ էս ինչը փախավ․․․ Բայց դե, բերան-բերան, հազար բերան, կներեք, որ էսպես եմ ասում։

Պաշտպան Վրեժ Խաչիկյանը վկային տեղեկացրեց, որ Հովիկ Գաբրիելյանը մեղադրվում է այն բանի համար, որ իր տեղակայման վայրից՝ վկայի ստորաբաժանումից ձախ մինչեւ դեսանտագրոհայինների կազմը, իր անձնական շահագրգռվածությունից ելնելով, զորքի կյանքը փրկելու համար դուրս է եկել։ Արդյունքում, ըստ մեղադրանքի, հենց այդ հատվածից է թշնամին եկել եւ շրջանցել թիկունք։ 

- Բայց Ձեր նկարագրածի պայմաններում հասկանում ենք, որ դեսանտագրոհայինից էլ այն կողմ՝ ավելի ձախից է շրջանցել։ Դուք ի՞նչ եք կարծում՝ հենց Հովիկ Գաբրիելյանի տարածքի՞ց է ներս մտել, թե՞ դրանից էլ այն կողմից,- դիմելով վկային՝ հարցրեց պաշտպանը։

- Եթե Հովիկ Գաբրիելյանի դիրքը եղել է Սամվելավան գյուղի մեջ, էդտեղով չի եկել, գյուղից դուրս է եկել, իմ տեսածով՝ գյուղը մնում էր ձորի մեջ, ձախ կողմը թումբ էր, դա էր պահում դեսանտագորհայիններին։

- Այսինքն՝ Սամվելավան գյուղի առջեւից չի հարձակվել, ես ճի՞շտ հասկացա։

- Իմ պատկերացրածով՝ այո, ամենայն հավանականությամբ գյուղը վերջանում էր, նոր։

Զորքի բարոյահոգեբանական վիճակը՝ դրական

Մեղադրողը հետաքրքրվեց նաեւ զորքի բարոյահոգեբանական վիճակով, եւ երբ վկան այն դրական որակեց, խնդրեց բացատրել՝ ինչպե՞ս է, որ առաջին անգամ էին հակառակորդի հետ անմիջական մարտի դուրս եկել, բայց բարոյահոգեբանական վիճակը դրական էր։

- Վտանգավոր չէ՞ր, ինչպե՞ս էր դրական։

- Մենք որ տանկերին խփեցինք, անձնակազմի ոգեւորությունը մի ուրիշ ձեւ էր, ոչ մեկս չէր մտածում, որ էդ ցածր խրամատներից․․․ Պատկերացրեք՝ մինչեւ պատերազմի վերջ էլ երբ ասում էինք՝ կամավոր ով դուրս կգա, էսինչ բանն է պետք անել, զինվորները գնում-գալիս էին, խնդրում էին՝ բա մեզ էլ տարեք, իրենք չկոտրվեցին ընդհանրապես, իսկ էդ գիշեր չեմ կարող նկարագրել՝ ինչ անձրեւ էր, բայց առավոտյան ցեխոտ շորերով մարտի պատրաստ կանգնած էին։

Արթուր Աբգարյանի խոսքով՝ քանի որ դիմակայելն արդեն անհնարին է եղել, նահանջի հրաման են ստացել․ հոկտեմբերի 5-ին ժ․ 5-ին արդեն դիրքերից դուրս եկած են եղել․ 

«2-րդ ջոկատը պահեց էնքան, որ 1-ինը դուրս գար խրամատներից, գնացինք մտանք ձոր, վարորդները մեքենաների մոտ էին, հանեցինք գծի վրա ու 2-րդ ջոկատն էլ սկսեց, ձորով թեքվեցինք, ով ոնց կարողացավ, նստեց մեքենա ու սկսեցինք շարժվել դեպի զորամաս, 1-ինը՝ Բաբայան Կարենի մեքենա, 2-րդը՝ ես, մեզնից առաջ գնացել էր սկոռին, ու չեմ հիշում, էդ երկու մեքենան հետ էին գալիս, ճամփին կանգնացրին, ասացին՝ մի գնացեք, զորամասը տեղում չի․․․ Անցանք վարած հողերի մեջ, այդ ժամանակ գնդապետ Գաբրիելյանը ուղղորդումը վերցրեց իր վրա, ասեց՝ սարերի միջով սենց ենք գնում, առաջ շարժվեցինք, հասանք զորամասի կողքը, տեսանք՝ 3 մեքենա է մեր հետեւից գալիս, ռակետով խփում էին, մենք հողի մեջ էինք։ Կիսախառնաշփոթ, էշելոնավորված նահանջում էինք, Ասատրյանը նռնակաձիգներին հրաման տվեց, 3-ին էլ խփեցինք, ճանապարհից դուրս ընկան։ Շարունակելուց հետո մեզ հանդիպեց հակառակորդի եւս մի խումբ, ամբողջ բրիգադով կրակել ենք, 10-12 հոգանոց, ոչնչացրինք։ 2-րդ խումբը հանդիպեց, խփեցինք, միայն մեկը սաղ մնաց»,- մանրամասնեց վկան՝ հավելելով, որ զորամասի տարածքում նաեւ հայերեն խոսող ադրբեջանիներ կային, բայց հայկական համազգեստով չէին, նրանց եւս ոչնչացրել են։

Դատավոր Վարդգես Սարգսյանը

Հաջորդ լարված դրվագը, ըստ վկայի ցուցմունքի, եղել է զորամասի մոտակայքում՝ մատուռի մոտ, երբ դարձյալ կրակոցներ են եղել եւ այնքան շատ ու խառը, որ չեն կողմնորոշվել, թե որ կողմից է հակառակորդը կրակում։ Այդ ողջ ընթացքում Աբգարյանը 1 զոհ է ունեցել՝ Հենզել Բաղդասարյանը, զոհվել է հրազենի կրակոցից Ջրականի զորամասի խաչի մոտ, եւ 1 անհետ կորած՝ Նարեկ Թովմասյանը․ «Մինչեւ Ջաբրայիլի քանդված շինությունը նա մեզ հետ է եղել, հրամանատարը հրաման է տալիս՝ շարվեք, դիրք բռնեք, էդ ժամանակ Բաբայան Կարենը առաջանում, ПК է վերցնում, Նարեկը միջամտում, ասում է՝ հրամանատար, ես ստեղ եմ, դու պիտի գնա՞ս, ու հետո էլ էդ էրեխուն չենք տեսնում․․․ Խղճիս կծանրանա, եթե ասեմ՝ զոհվել է, բայց խղճիս կծանրանա, եթե չասեմ զոհվել է, չգիտեմ»,- հայտնեց վկան՝ հավելելով, որ այս բոլոր գրոհներին դիմակայելուց հետո անձնակազմը հասել է Մեղրու զորամաս, միացել նրանց։

Այսպիսով նրա հարցաքննությունը ավարտվեց, հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 6-ին։