aravot.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ժխտում, որ Գազայում մարդիկ սովի են մատնված։ Այսպիսով՝ Թրամփը հակասել է իր մտերիմ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, որը պնդել է, թե Գազայում մարդիկ սովից չեն մահանում։
«Դատելով հեռուստատեսությամբ հեռարձակվող կադրերից՝ ես այդքան էլ համաձայն չեմ։ Այդ երեխաները շատ քաղցած տեսք ունեն», – հայտարարել է ԱՄՆ նախագահը Շոտլանդիայի իր մասնավոր կալվածքում Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Ստարմերի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։
«Մենք սննդի կենտրոններ ենք հիմնելու (Գազայի հատվածում – Ա․Ա․)։ Դա անելու ենք շատ լավ մարդկանց հետ համակարգված», – տեղեկացրել է նախագահը։
Ըստ Թրամփի՝ ամերիկյան այս նախաձեռնությանը կմասնակցեն նաեւ Մեծ Բրիտանիան եւ բոլոր եվրոպական երկրները։
Սպիտակ տան ղեկավարը հավելել է՝ «Ես Իսրայելին, Բիբիին ասել եմ, որ միգուցե գործողություններն այլ կերպ պետք է իրականացնել»՝ ուղիղ պատասխան չտալով լրագրողի հարցին՝ Իսրայելը որեւէ բան արե՞լ է՝ Գազայի քաղաքացիական բնակչությանը չվնասելու համար։
Լրագրողի հարցին՝ վարչապետ Նեթանյահուի հետ հաջորդ զրույցի ժամանակ ի՞նչ կքննարկի, նախագահ Թրամփը պատասխանել է՝ Նեթանյահուն պետք է չարգելափակի մարդասիրական օգնության մուտքը Գազա։
«Մենք գումար եւ սնունդ ենք հատկացնում․․․նա պետք է հետեւի, որ սնունդը տեղ հասնի։ Ես ցանկանում եմ, որ նրանք ստանան մեր հատկացրած սննդի ամեն ունցիան, որովհետեւ այդ սնունդը տեղ չի հասնում, համենայնդեպս՝ դրա ամբողջ մասը տեղ չի հասնում», – ընդգծել է Դոնալդ Թրամփը։
Վարչապետ Քիր Ստարմերն էլ իր հերթին նշել է՝ Գազայում կատարվողը «բացարձակապես անհանդուրժելի է»։