Երեւանի քրեական դատարանում րոպեներ առաջ ավարտվեց 2022 թ․ վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի զոհ դարձած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի գործով շուրջ 3 տարի տեւած դատաքննությունը։
Ժամեր շարունակ տեւած նիստի ընթացքում մեղադրյալ Արամ Նավասարդյանի պաշտպանը հայտարարեց, որ մեղադրանքն ամբողջությամբ անհիմն է, եւ միջնորդեց կայացնել արդարացման վերդիկտ մեղսագրված արարքը կատարված չլինելու հիմքով։ Պաշտպանն անգամ կարծիք հայտնեց, որ տուժողը դիտավորյալ խոչընդոտել է երկրի ղեկավարի ավտոշարասյանը՝ քաղաքական հայացքներով պայմանավորված, ինչը զայրացրեց Մնացականյանի հորը։
Հանրային մեղադրողը դիրքորոշում հայտնեց, որ միակ ճիշտ քայլը, որ պաշտպանական կողմը կարող էր անել, մեղքը ընդունելն էլ, զղջալն ու տուժողի հարազատներից ներողություն խնդրելը։ Մեղադրողը պնդեց՝ Արամ Նավասարդյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ հաստատվել է, եւ միջնորդեց կայացնել մեղադրական վերդիկտ։
Տուժող կողմն էլ միջնորդեց մեղավոր ճանաչել ճանապարհատրանսպորտային կանոնները խախտելու մեջ, իսկ դեպքի վայրը թողնելու հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնել արարքի ապաքրեականացման հիմքով (ոչ արդարացնող հիմք է,-հեղ.)։
Մեղադրյալը հանդես եկավ եզրափակիչ ելույթով՝ ցավ հայտնելով կատարվածի համար եւ նշելով, որ անարդար քննությունը մի ցավ էլ իրեն է տվել։
Դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, հեռացավ առանձին սենյակ՝ վերդիկտ կայացնելու։
Մանրամասները՝ ավելի ուշ։