Արամ Նավասարդյանը մեղավոր ճանաչվեց Սոնա Մնացականյանի մահվան գործով

«Ճանապարհային ոստիկանության» ուղեկցող սպայական վաշտի դասակի հրամանատար, Ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանը մեղավոր ճանաչվեց 2022 թ․ վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի զոհ դարձած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի գործով։

Երեւանի քրեական դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, քիչ առաջ վերադառնալով առանձին սենյակից, հրապարակեց Նավասարդյանի վերաբերյալ մեղադրական վերդիկտը։

Դատավորի խոսքով՝ Նավասարդյանը մեղավոր ճանաչվեց ճանապարհատրանսպորտային կանոնները խախտելու համար, որն առաջացրել է մարդու մահ եւ դեպքի վայրը թողնելու համար։

Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայության արգելքը մնաց անփոփոխ, մինչեւ պատժի նշանակումը։

Ըստ քրեական դատավարության գործող կարգի՝ այդ հարցը պետք է քննարկվի վերդիկտից առանձին՝ լրացուցիչ դատալսումների ժամանակ։ Հաշվի առնելով, որ պաշտպանները ներկա չէին դատական նիստին՝ այսօրվա նիստը հետաձգվեց։ Այն կշարունակվի օգոստոսի 13֊ին։

Ողբերգական դեպքը, հիշեցնենք, տեղի է ունեցել 2022 թ․ ապրիլի 26-ին Լեո-Պարոնյան խաչմերուկում։ 28-ամյա Սոնա Մնացականյանը փողոցը հատում էր կանաչ լույսի ներքո՝ հետիոտնային գծանմուշներով, երբ վարչապետի ավտոշարասյան առաջին մեքենան հարվածեց նրան։ Շարասյունն առաջնորդում էր հենց Արամ Նավասարդյանը։

Ողջ դատաքննության ընթացքում նա մեղադրանքը չի ընդունել եւ պնդել է, որ իր նկատմամբ տեղի է ունենում անարդար քննություն։ Ըստ պաշտպանական կողմի՝ փորձագետները կադր են հանել՝ այդպիսով արհեստականորեն մեծ ցույց տալով Նավասարդյանի մեքենայի արագությունը։ Կառավարության համապատասխան որոշմամբ՝ այն չպետք է գերազանցեր 100 կմ/ժ-ը, սակայն փորձաքննության եզրակացության համաձայն՝ 108.7 կմ/ժ էր, իսկ ըստ պաշտպանների՝ 72 կմ/ժ։

 

Սոնա Մնացականյանի գործի վերաբերյալ «Ինֆոքոմի» հետազոտությունը կարող եք կարդալ այստեղ։

 

Լուսանկարում՝ Արամ Նավասարդյանը 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով