Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան ներկայացրել է դիմում, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելուն, այնքանով, որքանով վիճարկվող դրույթներով սահմանվում է բացարձակ արգելք՝ երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրություն, երկու աչքերի (բինօկուլյար) կուրություն ունեցող անձանց՝ դատավորի պաշտոնում նշանակվելու համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից։
«Նշված դիմումի քննության շրջանակներում Սահմանադրական դատարան կարծիք է ներկայացրել ոլորտում ակտիվ գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններից մեկը:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը առանցքային է համարում գործընկեր հասարակական կազմակերպությունների գործունեությունն ու նրանց հետ համագործակցությունը»,- նշված է ՄԻՊ հայտարարության մեջ։
Նշենք, որ Սահմանադրական դատարան կարծիք ներկայացրած կազմակերպությունը «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն է։
Ստորև ներկայացնում ենք նաև ՀԿ-ի հայտարարությունը․
«ՀՀ Սահմանադրական դատարանում գրավոր ընթացակարգով քննվում է մի գործ, որը վեր է հանում խորքային հարց՝ արդյոք թույլատրելի՞ է հաշմանդամության հիմքով արգելել հաշմանդամություն ունեցող որոշ անձանց դատավորի պաշտոնում նշանակվելը։ Այս գործը քննվում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն Սահմանադրական դատարան է ներկայացրել բարեկամական ամփոփագիր (amicus brief), որը ներկայացնում է միջազգային փորձը և մեր իրավական փաստարկները։ Թեև վիճարկվող կետերն ուղղակիորեն առնչվում են խուլ և կույր անձանց, մենք անդրադարձել ենք մյուս խմբերի, այդ թվում՝ հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց բացառմանը»։
ՀԿ-ի խնդրանքով այս փաստաթղթին կից ներկայացվել է շուրջ 30 տարի ԱՄՆ բարձրագույն դատարաններից մեկում ծառայած պաշտոնաթող դատավոր Դեյվիդ Ս․ Թեյթլի հատուկ նամակը։
Նշվում է, որ դատավոր Թեյթլը, լինելով կույր անձ պաշտոնավարման ամբողջ ընթացքում, արդյունավետ կերպով իրականացրել է դատավորի գործառույթները՝ քննելով երկրի ամենաբարդ և լայն հնչեղություն ունեցող գործերը, ընդունելով բազմաթիվ բեկումնային որոշումներ։
Իր նամակում նա գրում է․ «Հայաստանի կառավարության 685-Ն որոշման համաձայն, որով «երկկողմանի (բինոկուլյար) կուրություն» ունեցող անձինք բացառվում են դատական ծառայությունից, ես չհամապատասխանող կդասվեի Հայաստանում դատավոր լինելու համար։ Սա այն դեպքում, երբ տասնյակ տարիներ ապացուցել եմ, որ կարող եմ լիարժեք կատարել դատավորի պարտականությունները՝ խելամիտ հարմարեցումների եւ հեշտությամբ հասանելի եւ շարունակաբար զարգացող տեխնոլոգիաների շնորհիվ»։