Սոնա Մնացականյանի գործով կողմերի եզրափակիչ ելույթները՝ ամփոփ

«Հուսով եմ՝ դատարանը կառաջնորդվի ոչ թե մի խումբ անձանց ճնշումներով, այլ օրենքի տառով, իմ գործողությունները  կգնահատի ինձ վերաբերելի իրավական նորմերով եւ կկայացնի արդարացման վերդիկտ»,- 2022 թ․ վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի զոհ դարձած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի գործով մեղադրյալ Արամ Նավասարդյանի վերջին խոսքերն են դատարանում։

2025 թ․ հուլիսի 29-ին այս գործով կողմերը ժամեր շարունակ հանդես եկան եզրափակիչ ճառերով, ապա ռեպլիկների փուլում արձագանքեցին միմյանց պնդումներին, ինչից հետո մեղադրյալն այսպես ավարտեց դատաքննությունը․ «Ես իրականացրել եմ իմ պաշտոնական պարտականությունները, այն է՝ ուղեկցել պետական պաշտոնատար անձի ավտոշարասյունը, հետեւաբար ՃԵԿ-ի 67-րդ կետը ինձ վերաբերելի չէ, իսկ շարասյան ուղեկցողի գործողություններին ուղղակիորեն առնչվող 26-րդ կետը սույն գործով դիտավորությամբ քննության առարկա չի դարձվել։ Ցավում եմ կատարվածի համար, կրկին իմ ցավակցությունն եմ հայտնում տուժողի հարազատներին եւ սգում նրա մահը։ Անարդար քննությամբ փորձաքննություններ չնշանակելը, սույն գործի համար վճռորոշ նշանակություն ունեցող հարցը՝ վտանգի առաջացմա պահը հանելը մի ցավ էլ ինձ են պատճառել»,- նշեց Նավասարդյանը։

Վերջինս, հիշեցնենք, մեղադրվում է ճանապարհատրանսպորտային կանոնները խախտելու մեջ, որն առաջացրել է մարդու մահ, եւ դեպքի վայրը թողնելու մեջ։ Առաջադրված մեղադրանքը երբեւէ չի ընդունել։

Մեղադրողի ճառը

Հանրային մեղադրող Արմեն Բեգլարյանը ճառի սկզբում նշեց՝ ելույթը պատրաստելու ընթացքում նախ որոշել է անդրադառնալ բոլոր ապացույցներին, ապա մտափոխվել է․ քանի որ պաշտպանական կողմը չի վիճարկել, որ նշված մեքենան Արամ Նավասարդյանն է վարել, որ նա երթեւեկել է տվյալ հատվածով, որ նա իրականացրել է շարասյան ուղեկցում եւ նա է վրաերթն իրականացրել, այդ փաստական հանգամանքները, ըստ նրա, հիմնավորելու անհրաժեշտություն այլեւս չկա։

Մեղադրող Բեգլարյանը նշեց՝ անձի վերաբերյալ մեղադրական վերդիկտ կայացնելու համար դատարանը պետք է պատասխանի հետեւյալ հարցերին՝

  • ապացուցված է արդյոք արարքը,
  • արդյոք այդ արարքը քրեորեն պատժելի է,
  • արդյոք այդ արարքը մեղադրյալն է կատարել,
  • եւ ապացուցված է արդյոք արարքի կատարման մեջ անձի մեղավորությունը։

 

Այս բոլոր հարցերի պատասխանները, ըստ մեղադրողի, ստացվել եւ հիմնավորվել են։

Անդրադառնալով առաջին հարցին՝ Արմեն Բեգլարյանը նշեց՝ դատարանում հետազոտված տեսաձայնագրությունները, դրանց զննության արձանագրությունները, նշանակված փորձաքննությունների եզրակացությունները, վկաների ցուցմունքները, իրեղեն ապացույցները, դեպքի վայրի զննության արձանագրությունը հիմնավորում են, որ 2022 թ ապրի 26-ին Պարոնյան-Լեո խաչմերուկում տեղի է ունեցել այդ ողբերգական դեպքը։

Անդրադառնալով երկրորդ հարցին՝ արարքի քրեաիրավական որակմանը՝ մեղադրողը հիշեցրեց՝ պաշտպանական կողմը այս կետը վիճարկել է 2 հիմնական հանգամանքներով․ մեկը վերաբերում է «վայրկյան-կադր» հասկացության մեջ մեկ կադր պակասելուն, երկրորդն էլ՝ դրանով պայմանավորված՝ արագության գերազանցման փաստին․  «Այդ նպատակով դատաքննության ընթացքում դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը եւ դատարան հրավիրեց փորձագետներին, որոնք էլ դատարանում ցուցմունք տվեցին՝ պնդելով իրենց եզրակացությունները եւ հաստատելով արարքի քրեական հակաիրավականությունը»։

Մեղադրողը պնդեց՝ դատատեխնիկական փորձաքննության եզրակացությունը միակ անվիճելի եւ բարձր արժանահավատություն ունեցող ապացույցն է, որը փաստում է, որ տեղի է ունեցել Կառավարության համապատասխան որոշմամբ նշված կանոնի խախտում, ընդ որում՝ կանոնը խախտվել է ե՛ւ արագության գերազանցման տեսանկյունից, ե՛ւ հայտնաբերելու եւ ժամանակին կանխելու տեսանկյունից։ Ասվածը ավելի հասկանալի դարձնելու համար մեղադրողը մեջբերեց փորձագետի եզրակացությունից մի հատված․

Հանրային մեղադրողը

«Տոյոտա պրադո մակնիշի հատուկ նշանակության ավտոմեքենայի վարորդը, երթևեկելի ուղեմաս մուտք գործելու պահից սկսած, հետիոտային անցումով իր երթևեկության ուղղությամբ ճանապարհը ձախից դեպի աջ ուղղությամբ հատող հետիոտնի առկայության եւ տվյալ ճանապարհատրանսպորտային իրադրության պայմաններում երթևեկելով տվյալ ճանապարհահատվածում վերջինիս համար թույլատրելի՝ առավելագույն 100 կմ/ժ արագությունը գերազանցող՝ շուրջ 108.7 կմ/ժ արագությամբ, ժամանակին՝ ընդհուպ մինչև դրա կանգնեցնելը, միջոցներ չի ձեռնարկել իր վարած ավտոմեքենայի արագությունն իջեցելու համար, որի արդյունքում վրաերթի է ենթարկել հետիոտն Մանցականյանին․․․ Վարորդը տեխնիկական տեսանկյունից թույլ է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի, «Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման եւ էքսկորտ ուղեկցման ավտոտրրանսպորտային շարասյուների անվտանգ երթևեկության ապահովման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման 28-րդ կետի ԵՒ ճանապարհային երթևեկության կանոնների 67-րդ կետերի պահանջներին հակասող գործողություններ, դրանով պայմանավորել տվյալ վրաերթի առաջացումը՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից»։

Շարունակելով մեջբերումը՝ Արմեն Բեգլարյանը ընդգծեց՝ փորձագետն արձանագրել է նաեւ, որ վարորդին անհրաժեշտ էր առնվազն 98 մետր տարածություն տրանսպորտային միջոցը արգելակելու համար, սակայն վարորդի համար խոչընդոտը, տվյալ դեպքում՝ հետիոտնը, տեսանելի է եղել առնվազն 118 մետրից․ «Այսինքն՝ վարորդը առնվազն 20 մ ավելի մտածելու եւ գործելու ժամանակ է ունեցել»,- շեշտեց նա։

Բեգլարյանի խոսքով՝ կատարվածը անզգույշ հանցագործություն է, եւ անզգուշությունը դրսեւորվել է վարորդի հանցավոր ինքնավստահության մեջ․ «Ենթադրում եմ՝ գիտակցել է, որ խախտում է թույլ տվել, բայց մտածել է՝ կխուսափի քրեական պատասխանատվությունից, սակայն տվյալ պարագայում խուսափել հնարավոր չէ»։

Արմեն Բեգլարյանը նշեց՝ ենթադրելով, որ պաշտպանական կողմը միջնորդելու է կայացնել արդարացման վերդիկտ՝ փորփրել է հետազոտված ապացույցները՝ փորձելով գտնել գեթ մեկ ապացույց, որը կհերքի Նավասարդյանի մեղքը։ Սակայն այդպիսի ապացույց, ըստ նրա, չկա․ «Հակառակը՝ կան մեղքը հիմնավորող բազմաթիվ ապացույցներ, գրեթե բոլոր ապացույցները, յուրաքանչյուրը՝ այս կամ այն չափով, մեկը մյուսին փոխլրացնում է՝ դեպքի տեղի ունենալը, ժամանակը, հետեւանքը, նշված կանոնների խախտումը․․․  Արտաքնապես կարող է թվալ, թե սա առանձնակի բարդություն ներկայացնող գործ է, բայց ես կասեմ՝ ոչ, նախաքննությունն իրականացվել է որակով, եւ ես միջնորդում եմ մեղադրյալին մեղավոր ճանաչել 2003 թ․ ընդունված Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ եւ 244-րդ հոդվածի 1-ին մասերով՝ կայացնելով մեղադրական վերդիկտ»։

Տուժող կողմի ճառը

Տուժող Մնացական Մնացականյանի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը իր ելույթով նշեց՝ իրենք մնում են այն համոզման, որ այս գործով ապացույցների ապացույցը հանդիսանում են համապատասխան բնագավառի երկու փորձաքննությունների եզրակացությունները եւ դեպքի վայրի տեսագրությունը, որոնք դրանք բավարար են Արամ Նավասարդյանի մեղքը հաստատված համարելու համար։ Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ մյուս ապացույցներին անգամ մեղադրողը որեւէ հղում չկատարեց․ «Վկաների հարցաքննությունները ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության փուլերում ընդամենը քննության ընթացքն անհարկի ծանրաբեռնելուն ուղղված գործողություններ էին, որովհետեւ դրանք ոչինչ չէին փոխում այս դատաքննության ընթացքում։ Մենք հարցաքննեցինք մեծամասամբ շահագրգիռ անձանց, որոնք արագության վրա էին փորձում հղում կատարել, բայց այդ ցուցմունքները չունեին որեւէ էական նշանակություն»,- նշեց Ասլանյանը՝ հավելելով, որ դրա արդյունքում դատարանը 2 տարուց ավելի դատաքննության փուլում էր։

Ասլանյանը եւս մեջբերեց համալիր դատաավտոտեխնիկական եւ համալիր դատաավտոտեխնիկական-դատատեսաձայնագրային լրացուցիչ փորձաքննությունների եզրակակցություններից այլ հատվածներ՝ հիմնավորելով իր դիրքորոշումը․

«․․․Սույն փորձաքննությամբ առաջադրված ելակետային տվյալների համաձայն՝ վտանգը համարանիշի հատուկ նշանակության ավտոմեքենայի վարորդի համար առաջացել է այն պահին, երբ հետիոտնը հետիոտնային անցումով մուտք է գործել ավտոմեքենայի ուղեմաս, իսկ այդ պահին նշված ավտոմեքենան գտնվել է շուրջ 118.6 մ հեռավորության սահմաններում, և եթե վերջինիս վարորդը նշված պահից սկսած ղեկավարվեր ՃԵԿ-ի 67-րդ կետի պահանջներով և դիմեր արգելակման, ապա կունենար տվյալ վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն»։

Տուժողի ներկայացուցիչ ընդգծեց՝ թեեւ պաշտպանական կողմը կասկածի տակ դրեց այս եզրակացության արժանահավատությունը եւ նույնաբովանդակ 3 միջնորդություն ներկայացրեց՝ կրկնակի փորձաքննություններ նշանակելու համար, սակայն փաստ է, որ այս պահին սրանք իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթեր են եւ հանդիսանում են 242-րդ հոդվածի շրջանակում վարորդը մեղքը հիմնավորող ապացույցներ։

Անդրադառնալով մյուս՝ 244-դ հոդվածին՝ դեպքի վայրը թողնելուն՝ փաստաբանը հիշեցրեց, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ վարորդի ուղիղ պարտականությունն է անձամբ բժշկական օգնություն ցուցաբերել ճանապարհատրանսպորտային պատահարից տուժած անձին՝ շտապօգնության կամ երթևեկող որևէ այլ ավտոմեքենայով անձամբ ապահովել տուժողի տեղափոխումը համապատասխան բուժհիմնարկ, ինչը տվյալ դեպքում մեղադրյալը չի կատարել․ «Դատարանի ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ վարորդի դատավարական վարքագիծը այս առումով ևս հակասական է։ Մասնավորապես, դեպքի վայրի զննության ընթացքում վարորդը մասնակից է դարձել։ Նա նախ պնդել է, որ ինքը կանգնել է դեպքի վայրում, կայանել եւ մոտեցել է տուժողին, սակայն հետագայում ցուցմունքում նշել է, որ շփոթմունքի արդյունքում է այդպես ասել, ինչը, ըստ տուժող կողմի դիտարկման, ոչ թե շփոթմունք է, այլ ընդամենը հետագա քրեական պատասխանատվությունից զերծ մնալու պատճառաբանություն։ Պատվարժա՛ն դատարան, դատավարության որեւէ մասնակից չի կարող հերքել, որ դեպքից հետո Արամ Նավասարդյանը դեպքի վայրում չի մնացել։ Բացի այդ,  դատարանի ուշադրությունն եմ հրավիրում նաեւ այն հանգամանքին, որ ըստ տուժող կողմի դիտարկման` քննիչը դիտավորյալ չի առգրավվել «Նաիրի» բժշկական կենտրոնի տեսագրությունները՝ ստուգելու համար Արամ Նավասարդյանի ցուցմունքի արժանահավատությունը՝ արդյո՞ք հետո նա իսկապես իր ավտոմեքենայով մոտեցել է բժշկական կենտրոնին, թե ոչ, թեեւ դա մեղսագրման համար էական նշանակություն չուներ։ Եվ միայն 8-րդ օրն է քննիչը համապատասխան գրություն հասցեագրել բժշկական կենտրոնին, որտեղից քննիչին պատասխանել էր, որ տեսագրությունները պահպանվում են ընդամենը 7 օր։ Այսինքն՝ վարույթ իրականացնող քննիչը, միտված լինելով Արամ Աավասարդյանին զերծ պահել 244-րդ նախատեսված քրեական պատասխանատվությունից, քրեական վարույթի ողջ ընթացքում դրսևորել է կանխակալ վերաբերմունք»։

Ամփոփելով՝ Րաֆֆի Ասլանյանը նշեց, որ դատաքննության ընթացքում ձեռք բերված եւ դատարանում հետազոտված ապացույցները առավել քան բավարար են Արամ Ավասարդյանի անմեղության կանխավարկածը հաղթահարելու և վերջինիս նկատմամբ մեղադրական վերդիկտ կայացնելու համար։ Նա միջնորդեց Նավասարդյանին մեղավոր ճանաչել ճանապարհատրանսպորտային կանոնները խախտելու մեջ, իսկ դեպքի վայրը թողնելու հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնել արարքի ապաքրեականացման հիմքով (ոչ արդարացնող հիմք է,-հեղ․)։

Մահացածի հայրը՝ Մնացական Մնացականյանը, առանձին ելույթ չունեցավ, հայտարարեց, որ միանում է իր ներկայացուցչի դիրքորոշմանը։

Պաշտպանի ճառը

Ամենաերկարը ելույթ ունեցավ պաշտպանական կողմը՝ պարբերաբար գնահատականներ հնչեցնելով տուժող Սոնա Մնացականյանի վարքագծի վերաբերյալ եւ լարելով դատական նիստի մթնոլորտը։

Մասնավորապես, Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը նախ կասկած հայտնեց, ապա պնդեց, թե Սոնա Մնացականյանը շարասյանը խոչընդոտելու դիտավորություն է ունեցել․ «Հարց է առաջանում՝ ինչպե՞ս պետք է Նավասարդյանը գուշակեր, որ հետիոտնի համար կարգավորողի ազդանշանները իբր թե տեսանելի չէին կամ որ ճանապարհի երթեւեկելի մասը արագ ազատելու փոխարեն շուրջ 3 հետքայլ է կատարելու՝ հայտնվելով մեքենայի առջեւում։ Արդյո՞ք վարորդը պարտավոր է եւ ի վիճակի է գուշակել հետիոտնի կողմից հնարավոր իրավախախտում կատարելը, թե՞ պիտի ելնի այն կանխավարկածից, որ երթեւեկության բոլոր մասնակիցները պարտավոր են պահպանել ճանապարհաին երթեւեկության անվտանգությունը կարգավորող օրենսդրությունը․․․ Վարորդական վկայական ունենալու պայմաններում արդյո՞ք հետիոտնի, օրինակ, քաղաքական կողմնորոշումն է թույլ տվել վերջինիս չհարգել, անտեսել եւ խախտել ոչ միայն կարգավորողի կարգավորումները, այլ նաեւ ճանապարհային երթեւեկության կաոննները։ Հիշեցնեմ՝ չկա որեւէ տվյալ այն մասին, որ տուժողը իբր թե շփոթելու հետեւանքով է հետքայլ կատարել, պարոն Ասլանյանն էր կրկնում, դա ընդամենը տուժողի լիազոր ներկայացուցչի ենթադրությունն է, ով փորձում է հանգուցյալի փոխարեն ցուցմունք տալ։ Միգուցե տուժողը ողջ մնալու պայմաններում ցուցմունք տար, որ չի եոնթարկվել ցուցումներին եւ պայմանավորված վարչապետի անձով՝ վերջին պահին որոշել է չզիջել շարասյանը․․․ Հետիոտնի իրավախախտ վարքագիծը պարզ երեւում է»։

Պաշտպանի այս հայտարարությունները վրդովեցրին տուժողի հորը, որը, մի կերպ զսպելով զայրույթը, տեղից պարբերաբար արձագանքում էր՝ հարցնելով․ «Էս մարդն ադեկվա՞տ է»։ Նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը չաղմկելու եւ դատավարության ընթացքը չխոչընդոտելու հորդորներ էր անում։

Խոսելով գործի փաստական հանգամանքներից՝ պաշտպան Բալոյանը նախ անդրադարձավ գործի քննչական ենթակայությանը․ դա է սահմանում, թե որ հանցանքները քննչական որ մարմինը պետք է քննի։ Պաշտպանն ընդգծեց՝ Քրեական դատավարության՝ այդ պահին գործող օրենսգրքի համաձայն՝ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննությունն իրականացնում են Ազգային անվտանգության ծառայության քննիչները։ Մինչդեռ գործը քննվել է Քննչական կոմիտեում, ինչը, ըստ պաշտպանի կոպտագույն խախտում է, քանի որ Նավասարդյանը, որպես ոստիկան, հանդիսացել է պետական ծառայող․ «Քննչական կոմիտեի քննիչը վարույթ հարուցելու, նախաքննություն իրականացնելու եւ մեղադրանք առաջադրելու իրավասություն չեն ունեցել, խախտվել է Քրեական դատավարության նախկին օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված քաննչական ենթակայության իմպերատիվ պահանջը, որի արդյունքում գործով ձեռք բերված փաստական տվյալները եւ ապացույցները օրենքի եւ իրավունքի ուժով ակնհայտորեն անթույլատրելի են, անթույլատրելի ենընդունված բոլոր դատավարական որոշումները»,- պնդեց նա։

Հետագայում արձագանքելով պաշտպանի այս պնդմանը՝ Րաֆֆի Ասլանյանը կպարզաբաներ՝ նշված կարգավորումը վերաբերում է ոչ թե պետական ծառայող լինել-չլինելուն, այլ պաշտոնեական դիրքի կապակցությամբ ենթադրյալ հանցանք գործելուն, իսկ ճանապարհատրանսպորտային կանոնները խախտելը Նավասարդյանի պաշտոնի կապակցությամբ կատարված արարք չէ։

Տուժող կողմի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը, արձագանքելով պաշտպանի այս ելույթին, այն իրավական շանտաժ որակեց՝ նշելով՝ գոնե ներողություն խնդրեն, դիմում են շանտաժի։ Սա, ըստ Ասլանյանի, լավագույնս նկարագրում է պաշտպանական ճառի իրավական արժեքն ու տրամաբանությունը։

Պաշտպանները

Պաշտպանական կողմի հաջորդ փաստարկը վերաբերում էր Նավասարդյանի նկատմամբ նորմերի կիրառելի լինել-չլինելուն։

Փորձագետները եզրակացության մեջ նշել են, որ Նավասարդյանը խախտել է Ճանապարհին երթեւեկության կանոնների 67-րդ հոդվածը (գլուխ 7-րդ), ըստ որի՝ երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ առաջանալու դեպքում, որը վարորդն ի վիճակի էր հայտնաբերել, նա պետք է միջոցներ ձեռնարկի արագությունն իջեցնելու` ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելը: Ըստ պաշտպանի, սակայն, այս հոդվածը Նավասարդյանի դեպքում կիրառելի չէ, քանի որ առկա է մեկ այլ՝ 26-րդ հոդված, որը քննիչը կարծես անտեսել է։

26-րդ հոդվածը սահմանում է հետեւյալը․ «Կապույտ գույնի առկայծող փարոսիկը միացրած տրանսպորտային միջոցների վարորդները, անհետաձգելի ծառայողական առաջադրանքներ կատարելիս, ապահովելով երթևեկության անվտանգությունը, կարող են չպահպանել կանոնների II (բացի կարգավորողի ազդանշաններից), V-XVI, XIX և XXI բաժինների պահանջները, որը տարբերվում է տրանսպորտային միջոցների ձայնային ազդանշաններից»։

Տվյալ դեպքում, ըստ պաշտպանի, Նավասարդյանը ծառայողական անհետաձգելի առաջադրանք է կատարել։ Նշենք, որ ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ վարչապետն այդ օրը գնում էր՝ մասնակցելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստին։

Պաշտպանական կողմի մյուս պնդումը վերաբերում էր արագության համար նախատեսված պատասխանատվությանը։ Կառավարության համապատասխան որոշմամբ 2022 թ․ սահմանված է եղել, որ ուղեկցման ժամանակ շքախմբի (կորտեժի) պատասխանատու ղեկավարն ու շարասյան ղեկավարը (ուղեկցող խմբի ավագը) կրում են անձնական պատասխանատվություն երթևեկության սահմանված արագության պահպանման համար:

Բալոյանը հիշեցրեց՝ դեռ նախաքննության ժամանակ Գլխավոր դատախազությունը նշել է, որ առկա է օրենսդրական բաց, ինչով պայմանավորված շարասյան ղեկավար կազմի գործողություններին գնահատական տալ հնարավոր չէ․ «Եթե առկա է օրենսդրական բաց, դա չի նշանակում, որ պատասխանատվության պետք է ենթարկվի Արամ Նավասարդյանը, դա Սահմանադրության կոպիտ խախտում է»։

Պաշտպանի ելույթի առանցքային կետերից մեկն էլ վերաբերում էր փորձաքննության ենթարկված կադրերին։ Ըստ նրա՝ առկա է եղել 3, անգամ 4 կադր, սակայն փորձագետները ներառել են միայն 2-ը՝ արհեստականորեն մեծացնելով վարորդի արագությունը․ «Պատվիրատու կա, չէ՞, որ սենց բաներ են արվել, փորձագետը կուլ է տվել մեջտեղի կադրը, մենք կուլ չենք տալու, 3-ի փոխարեն 2 է գրել՝ այդպիսով արագությունը արհեստականորեն սարքելով 108, բայց կադրը չանտեսելու պարագայում իրական միջին արագությունը 72 կմ/ժ է։ Մյուս տեսանյութով, որով Տոյոտան երեւում է հետեւից, պարզ 4 կադր է, ինչը եւս փորձագետի կողմից դիտավորությամբ անտեսվել է ի վնաս մեղադրյալի։ Բացի այդ, վկաները եւս դատարանում ցուցմունք տվեցին, որ Արամ Նավասարդյանի մեքենան արագ չի երթեւեկել, համարյա 10 անձ հարցաքննել ենք, բոլորն ասել են՝ 60-70 կմ/ժ, միայն մեկն է ասել՝ սովորական արագությունից մի փոքր էր արագ»։

Բացի այդ, պաշտպանական կողմը համաձայն չէր փորձագետների այն գնահատականին, որ վտանգը վարորդի համար եղել է այն պահին, երբ հետիոտնը ոտք է դրել երթուղի։ Ըստ նրանց՝ վտանգը ծագել է Մնացականյանի հետքայլի պահից. «Սաղ Հանրապետությունը գիտի, որ հետքայլով մարդ չի դատապարտվում»,- հայտարարեց պաշտպանը։

Անդրադառնալով Նավասարդյանին առաջադրված մյուս մեղադրանքին՝ դեպքի վայրը թողնելուն՝ պաշտպանն ասաց, որ դրանով անձը փորձել է զերծ մնալ ոստիկանի նկատմամբ հնարավոր հաշվեհարդարից․ «Նավասարդյանը ռադիոկապով տեղեկացել է, որ դեպքի վայրում մեծ թվով մարդիկ են հավաքված։ Էդքան մարդկանց մեջ ի՞նչ բժշկական օգնություն պիտի ցույց տար, երբ ոստիկանի հասցեին հնչեցվում էին անպարկեշտ արտահայտություններ, պահանջում էին վարորդին։ Այս ամենը նկատի ունենալով՝ նա մեկնել է ՃՈ տարածք, որտեղ թողնելով մեքենան՝ ոստիկանության համազգեստը փոխել է, քաղաքացիական հագուստով ներկայացել դեպքի վայր եւ մասնակցել զննությանը»,- ասաց Բալոյանը՝ շեշտելով նաեւ, որ Արամ Նավասարդյանի անձը եղել է բացահայտված, նա չի խուսափել քննությունից եւ որեւէ բան չի արել դրան խոչընդոտելու համար։