Պարզվում է՝ լավ էլ որակով ապրանք ենք թողարկում․ Պապոյանը՝ հայկական կոնյակի ստուգումների մասին |civilnet.am

civilnet.am Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի տվյալներով՝ Հայաստանից արտահանվող կոնյակի գերակշիռ մասը բարձր որակի է։ Այդ մասին նա հայտարարեց հուլիսի 31-ի կառավարության նիստին։

«Մենք մի որոշ ժամանակ խնդիր ունեցանք կոնյակի որակի ստուգման հետ կապված։ Մենք չէինք ստուգում, քանի որ այդ կարողությունները չունեինք։ Այլ երկրներ էլ մեկը ստուգում էին, որոշները՝ ոչ։ Որոշ հրապարակումներ էլ եղավ մամուլում, որ կոնյակը խաղողի սպիրտից չի։ Ներկայում այլ երկիր ստուգում է իրականացնում, ամեն օր վիճակագրություն են ուղարկում, որ մեքենաների մեծ մասը դրական է։ Այսինքն՝ 95 տոկոս և ավելի մենք դրական արդյունք ունենք։ Դրանք այն կուտակված մեքենաներն են եղել, որոնք չեն էլ իմացել, որ ստուգման պետք է ենթարկվեն»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ըստ էության «լավ էլ որակով ապրանք ենք թողարկում»։

Նախարարը նաև հավելեց, որ Հայաստանն ի վերջո ստուգող սարք ձեռք կբերի․ «Կոնյակի մասով, լաբորատոր կարողությունները կարևոր են, 2025-ի օգոստոսի 13-ից մենք էլ իզոտոպային ստուգում իրականացնող լաբորատորիա կունենանք, որը այո համեստ կարողություններ է ունենալու՝ 3-4 նմուշ օրական, վերջապես այս հարցի լուծումը կփորձենք տալ»,- ամփոփեց նա։

Մայիսին վրացական կողմը չէր թույլատրում Հայաստանի՝ կոնյակ-գինի արտահանող մի շարք ընկերությունների արտադրանքը իր սահմանով հասցնել Ռուսաստան ու այլ երկրներ։ Մայիսի 13-ին ու 21-ին արտահանողները ակցիաներ էին իրականացրել Վրաստանի դեսպանատան դիմաց, դիմել էին Հայաստանի կառավարությանը։ Էկոնոմիկայի նախարարն էլ պարբերաբար հայտնում էր, որ զբաղվում է խնդրով։

Հունիսի 24-ին այս հարցով Թբիլիսի էին մեկնել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը և այլ պաշտոնյաներ։ Նրանք հանդիպել են Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլիի, գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի և Վրաստանի եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերայայի հետ։

Սա առաջին բարձրաստիճան հանդիպումն էր հարցը լուծելու նպատակով մի քանի ձախողված փորձից հետո։

Հանդիպումից հետո Պապոյանն ու Հակոբյանը հայտնել էին, որ բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն՝ ապահովելու հայկական կոնյակի արտահանման գործընթացը «փոխադարձ ընդունելի և կանխատեսելի պայմաններով»։ Պապոյանը նշել էր, որ հավելյալ մանրամասները և հետագա քայլերը կներկայացվեն բիզնես համայնքին՝ աշխատանքային կարգով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով