Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակել է 44-օրյա պատերազմի ժամանակ Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի գործով որոշումը, որով Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մնացել էր անփոփոխ։
Հիշեցնենք՝ ՊԲ նախկին հրամանատարը մեղավոր էր ճանաչվել ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունք դրսեւորելու մեջ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ: Խոսքը վերաբերում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի «Ջուվառլու» կոչվող բնակավայրում տեղակայված Արցախի ՊԲ 8-րդ հրաձգային բրիգադի (Ցորի զորամաս) Դ-20 հրետանային դիվիզիոնի թշնամու զինված խմբավորման թիրախում հայտնվելու դեպքին։
Ըստ քրեականի գործի՝ հոկտեմբերի 12-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, իրենց կրակային դիրքի ուղղությամբ մոտեցող խմբավորում տեսնելով՝ արդեն իսկ 3 ժամ հրետակոծության մեջ եղած հայկական ԶՈՒ զինծառայողները հրաման են ստացել դիրքը թողնել, սակայն երբ դիտարկված խմբավորման կազմում ՀՀ ԶՈՒ համազգեստով անձանց են նկատել, փոխգնդապետ Նորայր Հայրապետյանը, դիրքը թողնելու հրամանի կատարման ընթացքում, մոտեցող խմբավորման մասին ռադիոկապով զեկուցել է ՊԲ հրետանու շտաբ՝ խնդրելով նաեւ ճշտել նրանց պատկանելությունը․ «Ջալալ Հարությունյանը, պարտավոր լինելով նախքան հրաման տալը համակողմանիորեն գնահատել իրադրությունը և միջոցներ նախատեսել դրա կատարումն ապահովելու համար, ․․․ առանց բավարար հիմքերի, ավելին՝ տվյալ տեղանքում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հնարավոր հարձակման մասին տվյալների առկայության պայմաններում, միանշանակ պատասխան է տվել, որ տվյալ խմբավորումը յուրային է»,- ասված է դատավճռում:
Այս եզրահանգմանը գալով՝ Սյունքիի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Ջալալ Հարությունյանին դատապարտել էր 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։
Կողմերի բողոքները
Դատական տեղեկատվական համակարգից «Ինֆոքոմը» տեղեկանում է, որ դատավճիռը բողոքարկել են ե՛ւ տուժող, ե՛ւ պաշտպանական կողմերը։
Մասնավորապես, տուժող կողմը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված պատժաչափը չի համապատասխանում հանցագործության հանրային վտանգավորության աստիճանին եւ բնույթին, որ Առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել, որ հանցանքը կատարվել է պատերազմի ժամանակ մարտական հենակետում գտնվող զինծառայողների նկատմամբ․ «Առաջին ատյանի դատարանի կողմից անտեսվել է նաև Ջալալ Հարությունյանի դրսեւորած հանցավոր անփույթ վերաբերմունքն իր հրամանատարության տակ գտնվող 20 ժամկետային եւ պահեստազորային զինծառայողների նկատմամբ, որոնց մեծամասնության տարիքը չի գերազանցել 18-20 տարին, զենք-զինամթերքի, զինվորական տեխնիկայի և ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերի նկատմամբ, որպիսի հանգամանքը վկայում է բանակի հրամանատար հանդիսացած Ջալալ Հարությունյանի կողմից կատարած հանցանքի վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին»,- նշել է տուժողի ներկայացուցիչն ու միջնորդել Հարությունյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման։
Պաշտպանական կողմը պնդել է, որ Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել նյութական եւ դատավարական իրավունքի մի շարք խախտումներ, որոնք հանգեցրել են մեղադրյալի էական իրավունքների խախտման։ Ըստ պաշտպանի՝ Ջալալ Հարությունյանը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը եւ չի ասել միանշանակ կերպով, որ Ջուվառլու կոչվող տարածքում 2020 թ․ հոկտեմբերի 12-ին տեղակայված Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնին մոտեցող խմբավորումը յուրայիններ են, այլ միայն ասել է, որ այդ խմբավորումը կարող է յուրային լինել․
«Պաշտպանական ճառում բառացի շեշտադրելով Ջալալ Հարությունյանի կողմից ոչ հաստատակամ կերպով խմբի պատկանելիության վերաբերյալ հայտնած կարծիքը Գենադի Բաղդասարյանի կողմից կապի խողովակով այլ կերպ փոխանցած լինելու վարկածը՝ Առաջին ատյանի դատարանն առհասարակ չի վերլուծել Գենադի Բաղդասարյանի կողմից Ջալալ Հարությունյանի խոսքն աղավաղված ներկայացնելու հնարավորությունը, դրա փոխարեն քննարկել է դիվիզիոնում եւ կապավորների օղակում խմբավորման յուրային լինելու վերաբերյալ հաստատակամ կերպով փոխանցված տեղեկությանը վերաբերելի ապացույցները, որոնք պաշտպանական կողմը չի վիճարկել։ Ավելին՝ ճառում նշել է, որ հավանական է դիտվում, որ կապավորների սենյակում եւ դիվիզիոնի ղեկավարության մոտ տեղեկությունը փոխանցվել եւ հասել է հաստատակամ կերպով: Առաջին ատյանի դատարանը միտումնավոր փոխել է պաշտպանական կողմի բարձրացված հարցը, որպեսզի արհեստականորեն հիմքեր ստեղծի Ջալալ Հարությունյանին մեղավոր ճանաչելու համար»։
Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը, ի պատասխան պաշտպանների վերաքննիչ բողոքների, պնդել է, որ պատշաճ և թույլատրելի բավարար ապացույցներով հաստատվել են Ջալալ Հարությունյանին վերագրվող բոլոր փաստական հանգամանքները։
Ի թիվս այլնի՝ մեղադրողը հիշատակել է Հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ եթե կատարվեին Մարտական կանոնադրության դրույթների պահանջները, ապա դիվիզիոնի կրակային դասակներն ի վիճակի էին դիմակայել հակառակորդի նման խմբավորման գրոհին՝ խոցելով նրան ուղիղ նշանառությամբ հրանոթների կրակով եւ հրաձգային զենքերով․ «Նշվածը հիմնավորվում է ուժերի եւ միջոցների հարաբերակցությամբ, մասնավորապես՝ կրակային դիրքերում գտնվող երկու մարտկոցը կարող էր դիմակայել հարձակվող հակառակորդի 15, 50 կամ 100 հոգանոց խմբի գրոհին։ Պատերազմի ժամանակ նմանատիպ բազմաթիվ դրվագներ են եղել»:
Վերաքննիչ դատարանի եզրահանգումները
Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ նախաքննության ընթացքում ձեռք բերված և Առաջին ատյանի դատարանում պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ջալալ Հարությունյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պետության հանդեպ անձնական պատասխանատվություն կրելով զորամասի, ստորաբաժանման և ամեն մի զինծառայողի կյանքի ու գործունեության բոլոր կողմերի համար, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ․
«Ջալալ Հարությունյանի անփութությունը վճռական նշանակություն է ունեցել հակառակորդի գործողություններին ուշ արձագանքելու եւ կրակային դիրքը ոչ ժամանակին լքելու համար, որի հետեւանքով հակառակորդի խմբավորմանը հաջողվել է հայտնաբերված լինելու պայմաններում անարգել մոտենալ անձնակազմին, ինչպես նաև սկսել անմիջական մարտական գործողություններ»։
Կատարվածի արդյունքում զոհվել են 20 զինծառայող, վիրավորվել՝ 10-ը, իսկ զորամասի հրետանու պետ, փոխգնդապետ Նորայր Հայրապետյանի գտնվելու վայրը անհայտ է առ այսօր։ Բացի այդ, տեղանքում գտնվող զենք-զինամթերքը, ինճպես նաեւ դիտակետում եւ մարտկոցներում պահվող ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերն անցել են հակառակորդի վերահսկողության տակ»։
Վերաքննիչ դատարանը նշել է՝ չխախտելով անմեղության կանխավարկածի սկզբունքը եւ նկատի ունենալով, որ դատարանը սահմանափակված է մեղադրյալի նկատմամբ և միայն նրան ներկայացված մեղադրանքի սահմաններով՝ հատկանշական է համարում, որ թեև նախաքննության ընթացքում ձեռք բերված եւ Առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցների հիման վրա կարելի է գալ այն եզրահանգման, որ սույն դեպքում առերեւույթ առկա է նաեւ այլ անձանց կողմից իրենց վրա դրված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հանգամանքը, որով նույնպես հնարավոր է պայմանավորված է Ջալալ Հարությունյանին ներկայացված մեղադրանքում նկարագրված հետևանքների առաջացումը, այնուամենայնիվ արձանագրում է, որ նշվածը չի բացառում Ջալալ Հարությունյանին մեղսագրված արարքի և առաջացած հետևանքների միջև պատճառական կապի առկայությունը։ Այս եզրահանգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ միևնույն հետևանքը կարող է առաջանալ ինչպես մեկ, այնպես էլ մի քանի արարքների համակցության արդյունքում։
Անդրադառնալով պաշտպանական կողմի այն պնդմանը, որ Ջալալ Հարությունյանը տվել է ոչ թե հաստատակամ, այլ հավանական պատասխան՝ նշելով, որ հավանաբար յուրային են՝ Վերաքննիչ դատարանը նշել է հետեւյալը․ «Ջալալ Հարությունյանը, հանդիսանալով ՊԲ հրամանատար, նախատեսել է կամ առնվազն պարտավոր և կարող էր նախատեսել, որ իր կողմից տրված ցանկացած տեղեկատվություն, անկախ այլ աղբյուրներից ստացված տվյալների առկայությունից կամ բացակայությունից, կարող էր ընկալվել որպես հավաստի եւ առավել արժանահավատ ու ծանրակշիռ։ Նման պայմաններում, երբ Ջալալ Հարությունյանը հանդիսացել է պաշտպանության բանակի հրամանատար, արդեն իսկ զբաղեցրած դիրքի ուժով նրա հայտնած տեղեկությունը ողջամտորեն դիտարկվել է առավել արժանահավատ, վստահելի և շփոթեցնող, ուստի այդ պայմաններում Նորայր Հայրապետյանին այլ աղբյուրներից խմբավորման թուրք լինելու մասին տեղեկություններ հայտնած լինելը բավարար չի եղել իրավիճակին ճիշտ գնահատական տալու համար»։
Բացի այդ, թեև «մերոնք են» կամ «հավանաբար մերոնք են» արտահայտություններն իրենցից որպես այդպիսի հրաման չեն ենթադրում, այնուամենայնիվ երկու պարագայում էլ նշված արտահայտությունները, ըստ Վերաքննիչ դատարանի, դիտարկվում են որպես այնպիսի տեղեկություն, որի պայմաններում իմաստազրկվում է կամ անթույլատրելի է դառնում մոտեցող խմբավորման դեմ որևէ պաշտպանական գործողության կատարում․ «Այսինքն՝ Ջալալ Հարությունյանի կողմից «մերոնք են» կամ «հավանաբար մերոնք են» արտահայտությունները շփոթության մեջ են գցել Դ-20 հրետանային դիվիզիոնին և թուլացրել են վերջինների զգոնությունը․․․ Հետևաբար` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Ջալալ Հարությունյանի կողմից և «մերոնք են», և «հավանաբար մերոնք են» արտահայտությունները կոնկրետ իրավիճակում անհրաժեշտ և բավարար են եղել հետևանքի առաջացման համար, ուստի տվյալ դեպքում առկա է պատճառական կապ»։
Ինչ վերաբերում է այն փաստարկներին, որ շտաբին չեն զեկուցվել մոտեցող խմբավորման արտաքին հատկանիշների մասին, այլ փոխանցվել է միայն հայկական համազգեստով լինելու հանգամանքը, ապա հավաստի տվյալների բացակայության պայմաններում, երբ հայտնի են եղել դիվերսիոն խմբերի ներխուժման մասին, Ջալալ Հարությունյանը, ըստ Վերաքննիչ դատարանի, պարտավոր է եղել կամ ընդհանրապես չպատասխանել ներկայացված հարցադրմանը, կամ ներկայացնել, որ ստույգ տվյալներ առկա չեն և դիվիզիոնը կատարի իրավիճակից բխող համապատասխան գործողություններ։
Այս առումով Վերաքննիչը հատկանշական է համարել նաեւ այն, որ մինչև Ջալալ Հարությունյանի պատասխանները զորքին տրվել է դիրքերը թողնելու հրաման, այսինքն՝ առանց մեղադրյալի կողմից տրված պատասխանների, դիվիզիոնը կլքեր դիրքերը․
«Ավելին՝ դիրքերը թողնելու վերաբերյալ հրամանից հետո 2-րդ և 3-րդ մարտկոցների զինծառայողները հնարավորություն են ունեցել լքել դիրքերը՝ փրկելով իրենց կյանքը։ Իսկ երկրորդ անգամ ճշտում կատարելուց և կրկին «մերոնք են» կամ «հավանաբար մերոնք են» պատասխանը ստանալուց հետո հակառակորդի խմբավորումն արդեն իսկ բավականին մոտեցել է 1-ին մարտկոցին, և կարճ ժամանակ անց արդեն իսկ անցել է հարձակման և կրակոցներ է արձակել, որպիսի պայմաններում դատարանում հետազոտված ապացույցներով հիմնավորվում է, որ դիվիզիոնն արդեն իսկ ըստ էության զրկվել է արդյունավետ պաշտպանվելու և փրկվելու հնարավորությունից։ Նշվածը հիմնավորվում է նաև դատարանում հետազոտված այն ապացույցներով, որ խուճապ է սկսվել, կրակոցներն այնքան ինտեսիվ են եղել, և ժամանակն արդեն իսկ այնքան սուղ է եղել, որ հնարավոր չի եղել հրանոթներով պաշպանություն իրականացնել»,- ասված է որոշման մեջ։
Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաեւ, որ ներկայացված միջնորդությունում և փաստաթղթերում առկա չեն բավարար փաստական տվյալներ, որոնք հիմք կտային գալու այն եզրահանգման, որ Ջալալ Հարությունյանի մոտ ազատազրկմանը խոչընդոտող հիվանդությունները պարզելու նպատակով անհրաժեշտ է նշանակել դատաբժշկական փորձաքննություն։
Նշենք, որ Վերաքննիչ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան` ստանալու պահից մեկամսյա ժամկետում: