Կառավարությունը փոփոխություններ է կատարել Սնուպ Դոգ-ի հայաստանյան հյուրախաղերին վերաբերող նախագծում՝ «Սնուպ Դոգ-ի (Snoop Dogg)» բառերը փոխարինել «Ջենիֆեր Լոպեսի (JLo)» բառերով։
Հիմնավորման մեջ նշվում է, որ խնդիրները պայմանավորված են եղել 2023 թվականի սեպտեմբեր ամսին Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանված մեր հայրենակիցների բարոյահոգեբանական վիճակով, ինչը խոչընդոտ է հանդիսացել միջոցառման իրականացման համար:
«ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից Ծրագիրն իրականացնող «Դոպինգ Սփեյս» կազմակերպության հետ հետևողական քննարկումների արդյունքում, վերջինս ներկայացրել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման նոր ժամկետները և նոր Աստղի անունը:
Նախագիծը կիրականացվի 2025 թվականին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ համերգով հանդես կգա Ջենիֆեր Լոպեսը:
Ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարությունը 2023 թվականին «Դոպինգ Սփեյս» կազմակերպությանը հատկացրել է 2,318,596,8 հազ. դրամ (ներառյալ ԱԱՀ): 2025 թվականին իրականացվող միջոցառման համար «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ին հավելյալ ֆինանսավորում չի տրամադրվելու», – նշված է հիմնավորման մեջ։