Երեւանի քրեական դատարանի նախկին դատավոր Դավիթ Հարությունյանի կարգապահական վարույթի գործով Բարձրագույն դատական խորհրդի տված մեկնաբանությունը խաթարում է սահմանադրական կարգի հիմքերը, վտանգում է իրավունքի գերակայության եւ սահմանադրական վերահսկողության ինստիտուցիոնալ արդյունավետության ապահովումը՝ կասկածի տակ դնելով Սահմանադրական դատարանի որոշումների պարտադիր ուժի հիմնարար բնույթը։
Այս եզրահանգմանն է եկել ՀՀ Սահմանադրական դատարանը՝ բավարարելով նախկին դատավորի արդեն երկրորդ դիմումը՝ Խորհրդի՝ իր նկատմամբ կիրառված նորմերի մեկնաբանության առնչությամբ։
Բանն այն է, որ 2023 թ․-ին ԲԴԽ-ն դադարեցրել էր Դավիթ Հարությունյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով, ինչից հետո վերջինս դիմել էր Սահմանադրական դատարան (ՍԴ-ն ստուգման է ենթարկում ոչ թե ԲԴԽ-ի որոշումը, այլ դրանում կիրառված այս կամ այն օրենքի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը)՝ պնդումով, որ Խորհուրդը իր վերաբերյալ վարույթը քննել է իր իրավունքների մի շարք խախտումներով։ ՍԴ-ն բավարարել էր Հարությունյանի դիմումը՝ որոշելով, որ հրապարակայնության սկզբունքին եւ դատական սանկցիա կիրառելուն վերաբերող նորմերը, թեեւ համապատասխանում են Սահմանադրությանը, բայց Դավիթ Հարությունյանի նկատմամբ կիրառվել են Սահմանադրությանը չհամապատասխանող մեկնաբանությամբ, ինչը գործի վերանայման հիմք է։
Դրանից հետո Դավիթ Հարությունյանը վերանայման դիմում էր ներկայացրել, սակայն Խորհուրդը մերժել էր վերանայումը, ինչից հետո Դավիթ Հարությունյանը երկրորդ անգամ էր դիմել ՍԴ։
Դավիթ Հարությունյանի դիրքորոշումը
Իր դիմումում նախկին դատավորը պնդել է, որ ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերելի նորմերը իր նկատմամբ կրկին Սահմանադրությանը հակասող ձեւով է մեկնաբանել։
Մասնավորապես, Խորհուրդը հղում էր կատարել Դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 7-րդ մասին, որը սահմանում է հետեւյալը․ «Եթե Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ բացակայում են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու հիմքերը, ապա որոշում է ընդունում կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը չվերանայելու վերաբերյալ»:
Ըստ Խորհրդի՝ վերոնշյալ «իրավունք ունի վերանայելու» ձևակերպումը իրեն տալիս է հայեցողություն՝ վերանայելու կամ չվերանայելու հարցում՝ այն դեպքում, երբ ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող չի ճանաչել վիճարկվող դրույթները․ «Հաշվի առնելով ԲԴԽ-ի՝ սահմանադրական կարգավիճակի առանձնահատկությունները, նրա անկախ սահմանադրական մարմին հանդիսանալու հանգամանքը՝ օրենսդիրը ԲԴԽ-ին հնարավորություն է տվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին իր որոշումը վերանայելու համար գնահատել՝ ինչքանո՞վ արձանագրված նոր երևան եկած կամ նոր հանգամանքը էական և բովանդակային առումով վերանայման վերաբերելի հիմք կարող է լինել, այսինքն՝ արդյոք հենց այդ հակասահմանադրական մեկնաբանությունն է դրվել դատական ակտի հիմքում կամ արդյոք վեճի սխալ լուծման հիմքը հանդիսացել է հենց այդ հակասահմանադրական մեկնաբանությունը»,- դիմումի քննարկման ընթացքում այս կարծիքն է ներկայացրել ԲԴԽ-ն։
Մինչդեռ դիմումատու Հարությունյանը շեշտել է, որ Սահմանադրական դատարանի որոշումները պարտադիր են բոլոր պետական մարմինների, այդ թվում՝ Խորհրդի համար, իսկ պետական մարմինների, այդ թվում՝ Խորհրդի կողմից ՍԴ-ի որոշման հիման վրա վերջնական դատական ակտի վերանայումը չի կարող մեկնաբանվել այնպես, որ այդ կերպ խաթարվի այդ մարմնի անկախությունը կամ դրա սահմանադրաիրավական հատուկ կարգավիճակը, քանի որ սահմանադրական արդարադատությունն ունի հատուկ առաքելություն, որը պայմանավորված կամ որևէ կերպ կապված չէ մյուս դատարանների կողմից լուծման ենթակա հարցերի հետ․ «Խորհրդի կողմից վիճարկվող դրույթին տրված մեկնաբանությունը ոչ միայն հակասում է իրավական որոշակիության սկզբունքին, այլև լրացուցիչ ռիսկեր է ստեղծում իրավական անվտանգության տեսանկյունից՝ արհեստական «կոնֆլիկտ» հրահրելով երկու դատական մարմինների միջև»:
Դիմողը հղում է կատարել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասին, որը բացառում է դատական ակտը կայացրած մարմնի կողմից որևէ հայեցողություն դրսևորելու ցանկացած հնարավորություն․ «Միևնույն ժամանակ (…) նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումը չի նշանակում, որ դատական ակտի վերանայման արդյունքում այդ ակտը կայացրած մարմինը միանշանակ պետք է հանգի այլ եզրակացության(…)։ Եթե վերջնական դատական ակտը նոր հանգամանքի առկայության պայմաններում չի վերանայվում, ապա ստացվում է, որ պետության իրավական համակարգում շարունակում են գործել 2 դատական ակտեր (վերջնական դատական ակտն ու ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը), որոնք, ըստ էության, միմյանց հակասում են, իսկ նման իրավիճակն ուղղակի հակասում է իրավական որոշակիության սկզբունքին»,- նշել է Հարությունյանը՝ պնդելով, որ բոլոր այն դեպքերում, երբ վերջնական դատական ակտը նոր հանգամանքի առկայության պայմաններում չի վերանայվում, ամբողջությամբ իմաստազրկվում է սահմանադրական վերահսկողության ինստիտուտի էությունը։
Դիմողը եզրահանգել է, որ Խորհուրդը վերանայման հարցի կապակցությամբ չի ունեցել հայեցողություն և կաշկանդված է եղել Սահմանադրական դատարանի որոշմամբ, մինչդեռ հաջորդած դատավարությունն իրականացվել, չվերանայման մասին որոշումը կայացվել է գործող իրավակարգավորումների սխալ մեկնաբանմամբ և Սահմանադրական դատարանի որոշման անտեսմամբ:
ԲԴԽ-ի դիրքորոշումը
Բարձրագույն դատական խորհուրդը, որ այս գործով հանդես է եկել որպես պատասխանող կողմ, այն դիրքորոշումն է հայտնել, որ երբ ՍԴ-ն ոչ թե Սահմանադրությանը հակասող է ճանաչում հոդվածը, այլ ճանաչում է Սահմանադրությանը համապատասխան՝ կոնկրետ մեկնաբանությամբ, ինքն ունի հայեցողական լիազորություն՝ այդ հիմքով վերանայման վարույթ հարուցելու կամ չհարուցելու հարցում։
Որպես օրինակ՝ Խորհուրդը հիշատակել է նախկին դատավոր Արայիկ Մելքոնյանի գործը, որի դիմումը Սահմանադրական դատարանը բավարարել եւ Սահմանադրությանը հակասող է ճանաչել, եւ նշել է, որ տվյալ դեպքում Խորհուրդը որոշել է վերանայման վարույթ հարուցել, քանի որ Սահմանադրական դատարանը դատավորի լիազորությունների դադարեցման հիմքում դրված հոդվածը ճանաչել էր Սահմանադրությանը հակասող եւ անվավեր։
Մինչդեռ այս դեպքում, երբ ՍԴ-ն Դավիթ Հարությունյանի կողմից վիճարկվող դրույթը ոչ թե ճանաչել է հակասահմանադրական, այլ նշել, որ այն համապատասխանում է Սահմանադրությանը կոնկրետ մեկնաբանությամբ (որ մեկնաբանությամբ որ չի կիրառվել Հարությունյանի նկատմամբ,-հեղ․), Խորհուրդը կարծում է, որ կարող է հայեցողություն ցուցաբերել․
«Օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասում տեղ գտած «իրավունք ունի» ձևակերպումը ենթադրում է հայեցողություն՝ նոր հանգամանքի հիմքով վերանայելու կամ չվերանայելու Խորհրդի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումն այն պայմաններում, երբ Դիմողի նկատմամբ այդ որոշմամբ կիրառված օրինադրույթը Սահմանադրական դատարանի որոշմամբ ճանաչվել է Սահմանադրությանը համապատասխանող՝ Սահմանադրական դատարանի մեկնաբանությամբ, այսինքն՝ համապատասխան օրինադրույթը Դիմողի նկատմամբ կիրառվել է Սահմանադրական դատարանի որոշման մեջ նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ»,- նշել է ԲԴԽ-ն։
Սահմանադրական դատարանի դիրքորոշումը
Սահմանադրական դատարանը, վերլուծելով վերաբերելի օրենսդրական դաշտը եւ կողմերի դիրքորոշումները՝ նախեւառաջ նշել է՝ ՍԴ որոշումների պարտադիր կատարումն իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկն է․ «Այդ առնչությամբ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 61-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ ՍԴ-ի՝ ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար ՀՀ ամբողջ տարածքում»։
ՍԴ-ն հղում է կատարել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասին, որը ուղղակիորեն սահմանում է, որ նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Uահմանադրությանը հակաuող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպեu նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման oրենքով uահմանված կարգով․
«Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ որևէ իրավակարգավորում կամ իրավակիրառ պրակտիկայում վերջինիս տրված որևէ մեկնաբանություն չի կարող շրջանցել նշյալ սահմանադրաիրավական պահանջը՝ խոչընդոտ հանդիսանալով Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտի վերանայման համար: Ընդ որում՝ անթույլատրելի է ցանկացած տեսակի մեկնաբանողական գործիքակազմի կիրառմամբ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտի վերանայման վարույթը որպես իրավասու դատարանի հայեցողություն դիտարկելը՝ ի միտն ունենալով գաղափարն առ այն, որ գոյության իրավունքից զուրկ է այն դատական ակտը, որի հիմքում ընկած է Uահմանադրությանը հակաuող և անվավեր ճանաչված դրույթը կամ համապատասխան դրույթին տրված մեկնաբանությունը, որը տարբերվում է Սահմանադրական դատարանի կողմից դրան տրված մեկնաբանությունից: Հակառակ մոտեցումը ձևախեղում է սահմանադրական արդարադատության բուն էությունը՝ հանգեցնելով անձի՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերով 25 երաշխավորված հիմնական իրավունքների խախտմանը և խարխլելով սահմանադրական արդարադատության ինստիտուտի նկատմամբ վստահությունը»:
Տվյալ դեպքում Սահմանադրական դատարանի՝ ՍԴՈ-984 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումների ուժով, եթե առկա չեն բողոքը վերադարձնելու հիմքեր, ապա դատական ակտը վերանայող դատարանը, ըստ ՍԴ-ի, պարտավոր է ոչ միայն հարուցել վերանայման վարույթ, այլև դրա արդյունքում բեկանել վերանայվող դատական ակտը, այլապես դատական ակտի հիմքում կշարունակվի մնալ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված կամ սահմանադրական դատարանի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ կիրառված իրավական նորմը։ Ինչ վերաբերում է նոր հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայմանը, ապա այն վերանայվող դատական ակտի բեկանումից հետո տեղի ունեցող ընթացակարգ է, որի ընթացքում միայն կարող է գնահատվել նոր հանգամանքի ազդեցությունը գործի ելքի վրա, ինչով էլ պայմանավորված է վերանայվող դատական ակտի եզրափակիչ մասը փոփոխելու կամ չփոփոխելու անհրաժեշտությունը։
Այլ խոսքով՝ ՍԴ-ն ասում է՝ ԲԴԽ-ն պարտավոր է վերանայել վարույթը նույնիսկ այն դեպքում, երբ Բարձր դատարանը դիմումով վիճարկվող հոդվածը ճանաչել է ոչ թե հակասահմանադրական, այլ Սահմանադրությանը համապատասխանող, բայց կոնկրետ իր տված մեկնաբանմամբ, եւ այդ դեպքում Խորհուրդը, ըստ ՍԴ-ի, պարտավոր է նախ վերացնել փաստացի սխալ մեկնաբանմամբ կայացված որոշումը, հարուցել վերանայման վարույթ եւ այդ վարույթի շրջանակում նոր միայն նորմերի արդեն ճիշտ մեկնաբանմամբ փոփոխել կամ չփոփոխել դատական ակտի եզրակիչ մասը․
«Սահմանադրական դատարանը շեշտադրում է, որ անթույլատրելի է Սահմանադրական դատարանի որոշումները հանրային իշխանության որևէ մարմնի կողմից «հայեցողության» պատրվակով անտեսելը կամ դրանք ընտրողաբար կատարելը: Այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը հիմք է նոր հանգամանքով դատական ակտի վերանայման համար, Խորհուրդն օրենքով իրեն վերապահված պարտադիր լիազորությունը չի կարող մեկնաբանել որպես հայեցողական լիազորություն՝ սեփական հայեցողությամբ պայմանավորելով դրա իրականացումը»,-ասված է որոշման մեջ։
Հաշվի առնելով ողջ վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանը որոշել է, որ Օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը Սահմանադրական դատարանի որոշման՝ որպես նոր հանգամանքի հիմքով ըստ էության վերանայելը (որոշումը վերացնելը և նոր որոշում կայացնելը) Խորհրդի պարտադիր լիազորությունն է:
ԲԴԽ-ի որոշումների բողոքարկման անհնարինության խնդրի մասին «Ինֆոքոմի» հոդվածը կարող եք կարդալ այստեղ