armenpress.am Ճապոնիայի մաքսային հարցերով գլխավոր բանակցող Ռյոսեյ Ակազավան օգոստոսի 5-ին կայցելի Վաշինգտոն՝ ճնշում գործադրելու Միացյալ Նահանգների վրա, որպեսզի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրի կատարողական հրամանագիրը և ավտոմեքենաների համար համաձայնեցված 15% մաքսատուրքն ուժի մեջ մտնի։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ընդդիմադիր կուսակցությունները քննադատել են Ճապոնիայի կառավարությանը՝ հուլիսին ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնության հասնելուց հետո պաշտոնական փաստաթուղթ չստորագրելու համար։
Ըստ Տոկիոյի հետ համաձայնագրի՝ ճապոնական ավտոմեքենաների ներմուծման գործող մաքսատուրքերը նախկինում ընդհանուր 27,5%-ից իջեցվում են մինչև 15%։ Ճապոնական այլ ապրանքների համար նախատեսված մաքսատուրքերը նույնպես 25%-ից կնվազեն մինչև 15%։
Այցից առաջ Ակազավան խորհրդարանին հայտնել է, որ ճապոնական կողմը կհամոզվի, որ հնարավորինս շուտ ստորագրվի կատարողական հրամանագիրն ավտոմեքենաների և ավտոմոբիլային բաղադրիչների համար համաձայնեցված մաքսատուրքի վերաբերյալ։