Ամենամեծ սահմանափակումը, որից ես այսօր դժգոհ եմ, այն չէ, որ երեկոյան պետք է ֆիքսված ժամի գնամ տուն, այլ այն, որ արգելված է իմ ելքը ՀՀ-ից, ինչը խոչընդոտում է իմ միջազգային գործունեությանը եւ մեր կուսակցության քաղաքական գործունեությանն արտերկրում։ Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարել է «Հայաստանի Հանրապետական կուսակցության» փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը երկու օր առաջ ազատ է արձակվել տնային կալանքից։
«Այդ սահմանափակումը դրվել է դեռևս 2022թ․ նոյեմբերից, այդ պատճառով ես բաց եմ թողել բազմաթիվ կարեւոր իրադարձություններ։ Սրա մասին միջազգային գործընկերները հավուր պատշաճի տեղեկացված են», – նշել է Աշոտյանը։
Անդրադառնալով նաև Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ձևավորվող նոր քաղաքական ուժին, նա նշել է, որ ՀՀԿ-ն շահագրգռված է:
«ՀՀԿ-ն շահագրգռված է, որպեսզի գաղափարների, գերակայությունների իմաստով այս դաշտում որքան հնարավոր է ուժեղ նոր միավոր ձևավորվի։ Կարծում եմ այս դաշտում մենք մի քիչ շտապում ենք։ Այս թեման ավելի հաճախ է տրվում, քննարկվում, քան որ օբյեկտիվ իրականությունն այդպիսի բան ենթադրում է։
Ես կցանկանամ, որ Սամվել Կարապետյանի քաղաքական պրոյեկտով զբաղվող թիմը նմանատիպ հարց ու պատասխաններից հանկարծ չշտապի։ Հանրության ակնկալիքները կան, բայց այս լրատվաքաղաքական դիսկուրսը չպետք է շտապեցնի այդ մարդկանց, ոչ էլ ուշացնի։ ՀՀԿ-ն ոչ ոքի ամուսինը չէ, ՀՀԿ-ն լավ ընկեր է քաղաքական դաշտում բոլոր ուժերի համար», – հայտարարել է ՀՀԿ փոխնախագահը։