Էս-Սուվեյդայի ճակատամարտը․ Իսրայելի և Թուրքիայի բախումը Սիրիայի առևտրային ուղիների համար

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի անկումից և Թուրքիայի աջակցությամբ Դամասկոսում Ահմեդ աշ-Շարաայի (Աբու Մուհամադ ալ-Ջուլանի) իշխանության գալուց հետո Սիրիան, որն ավելի վաղ համարվում էր «Դիմադրության առանցքի» անբաժանելի մաս, վերածվել է մրցակցության կենտրոնի՝ տարածաշրջանային հակադիր նախագծերի միջև։

Այսօր տարածաշրջանում բախվում են երկու հիմնական նախագծերը՝

  • Թուրքիայի առաջ քաշած «Զարգացման ճանապարհ» նախագիծը, որը նախատեսում է ստեղծել տրանսպորտային միջանցք՝ կապելով Իրաքի Բասրա քաղաքը Թուրքիայի հետ, իսկ այնտեղից շարունակվել դեպի Եվրոպա։
  • Իսրայելի մշակած «Խաղաղության գիծ» նախագիծը, որի նպատակն է Պարսից ծոցի պետությունները կապել Միջերկրական ծովի հետ՝ Հորդանանի և Իսրայելի վերահսկողության տակ գտնվող Հայֆայի նավահանգստի միջոցով։

 

Տարածաշրջանային պայքար՝ Սիրիայի հարավային դարպասների համար

Այս ենթակառուցվածքային նախագծերն այլևս զուտ տնտեսական նախաձեռնություններ չեն, այլ դարձել են նոր տարածաշրջանային աշխարհակարգի պայքարի ռազմավարական գործիքներ։ Երկար ժամանակ երկրորդական համարվող Էս-Սուվեյդա նահանգն այսօր դարձել է այս լոգիստիկ և ռազմավարական պայքարի կենտրոնը։ Գավառը, որի բնակչության մեծամասնությունը դրուզներ են, առևտրային և տրանսպորտային միջանցքների վերահսկման համար կարող է դառնալ տարածաշրջանային պայքարի առանցքային կետերից։ Այս նախագծերը իրենց ազդեցությամբ տարածվում են նաև հարևան Լիբանանի վրա։

Էս-Սուվեյդայի ռազմավարական նշանակությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն գտնվում է նշված երկու նախագծերի հատման կետում։ Այս տարածքը կարող է կամ վերածվել Թուրքիայի ցամաքային նկրտումների կենսական հանգույցի, կամ դառնալ խոչընդոտ Իսրայելի ծրագրերի համար՝ շրջանցելու թուրքական և իրանական տարածքները։

Այսպիսով, Սիրիայի հարավային նահանգ Էս-Սուվեյդան անսպասելիորեն հայտնվել է առաջնագծում ոչ թե տեղային հակամարտության հետևանքով, այլ որպես նոր աշխարհաքաղաքական իրողության կարևոր ռազմավարական օջախ, որտեղ ճանապարհները դառնում են սահմաններ, իսկ խողովակաշարերը՝ կռվաններ։

Այս իրողությունների ֆոնին Էս-Սուվեյդայի դրուզական համայնքի հոգևոր առաջնորդները կտրուկ հայտարարությամբ հանդես եկան՝ հստակ մերժելով իրենց տարածքի օգտագործումը արտաքին նախագծերի կամրջի կարգավիճակում, որոնք անտեսում են նրանց ինքնիշխանությունն ու գոյության իրավունքը։

Նրանց հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․

«Նրանք, ովքեր խաղադրույք են կատարում Էս-Սուվեյդայի դեմ, պարտվելու են։ Լեռան ճակատագիրը կորոշվի հենց լեռան վրա»։

Դրուզների առաջնորդները ընդգծեցին Էս-Սուվեյդայի աշխարհագրական դիրքը՝ որպես ռազմավարական խաչմերուկ։

Գեոտնտեսությունը՝ որպես քաղաքական պատերազմի գործիք

Թուրք-իսրայելական մրցակցությանը զուգահեռ ի հայտ է եկել երրորդ կարևոր խաղացողը՝ Սաուդյան Արաբիայի հավակնոտ NEOM նախագիծը, որը ԱՄԷ-ի «Ալ-Այն 2030» ենթակառուցվածքային ծրագրի հետ միասին փոխում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական հավասարակշռությունը։

NEOM-ի նպատակն է Սաուդյան Արաբիայի հյուսիս-արևմուտքը վերածել համաշխարհային տնտեսական և լոգիստիկ կենտրոնի՝ երկաթուղային և տրանսպորտային համակարգերով, որոնք ձգվելու են Արաբական թերակղզու կենտրոնական շրջաններից մինչև Կարմիր ծով։ Սա անխուսափելիորեն փոխելու է տարածաշրջանի առևտրային ուղիների աշխարհագրությունը։

Այս փոփոխությունները անմիջականորեն կապված են Իսրայելի պլանների հետ, որը նախատեսում է երկաթուղային գիծ կառուցել Էյլաթից (NEOM-ի հարևանությամբ) դեպի Աքաբա (Հորդանան), ապա անցնել դեպի Սիրիայի հարավ և հասնել Լիբանանի Բեյրութ կամ Տրիպոլի քաղաքները։

Այս կառուցվածքում Իսրայելի միջանցքը ծառայելու է որպես NEOM-ի նավահանգիստների ցամաքային շարունակություն՝ ամրապնդելով Սաուդյան Արաբիայի նպատակները՝ Պարսից ծոցը կապել Միջերկրական ծովի հետ և շրջանցել Օրմուզի նեղուցի նման խոցելի ծովային ուղիները։

Այսպիսով, Էս-Սուվեյդան վերածվում է առանցքային ռազմավարական հանգույցի՝ դառնալով դարպաս Կարմիր ծովից դեպի Լիբանան և հակառակ ուղղությամբ՝ Հորդանանի և Սիրիայի տարածքով։

Իսրայելական լրատվամիջոցներն ու պաշտոնատար անձինք այս ուղին երբեմն անվանում են «Դավթի միջանցք»՝ փորձելով տարածաշրջանում վերաիմաստավորել Իսրայելի դերը ենթակառուցվածքային գերակայության միջոցով՝ համադրելով տեղաբնակեցման քաղաքականությունը (settler-colonialism) լոգիստիկ վերահսկողության հետ։

Այլ կերպ ասած՝ NEOM-ի դերի ուժեղացումը՝ որպես ծովային ու ցամաքային ուղիների առանցքային կենտրոն, էլ ավելի բարձրացնում է Աքաբա–Սուվեյդա երթուղու ռազմավարական արժեքը։ Իսրայելի համար թուրքական ցանկացած ընդլայնում դեպի հարավ գոյաբանական սպառնալիք է, մինչդեռ Թուրքիայի համար Էս-Սուվեյդայի վերահսկողությունն անհրաժեշտ է՝ Լևանտի հարավում իր ազդեցությունը ամրապնդելու նպատակով։

Ինչից սկսվեց․ «հին-նոր Կաց» նախագիծը

2018 թվականի նոյեմբերին Իսրայելի այն ժամանակվա տրանսպորտի նախարար, իսկ ներկայումս երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Օմանի միջազգային տրանսպորտային համաժողովին ներկայացրեց «Խաղաղության երկաթուղի» նախագիծը։ Այն նախատեսում է Պարսից ծոցի երկրները Հորդանանի տարածքով կապել Իսրայելի հետ, ինչը ռազմավարական ծրագրի մաս է կազմում՝ նպատակ ունենալով ուժեղացնել տնտեսական ինտեգրացիան և Արևմտյան Ասիայի շուկաները միացնել Միջերկրածովյան ավազանի իսրայելական նավահանգիստներին։

Կացը, որը Օման էր ժամանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Օմանի նախկին սուլթան Կաբուսի՝ Մասկատում տեղի ունեցած անսպասելի հանդիպումից երկու շաբաթ անց, նախագիծը ներկայացրեց որպես խոշոր ենթակառուցվածքային նախաձեռնություն։ Այն ներառում է երկաթուղային գծերի կառուցում, որոնք կապելու են Իսրայելի հյուսիսային նավահանգիստ Հայֆան Պարսից ծոցի երկրների քաղաքներին՝ Հորդանանի մայրաքաղաք Ամմանի տարածքով։ Նախագծում նախատեսված է նաև պաղեստինցիների միացումը Հայֆայի նավահանգստին՝ առևտրային շրջանառությանը նպաստելու նպատակով։

Համաժողովի ժամանակ Կացը հայտարարեց․ «Այս նախագիծը ոչ միայն տրանսպորտային կամուրջ է, այլև կամուրջ՝ տարածաշրջանի ժողովուրդների միջև խաղաղության ու տնտեսական համագործակցության համար։ Մենք նպատակ ունենք ստեղծել ավելի արագ, էժան և անվտանգ տրանսպորտային համակարգ՝ տնտեսական և քաղաքական համագործակցության նոր հնարավորություններ բացելու համար»։

Նա նաև հավելեց, որ «Խաղաղության երկաթուղին» թույլ կտա խուսափել Օրմուզի և Բաբ-էլ-Մանդեբի նեղուցներում անվտանգության սպառնալիքներից և կենսական այլընտրանքային ուղիներ կապահովի Պարսից ծոցից Եվրոպա բեռնափոխադրումներ իրականացնելու համար։

Նախագիծը դիտարկվում է որպես կարևոր այլընտրանք, որը Պարսից ծոցի երկրներին թույլ կտա շրջանցել Օրմուզի և Բաբ-էլ-Մանդեբի նեղուցների անվտանգության սպառնալիքները։ Այն առաջարկում է ավելի անվտանգ և էժան ցամաքային ուղի՝ ապահովելով նշանակալի տնտեսական օգուտներ մասնակից բոլոր երկրների համար, այդ թվում՝ Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Պարսից ծոցի մյուս պետությունների, ինչպես նաև ամենայն հավանականությամբ Իրաքի և Սիրիայի համար։

Նախագծի շրջանակում նախատեսվում է նաև ժամանակակից լոգիստիկ կենտրոնների կառուցում, օրինակ՝ Հորդանանի Իրբիդ քաղաքում գտնվող բեռնափոխադրման գոտին՝ տեղական տնտեսությունը խթանելու համար։

Կացն առանձնահատուկ շեշտել էր նախագծի կարևորությունը պաղեստինցիների համար՝ նշելով․

«Պաղեստինցիներին Հայֆայի նավահանգստի հետ միացնելով՝ մենք նրանց հնարավորություն ենք տալիս մասնակցել համաշխարհային առևտրին, ինչը տնտեսական և սոցիալական զգալի օգուտներ կբերի նրանց»։

Հորդանանի և պաղեստինյան տարածքների ընդգրկումը ներկայացվում էր որպես տնտեսական առավելություն։ Սակայն իրական նպատակը Իսրայելի տարածաշրջանային գերակայությունն է՝ ենթակառուցվածքների միջոցով։ Եվ չնայած խաղաղության և զարգացման մասին Կացի հայտարարությունները լի էին գեղեցիկ արտահայտություններով, իրական տրամաբանությունը պարզ էր` ենթակառուցվածքներով ամրապնդել տարածաշրջանում Իսրայելի դիրքերը՝ միաժամանակ արգելափակելով իրանական և թուրքական մրցակիցների մուտքը։

Չնայած այն փաստին, որ մասնակից արաբական երկրների մեծ մասը պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ չուներ Իսրայելի հետ, նախագիծը ստացավ ԱՄՆ-ի բացահայտ աջակցությունը: Այդ ժամանակ ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Ջեյսոն Գրինբլաթը նախագիծը դիտարկում էր որպես Վաշինգտոնի՝ «Դարի գործարք» խաղաղության ծրագրի իրականացման կարևոր մաս։

Սուվեյդան սկսեց վերածվել կռվանի

Մինչև Էս-Սուվեյդան թիրախավորելը, Ահմեդ աշ-Շարաայի վերելքն ուղեկցվեց Սիրիայի ծովափնյա շրջանում դաժան գործողություններով, այդ թվում՝ ալավիական համայնքների սպանդով, ինչը ճանապարհ հարթեց Թուրքիայի աջակցությամբ նոր իշխանության ամրապնդման համար։ Այս գործողությունների ավարտից հետո ուշադրությունը տեղափոխվեց դեպի հարավ՝ դրուզների ամրոց Էս-Սուվեյդա։

Ասադից հետո ստեղծված իշխանության վակուումի պայմաններում Աշ-Շարաան Էս-Սուվեյդան ընտրեց որպես իր իշխանության ամրապնդման և Թուրքիայի նախագծերի առաջխաղացման հենակետ, որոնց նպատակն է ապահովել Սիրիայի հարավային սահմանային անցումների անվտանգությունը, ստեղծել ռազմավարական խորություն և տարածել ազդեցությունը դեպի Լիբանան և Հորդանան։

Թուրքիան այս ռազմավարությունն առաջ է տանում ուղիղ և անուղղակի համաձայնությունների միջոցով այն սիրիական խմբավորումների հետ, որոնք աջակցում են իրեն։ Հատկապես նշանակալի դեր ունի «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (ՀԹՇ) խմբավորումը (արգելված է ՌԴ-ում), որն այսօր կենտրոնական դեր ունի Սիրիայի այն տարածքների կառավարման մեջ, որոնք ձգվում են Իդլիբից մինչև Համայի արևելյան շրջաններ՝ այն կետեր, որտեղ անապատը տանում է դեպի Էս-Սուվեյդայի ճանապարհները։

Անկարայի հավակնությունները և Իսրայելի «կարմիր գծերը»․ բախում

Վերջին շրջանում Թուրքիայի հավակնությունները տարածվել են նաև Լիբանանի ուղղությամբ՝ հատկապես երկրի հյուսիսային Տրիպոլի քաղաքում և դրա շրջակայքում։ Այստեղ Անկարան ակտիվորեն ուժեղացրել է իր սոցիալական, քաղաքական և տնտեսական ազդեցությունը՝ հիմնարկների, ասոցիացիաների և նոր քաղաքացիություն ստացած անձանց ցանցերի միջոցով։

Տրիպոլիի նավահանգիստը, որը Թուրքիան մտադիր է վերածել Բեյրութի նավահանգստի այլընտրանքի, դիտարկվում է որպես տարածաշրջանային տարանցիկ կարևոր հանգույց։

Ահմեդ աշ-Շարաան իր այս ռազմավարական համոզումը մասամբ հիմնավորում է գաղտնի պայմանավորվածություններով, որոնք ձեռք են բերվել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում՝ սիրիական և իսրայելական ներկայացուցիչների մասնակցությամբ և Թուրքիայի ոչ պաշտոնական միջնորդությամբ։ Այս պայմանավորվածությունները մեկնաբանվել են որպես ոչ պաշտոնական համաձայնություն Թուրքիայի՝ դեպի հարավ ընդլայնման վերաբերյալ, որի դիմաց Թուրքիան պետք է երաշխավորի, որ Իրանի ազդեցությունը չի վերադառնա և Թուրքիայի քայլերը չեն սպառնա Իսրայելի անվտանգությանը։

Սակայն հենց այս հավակնությունները Իսրայելի համար դարձան «կարմիր գիծ»։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զգուշացրեց, որ Սիրիայում հայտնվում է «նոր Հարավային Լիբանան»։ Իր հերթին՝ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարեց. «Դրուզները մեր եղբայրներն են, և մենք նրանց միայնակ չենք թողնի այս ընդլայնման դեմ»։

Սա պարզ ազդակ էր միջամտության պատրաստակամության մասին։ Շուտով իսրայելական ռազմական օդանավերը հարվածներ հասցրին Դամասկոսին և հարավում առաջ շարժվող և աջակցող ստորաբաժանումներին։

Անկարայի պատասխանը

Միևնույն ժամանակ Անկարան հրապարակայնորեն հաստատեց իր «կարմիր գծերը»։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 17-ին կառավարության նիստից հետո հայտարարեց․

«Մենք Սիրիայի բաժանմանը չենք համաձայնել ո՛չ երեկ, ո՛չ այսօր, և կտրականապես չենք համաձայնի նաև վաղը։ Նրանք, ովքեր իջնում են հորը՝ Իսրայելի պարանից բռնված, վաղ թե ուշ կհասկանան, թե որքան լուրջ սխալ են թույլ տվել»։

Այստեղ հարկ է նշել, որ իրականում Թուրքիայի և Իսրայելի միջև բաց բախում չկա և չի եղել, գործում է լուռ համաձայնություն՝ ազդեցության ոլորտների բաշխման շուրջ, երբ երկու կողմերն էլ հետապնդում են սեփական շահերը՝ միաժամանակ հակամարտությունը կառավարելով միջնորդների և գաղտնի շփումների միջոցով։

«Բանջարեղեն տեղափոխող բեռնատարի» միջադեպը՝ առիթ

Միևնույն ժամանակ Անկարան հրապարակայնորեն հաստատեց իր «կարմիր գծերը»։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 17-ին կառավարության նիստից հետո հայտարարեց․

«Մենք Սիրիայի բաժանմանը չենք համաձայնել ո՛չ երեկ, ո՛չ այսօր, և կտրականապես չենք համաձայնի նաև վաղը։ Նրանք, ովքեր իջնում են հորը՝ Իսրայելի պարանից բռնված, վաղ թե ուշ կհասկանան, թե որքան լուրջ սխալ են թույլ տվել»։

Այստեղ հարկ է նշել, որ իրականում Թուրքիայի և Իսրայելի միջև բաց բախում չկա և չի եղել, գործում է լուռ համաձայնություն՝ ազդեցության ոլորտների բաշխման շուրջ, երբ երկու կողմերն էլ հետապնդում են սեփական շահերը՝ միաժամանակ հակամարտությունը կառավարելով միջնորդների և գաղտնի շփումների միջոցով։

Վաշինգտոնը հետևում է, վերահսկում, բայց չի որոշում

Միացյալ Նահանգները ևս անմասն չմնաց իրավիճակից։ Վաշինգտոնը բազմիցս ողջունել էր Աշ-Շարաայի իշխանության գալը՝ նրան համարելով միջազգային հանրության կողմից ընդունելի գործիչ՝ նախորդ իշխանության համեմատ։ Սակայն ԱՄՆ-ն չտվեց նրան ազատ գործողությունների իրավունք դեպի հարավ։

Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարեթը հստակ հայտարարեց, որ Վաշինգտոնը պաշտպանում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը՝ միաժամանակ նախազգուշացնելով զերծ մնալ միակողմանի գործողություններից, որոնք կարող են վտանգել տարածաշրջանային կայունությունը։

ԱՄՆ-ի հետաքրքրությունը կրկին որոշակիորեն աճել է, սակայն այժմ այն ավելի շատ դիտորդի դիրք է զբաղեցնում, քան ակտիվ խաղացողի։ Այս պասիվությունը Թուրքիային և Իսրայելին հնարավորություն է տվել վերաձևավորել ազդեցությունը պատերազմից ավերված Սիրիայի տարածքում։

Վաշինգտոնը կարծես ձգտում է վերահսկել հակամարտության տեմպերը, սակայն պատրաստ չէ վերջնական որոշումներ կայացնել։ Այն փորձում է կանխել Թուրքիայի կամ Իսրայելի հետ բացահայտ առճակատումը, բայց միաժամանակ թույլ չի տալու նաև Թուրքիայի անվերահսկելի ընդլայնումը։

Այսպիսով՝ Էս-Սուվեյդայի համար պայքարը, իրականում, ոչ թե կրոնական հակամարտություն է կամ կառավարման համակարգի ընտրության խնդիր, այլ երկու ենթակառուցվածքային նախագծերի՝ թուրքականի և իսրայելականի միջև ընթացող պատերազմ։

Յուրաքանչյուր նախագիծ նպատակ ունի թելադրել առևտրային, էներգետիկ և ազդեցության ուղիներ հետասադյան Սիրիայում։

Ահմեդ աշ-Շարաան, չնայած իր կապերին «Ալ-Քաիդա» և «Իսլամական պետություն» խմբավորումների հետ, դարձել է թուրքական շահերի հիմնական առաջատարը։ Սակայն իրական դաշնակիցների բացակայության և ներքին լեգիտիմության պակասի պայմաններում նա այսօր բախվում է նաև իսրայելական թշնամանքի ողջ ուժին։

Էս-Սուվեյդայի ճակատամարտը հետասադյան դարաշրջանի առաջին լուրջ փորձությունն է։ Դրա արդյունքը կորոշի ոչ միայն Սիրիայի ապագա սահմանները, այլև տարածաշրջանի ամբողջ տրանսպորտային և էներգետիկ քարտեզը։ Այն նաև վճռորոշ կլինի այն հարցում, թե նոր Սիրիան կընտրի՞ Թուրքիայի առաջարկած զարգացման ուղին, թե՞ կգնա Իսրայելի այսպես կոչված «խաղաղության գծով»։

Կա նաև այլ՝ քիչ հավանական տարբերակ, երբ Անկարան և Թել-Ավիվը մոտակա ժամանակներում Բաքվում համաձայնության գան Ադրբեջանի ակտիվ միջնորդությամբ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև