– Դուք բոլորդ վախկոտների պես փախուստի եք դիմել՝ մեր էրեխեքին օգնության չհասնելով․․․ Չեմ հիշում, չեմ հիշում, չեմ հիշում, լա՛վ, ինչքա՞ն կարելի է, գնացեք, մեղրաջուր խմեք․․․,- Քիմիկների զորամասի գործով տուժողի իրավահաջորդ Անահիտ Ադոյանի խոսքերն են, որն այսպես արձագանքեց դատակոչված վկայի՝ դեպքի հանգամանքները պարբերաբար չհիշելուն։
Խոսքը վերաբերում է ՀՀ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի՝ (հայտնի է որպես Քիմիկների զորամաս) 2020 թ․ հոկտեմբերի 21-ին շրջափակման մեջ ընկնելուն։ Այդ օրը մարտական առաջադրանքի մեկնած 62-հոգանոց խմբի 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել էր, 12-ը՝ սպանվել, 23-ի եւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։
Ավելի քան երկուսուկես տարի է՝ դատարանը քննում է կատարվածի հանգամանքները, եւ չնայած նախագահող դատավոր Սարգիս Դադոյանի հորդորներին՝ նիստերը մշտապես անցնում են լարված մթնոլորտում․ վկաները, որպես կանոն, իրենց նախաքննական ցուցմունքին հակասող տվյալներ են հայտնում, ինչը վրդովեցնում է ծնողներին։ Նախագահող դատավորն ի վերջո նրանց նկատմամբ սանկցիա է կիրառում:
– Դատարանը ձեր դրությունը միշտ հաշվի է առնում, բայց դատական կարգի բնականոն ընթացքը այսպես խաթարելը չի կարող հանդուրժել,- դիմելով ծնողներին՝ ասաց դատավորը, երբ հերթական անգամ նիստերի դահլիճում աղմուկ բարձրացավ։
– Հարգելի՛ դատարան, Դո՛ւք չեք 5 տարի մորգերով դիակներ ման եկել, Դո՛ւք չեք գնացել, հողը քանդել, մարմիններ բերել, Դո՛ւք չեք ամեն օր էս ամենի միջով անցնում, Դո՛ւք չեք ամեն օր փոքր էրեխու երես տեսնում, որ հարցնում է՝ պապան ո՞ւր ա… Դուք ինձ հարցրե՞լ եք՝ ես գիշերները ոնց եմ աչք փակում, հարցրե՞լ եք՝ ինչերի միջով եմ անցնում․․․- ի պատասխան՝ վրդովվեց Ադոյանը։
Վկան, որի հարցաքննությունն այսպես լարեց իրավիճակը, 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ N զորամասի՝ կապի հանգույցի համակցման կենտրոնի պետ, այդ ժամանակ կապիտան, այժմ մայոր Վլադիմիր Չարչյանն էր։ Ներկայանալով դատարանին՝ նա հայտնեց, որ ամբաստանյալներից միայն Անդրանիկ Մակարյանին է ճանաչում ծառայության բերումով։
Անդրանիկ Մակարյանը, հիշեցնենք, պատերազմի ժամանակ զբաղեցնում էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը։ Նա այժմ մեղադրվում է այն բանի համար, որ այդ ժամանակվա ԳՇ պետ Օնիկ Գասպարյանից հրաման ստանալով շրջափակման մեջ հայտնված քիմիկներին օգնության հասնել՝ հրաժարվել է դա անել։ Ըստ մեղադրանքի՝ իր եւ ենթակա անձնակազմի կյանքին սպառնացող անմիջական վտանգը չեզոքացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ տվել է «նահանջ» հրաման՝ այն պարագայում, երբ քիմիկներն այդ պահին իրենցից 2 կմ հեռավորության վրա էին։
Մեղադրյալի աթոռին է նաեւ քիմիկների հրամանատար փոխգնդապետ Արսեն Աբգարյանը։ Ըստ մեղադրանքի՝ Աբգարյանի՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի արդյունքում ուղեկցողները անձնակազմին սխալ ուղղությամբ են տարել, ինչի հետեւանքով էլ վերջինս ընկել է շրջափակման մեջ։
Մակարյանն ու Աբգարյանը իրենց մեղադրանքը չեն ընդունել։
Վկա Չարչյանը եղել է հենց Մակարյանի գլխավորությամբ օգնության մեկնած խմբի կազմից։
Վկա Վլադիմիր Չարչյանը դատարանին հայտնեց, որ ինքը մասնագիտությամբ կապավոր է, սակայն մարտական առաջադրանքում որպես կապավոր չի ընդգրկվել։
Պատերազմի առաջին օրերին հրաման է ստացել իր մշտական տեղակայման վայրից մեկնել Մեղրի՝ Ագարակի զորամաս, այնտեղից էլ օրեր անց՝ Կապան։ Եղել են մոտ 160 հոգի՝ համահավաք կազմով՝ ե՛ւ մոբ, ե՛ւ պարտադիր ժամկետային զինծառայողներ, ե՛ւ սպայակազմ։ Իրենց հետ են եղել իրենց շտաբի պետ փոխգնդապետ Աշոտ Ժամհարյանը եւ իր անմիջական հրամանատար փոխգնդապետ Կարեն Կարապետյանը։
Խոսելով հոկտեմբերի 21-ի մարտական առաջադրանքի մասին՝ վկան հայտնեց, որ հստակ հրահանգավորում չի եղել, պարզապես ասվել է, որ զենքերը վերցնեն․ պետք է դուրս գան զորամասից՝ խնդրի կատարման։ Անվտանգության ցուցումներ են տրվել, որ ինքնագործունեությամբ չզբաղվեն, առանց հրամանի ոչինչ չձեռնարկեն։ Այդ ժամանակ է տեղեկացել, որ իրենց ղեկավարելու է գեներալ Մակարյանը․
- Ի՞նչ տեղեկություններ ունեիք մարտական խնդրի մասին,- հարցրեց հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը։
- Որպես այդպիսին, հրահանգավորվել, ասվել է՝ դուրս ենք գալու, զենքերը վերցրել ենք․․․
- Ե՞րբ։
- Դուրս գալուց որոշ ժամանակ առաջ, բայց հաստատ օր չէ։
- Նախորդ օրը երեկոյան կամ գիշերը չե՞ք իմացել։
- Չէ։
- Ըստ քրեական գործի՝ նախորդ օրը՝ երեկոյան, Անդրանիկ Մակարյանն այդ թեմայով խորհրդակցություն է անցկացրել։
- Մենք չենք մասնակցել, չենք էլ իմացել, մենք ու սպայական կազմը առանձին շինություններում էինք։
- Լավ, ումի՞ց իմացաք, որ պետք է դուրս գաք զորամասից։
- Փոխգնդապետ Կարապետյանից։ Ասաց՝ խմբով դուրս ենք գալու, բայց՝ ոչ ողջ ծավալով, մոտ 50 հոգով։
- Ինչպե՞ս էիք որոշելու այդ 50 հոգուն։
- Չեմ հիշում՝ մենք որոշեցինք թե հրամանատարաները, հիմնականում սպաներս էինք։
- Ո՞ւր էիք դուրս գալու։
- Չգիտեինք։
- Չհարցրի՞ք։
- Հրահանգավորման ժամանակ տեղը չենք իմացել։
- Իսկ ինչի՞ համար էիք դուրս գալու, ի՞նչ անելու։
- Էդ էլ չգիտեինք․․․ Բայց դե, ի՞նչ պիտի անեինք էդ իրավիճակում․․․
- Օրինակ՝ գիտեի՞ք՝ հարձակողակա՞ն մարտ պիտի վարեիք թե՞ պաշտպանողական, ինժեներակա՞ն աշխատանքներ պիտի անեինք թե՞ դարանակալման։
- Չէ, դրա մասին խոսք չի եղել, ինֆորմացիա կար, որ հակառակորդը էսինչ շրջանում հավաքված է, բայց թե մեր գործողությունների ուղղվածությունը ոնց էր, չեմ հիշում։
- Էդ ի՞նչ ինֆորմացիա է։
- Հանգույցի պետը հրահանգավորելիս է ասել, որ հակառակորդի ուժեր կան հավաքված, շրջանը չի ասել։
- Ասացի՞ն՝ ինչ զենքեր վերցնեք։
- Մենք ունեինք այն, ինչ ունեինք՝ ինքնաձիգներ՝ АКМ, փամփուշտներ շատ ունեինք։
Տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը ընդգծեց՝ մոբով զորակոչված վկաները հստակ նկարագրել են իրենց հրահանգավորումը, եւ խնդրեց պարզաբանել՝ ինչպե՞ս է, որ վկան կամ նույն խմբից մեկ այլ վկա, որ հարցաքննվեց նախորդ նիստին, դա չեն կարողանում անել։ Հարցրեց՝ հնարավո՞ր է՝ վերադաս սպաները մոբին ավելի վստահեին, քան ենթակա սպաներին։ Վկան այս հարցին բացասական պատասխանեց, բացատրեց՝ գուցե մոբը տեղանքին ծանոթ է եղել, հիշել է։
Ի վերջո, առավոտյան՝ լույսը չբացված, ճանապարհ են ընկել 2 ավտոբուսով։ Մինչեւ մեկնելը քիմիկներին տեսել է թե ոչ՝ դժվարացավ հիշել, ասաց՝ դեմքով չգիտեր։
Հասնելով մի տեղանք, որի անունը վկան դարձյալ չհիշեց, ավտոբուսներից իջել են եւ ժամից ավելի ոտքով քայլել։ Թե կոնկրետ ուր եւ ինչ նպատակով, վկան դարձյալ չգիտեր, ասաց՝ տեղանքին ծանոթ չի եղել, չի տիրապետել, ցուցում է ստացել, որպես կատարող ենթարկվել է։
Հետո, ըստ վկայի ցուցմունքի, հասել են մի տան մոտ, որտեղ բաժանվել են երկու խմբի․ մի մասը, այդ թվում՝ ինքը, այդտեղ սպասելու հրահանգ է ստացել, մյուս մասը՝ Վերանյանի ղեկավարությամբ շարունակել ճանապարհը։
- Ուրիշ խնդիր չի՞ նշվել,- հարցրեց մեղադրողը։
- Չէ, միայն սպասել։
- Հակառակորդի հնարավոր հարձակման ուղղություն չի՞ նշվել։
- Ոչ։
- Գոնե գիտեի՞ք՝ դա մե՞ր վերահսկողության տարածքն էր թե՞ հակառակորդի։
- Չեմ կարող ասել։
- Իսկ Ձեր տպավորությա՞մբ։
- Ինձ թվում է՝ մերն էր, հողամաս էր, տուն էր, հայկական։
- Իսկ մյուս խումբը ի՞նչ արեց։
- Մի քիչ էլ առաջ գնաց, ինչքան՝ չեմ կարող ասել, որոշակի ժամանակ՝ գուցե ժամից ավելի, սպասել ենք, հետո հետ են եկել, հետ ենք քայլել ավտոբուսների մոտ, վերադարձել զորամաս։
Դատավարության մասնակիցների հարցին՝ երբ վերադարձել են, ավտոբուսները տեղո՞ւմ են եղել, վկան դրական պատասխանեց։ Հետագայում պարզ դարձավ, որ այս եւ մի շարք այլ դրվագների վերաբերյալ նախաքննության ժամանակ վկան այլ ցուցմունք էր տվել։
Հանրային մեղադրողը խնդրեց հայտնել՝ ի վերջո այդ խումբը ո՞ւր գնաց եւ ինչո՞ւ վերադարձավ։ Ի պատասխան՝ վկան ասաց՝ իրենց պարզաբանում չի տրվել, իր կարծիքով՝ տարածքի հետախուզում պիտի իրականացվեր․ երբ տեղ էին հասել, վարորդներից լսել էին, որ քիմիկները շրջափակման մեջ էին, բայց ուրիշ տեղեկություն չունեին։
- Վերադաս հրամանատարները տեղյա՞կ էին այդ մասին։
- Չեմ կարող ասել։
- Իսկ որտե՞ղ էին շրջափակման մեջ։
- Չգիտեմ, ես տեղանքին չէի տիրապետում։
- Որ հետ եկան, հարցրի՞ք՝ նկատեցի՞ն ինչ-որ բան։
- Գիտենք, որ կրակոց չի եղել, հետ են եկել,- ասաց վկան՝ հավելելով, որ հետ գնալու հրահանգ է ստացել, կատարել է, քննարկելու իրավունք չուներ։
Բազմաթիվ հարցերի ի պատասխան՝ վկան այդպես էլ չկարողացավ հիշել՝ իրենց հետ հետախույզների խումբ եղել է թե ոչ, տեսանելիության խնդիր ունեին թե ոչ, ինչպիսին էին եղանակային պայմանները կամ եղել է արդյոք խոսակցություն, որ այդ խումբը ինչ-որ բան փորձել է անել, բայց չի ստացվել։
- Երբ իմացաք շրջափակման մասին, Կարապետյանը չասա՞ց՝ բա գնանք, օգնենք մեր զինծառայակիցներին,- հարցրեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը։
- Միանշանակ, մենք գնում էինք էնտեղ, որ օգնեինք։
- Բա քիչ առաջ ասում էիք՝ չէիք իմանում՝ ինչի էիք գնում։
- Բուն գործողությունը չէինք իմանում, բայց իմ ենթադրությունն է, որ եթե գնացել ենք էնտեղ, բոլորիս նպատակն էլ օգնելն է։
- Բա Ձեր մոտ որպես սպա հարց չառաջացա՞վ՝ ո՞նց է ստացվում, որ պիտի պարզապես սպասեիք։ Չէ՞ որ ամեն վայրկյանն էլ շրջափակման մեջ գտնվողի համար կարեւոր է։
- Մենք մեր հաջորդ քայլն էլ չգիտեինք, մեր ճակատագիրն էլ չգիտեինք։
- Կարապետյանին չեք հարցրե՞լ՝ մենք ինչի՞ ենք հավաքվել, 3 ժամ սպասում։
- Քանի որ ես մասնագիտությամբ կապավոր եմ, այդ ռազմարվեստին չեմ տիրապետում։ Ինձնից վերեւ ցուցում կտային, կկատարեի,- պատասխանեց վկան։
Դատավարության մասնակիցները հետաքրքրվեցին՝ լսե՞լ է խոսակցություն հետեւյալ բովանդակությամբ՝ էսօր հետ ենք գնում, բայց վաղը մի 150 հոգով գալու ենք՝ փրկենք տղերքին։ Վկան բացասական պատասխանեց։ Հարցին՝ տեղյա՞կ էր, որ քիմիկները դիմացի սարի հակառակ կողմում էին շրջափակման մեջ։ Պատասխանը դարձյալ բացասական էր։ Հարցին՝ ի վերջո գիտե՞ր, որ այդ ժամանակ Զանգելանը այլեւս մեր վերահսկողության ներքո չէր։ Վկան հստակ պատասխան չտվեց, ասաց՝ խնդիր է ստացել, վերադասի խնդիրը չի քննարկել։ Ոչինչ չհիշեց նաեւ Դիցմայիլ, Ներքին Հանդ գյուղերի, Գիվի մականունով զինծառայողի մասին, որոնց վերաբերյալ նախաքննության ժամանակ ցուցմունք էր տվել։ Հավելեց՝ վերադառնալով զորամաս՝ հաջորդ օրը խնդիր է ստացել որպես հրաձիգ պաշտպանություն իրականացնելու, ինչը կատարել է։
Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ նշելով, որ նրա խոսքերում առկա են էական հակասություններ։ Դատարանը միջնորդությունը բավարարեց։
Նախաքննության ժամանակ վկան հարցաքննվել էր 2022 թ․ մարտ ամսին։
2020 թվականի նոյեմբերի 20-ի երեկոյան զորամաս եկավ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, ով նույն օրը երեկոյան զորամասի հրամանատարի աշխատասենյակում իրականացրեց խորհրդակցություն, որին մեր խմբից մասնակցում էր միայն մեր զորամասի շտաբի պետ, փոգնդապետ Աշոտ Ջամարյանը։ Խորհրդակցության ավարտից հետո նա փոխգնդապետ Կարեն Կարապետյանին եւ փոխգնդապետ Ռոման Իսախանյանին խնդիր է դրել, որ պատրաստ լինեն առավոտյան գործողության կատարման եւ ընտրեն 25 հոգուց բաղկացած անձնակազմ, գնալու ենք Կովսական՝ սանրման աշխատանքների մասնակցելու, քանի որ որոշ տվյալների համաձայն՝ հակառակորդի դիվերսիոն խմբերը ներթափանցել են Զանգելանի տարածք, այլ մանրամասներ չեն ասել։
Առավոտյան ժամը 06։00-ի սահմաններում մեր խմբի կազմով շարվել ենք զորամասի շարահրապարակում, Անդրանիկ Մակարյանի հրահանգավորումից հետո նստել 3 ավտոբուս՝ մեր՝ Կարեն Կարապետյանի ղեկավարած խումբը, Ռոման Իսախանյանի ղեկավարած խումբը եւ Գիվի մականունով զինծառայողի խումբը։
Ճանապարհին լիցքավորման նպատակով կանգնել ենք գազալցակայանում, որտեղ հանդիպել ենք Արսեն Աբգարյանի խմբին, որը նշել է, որ իրենք էլ Կովսական են գնում՝ Սյունիք–Սովխոզ ուղղությամբ՝ նույն խնդիրը կատարելու նպատակով։
․․․Հասել ենք մի կիսավեր գյուղի մոտ, կարծեմ՝ Դիցմայիլ անունով, շարվել ենք Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ։ Ժամը 15։00-ի սահմաններում հասել են վերոնշյալ վայր, որ Կապանից հեռու էր 18-20 կմ։ Մեր խումբը նտել է վերջին ավտոբուսը և վերջինն ենք հասել։ Երբ իջել ենք ավտոբուսներից, տեղեկացել ենք, որ քիչ առաջ Արսեն Աբգարյանի խումբը զասադի մեջ է ընկել, պետք է շտապ հասնել օգնության։ Դրանից հետո Մակարյանը հանձնարարել է կազմել 3 խումբ․ առջեւից գնացել է ինքը՝ շուրջ 10-հոգանոց հետախուզական խմբի հետ միասին, դրանից հետո գնացել է Ռոման Իսախանյանի ղեկավարած խումբը, իսկ վերջում՝ մենք։
Քայլել ենք շուրջ 3-4 կիլմետր ճամապարհ՝ Կովսականի ուղղությամբ։ Մոտ 1 ժամվա ընթացքում հասանք մի ճամփաբաժան խաչմերուկ, Անդրանիկ Մակարյանը խնդիր դրեց, որ խմբով մնանք խաչմերուկում ու կազմակերպենք տարածքի պաշտպանությունը աջից սպասվող հնարավոր հարձակման դեպքում, որից հետո իրենք թեքվել են դեպի ձախ՝ Կովսականի ուղղությամբ։ Իրարից շուրջ շուրջ 40 մետր հեռավորության վրա իրականացրել ենք տարածքի պաշտպանություն Մինջեւանի կողմից հնարավոր հարձակումը կանխելու նպատակով։
Շուրջ 2․5 ժամ անց՝ ժ․ 12-ի սահմաններում, տեսել ենք, որ Անդրանիկ Մակարյանի խումբը վերադառնում է։ Հետաքրքրվել ենք վերադարձի պաճառների մասին, որի ժամանակ ընդհանրական նշել են, որ տեղեկություն են ստացել հակառակորդի գերազանցող ուժերի եւ զինտեխնիկայի մասին, բացի այդ, բլուրը իջնելուց հետո պետք է հայտնվեին դեպի Կովսականի ուղղությամբ բաց դաշտում, լինեին տեսանելի հակառակորդի համար և կոտորվեին։ Ուստի այդ պատճառով Մակարյանը որոշել է վերադառնալ այն վայրը, որտեղից իջել ենք ավտոբուսներից։
Այդ պահին ժամը մոտ 13։00-ն էր։ Քայլել ենք 3-4 ժամ, երբ հասել ենք այդ վայրը, տեսել ենք, որ ավտբուսները չկան, որից հետո Մակարյանը հրահանգել է շտապ վերադարձնել ավտոբուսները։ Շարունակել ենք քայլել դեպի Կապանի ուղղությամբ, մինչև ճանապարհին հանդիպել ենք ավտոբուսներին։
Դեղին ավտոբուսներից մեկը հետախույզներին տարավ դեպի Կապանի զորամաս, իսկ մենք շարունակեցինք քայլել, մինչեւ մեզ հանդիպակաց եկան 2 ավտոբուսներ, սակայն ճանապարհին 2-ն էլ խափանվեցին։ Դրանից հետո վարորդները զանգել են ավտոբուսների պարկ, ուղարկել են 3-րդ ավտոբուսը, եւ մենք, մնացած 50-հոգանոց կազմով տեղավորելով դրա մեջ, վերադարձանք Կապան։
Երբ հասանք Կապան, արդեն մութ էր, իսկ մինչ այդ՝ ժամը17։00-18։00-ի սահմանները, եղել ենք դաշտում։ Մեզ հետ միասին վերադարձել է նաև Անդրանիկ Մակարյանը։ Դրանից 2-3 օր անց Կապանի գնդում տեսել ենք Արսեն Ագարյանին, ով ասել է, որ պատահմամբ ընկել են զասադ, հակառակորդը հարձակում է գործել մեծ կազմով, և անձնակազմի մեծ մասը կոտորվել է։
Ցուցմունքի հրապարակումից հետո մեղադրողը դիմեց վկային․
- Ձեր ցուցմունքում հստակ գրել եք՝ խորհրդակցություն, խնդիր, ուղղություն, սանրման աշխատանքներ․․․ Հարգելի՛ վկա, ինչ-որ պատճառ կա՞, որ հանգեցրել է նրան, որ այս ամենը հիմա չեք ուզում ասել։
- Ոչ մի կերպ, էդ ժամանակ թարմ է եղել, բոլորը հիշել եմ,- պատասխանեց վկան։
Նախագահողի հարցին ի պատասխան եւս նա պնդեց նախաքննական ցուցմունքը՝ հավելելով, որ այսօր պատմել է այն ընդհանուր տեղեկությունները, ինչ հիշել է։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 7-ին։