Արաբկիրի համայնքային ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված գողություններ․ մեկ անձ ձերբակալվել է

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ անցած տարեվերջին և այս տարի մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում արձանագրվել էին գողություններ, որոնց ձեռագրի նմանությունը հուշում էր համայնքային ոստիկաններին, որ դրանք կատարում է նույն անձը:

«Օրինակ՝ անցած տարվա հոկտեմբերի 10-ին Հրաչյա Քոչարի փողոցում հարմարեցված գործիքով բացել էին ծաղկի խանութի փականը և գողացել 60 հազար դրամ, բջջային հեռախոս ու ծաղկեփունջ: Այս տարվա հունվարի 3-ին գողություն էր եղել բակերից մեկում կայանված «Շևրոլե» մակնիշի մեքենայից, հունվարի 18-ին` տեխնիկական միջոցի գործադրմամբ բացել էին Կոմիտասի պողոտայում տեղադրված սուրճի ապարատն ու տարել դրամարկղը, իսկ հունիսի 9-ին Աղբյուր Սերոբի փողոցում տեղադրված սուրճի ապարատը կոտրելով` հափշտակել էին 100 հազար դրամ:

Համայնքային ոստիկանները համադրել էին բոլոր դեպքերի հանգամանքները, ձեռնարկել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և ստացել հավաստի տեղեկություն, որ գողությունները կատարել է 31-ամյա մի տղամարդ:

Սակայն մի առանձին խնդիր էր նրան հայտնաբերելը, քանի որ տղամարդը չուներ հաշվառման հասցե և մշտական բնակության վայր: Եվ այստեղ օգնության հասան մայրաքաղաքի պարեկները:

Հուլիսի 23-ի գիշերը` ժամը 2-ին, Ազատության պողոտայում պարեկները ստուգման նպատակով կանգնեցրին «Կիա» մակնիշի մեքենա, որի վարորդը իրավապահներին ներկայացրեց ՌԴ կեղծ վարորդական վկայական: Մեքենայով հանդերձ նա ներկայացվեց Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ Այստեղ արագ պարզվեց, որ վարորդն իրենց փնտրած 31-ամյա տղամարդն է:

Արաբկիրի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանեց, որ վերոհիշյալ գողություններն իր ձեռքի գործն են:

Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև