Քաղաքաշինության կոմիտեն գնումներ է կատարել Կոմիտեի նախագահի տեղակալի հիմնադրած ընկերությունից
ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի տեղակալի հիմնադրած ընկերությունը 2018-2022 թվականներին մասնակցել և հաղթել է Կոմիտեի հայտարարած գնման ընթացակարգերում՝ կնքելով շուրջ 545 մլն դրամի պայմանագրեր։
2019 թվականի սեպտեմբերին Կոմիտեի նախագահի տեղակալ նշանակվեց Նունե Պետրոսյանը։ Վերջինս մինչ այդ դասավանդել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, աշխատել է «Հայնախագիծ» ինստիտուտում՝ որպես նախագծի գլխավոր ճարտարապետ։ Սրանից բացի՝ Պետրոսյանը 2012 թվականի հուլիսին հիմնադրել է «Ատրիում պրո ստուդիո» ընկերությունը։ Նա հիմնադրման պահին եղել է ընկերության միակ սեփականատերն ու տնօրենը։
2019 թվականի օգոստոսին՝ պաշտոնը ստանձնելուց մոտ մեկ ամիս առաջ, Պետրոսյանը դուրս է եկել իր հիմնադրած ընկերությունից՝ բաժնեմասերը փոխանցելով Արթուր Հակոբյանին։
«Ատրիում պրո ստուդիո» ընկերությունը առաջին անգամ պետական գնումների մասնակցել է 2018 թվականի հուլիսին։ ՀՀ Քաղաքաշինության կոմիտեն հայտարարել էր բաց մրցույթ «ՀՀ Արարատի և ՀՀ Սյունիքի մարզերի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի մշակման աշխատանքների» ձեռքբերման համար։ Ընկերությունը հայտ է ներկայացրել մրցույթի 11 չափաբաժիններից միայն մեկով և հաղթել` Կոմիտեի հետ կնքելով 44 մլն 500 հազար դրամի պայմանագիր։ Այս մրցույթի հայտերում ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ ընկերության իրական շահառուն Նունե Պետրոսյանն էր։
Երկրորդ անգամ ընկերությունը պետական գնումներին մասնակցել է 2019 թվականի օգոստոսին՝ Նունե Պետրոսյանի՝ պաշտոնը ստանձնելուց շուրջ 2 ամիս առաջ։ Քաղաքաշինության կոմիտեն հայտարարել էր մրցույթ «ՀՀ Արմավիրի և Վայոց Ձորի մարզերի և Դիլիջան համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի մշակման աշխատանքների» ձեռքբերման համար։ Ընկերությունը հայտ է ներկայացրել 15 չափաբաժիններից 5-ին և հաղթել դրանցից 3-ում՝ կնքելով ընդհանուր 52 մլն 700 հազար դրամի պայմանագիր։
Այս մրցույթին մասնակցելու շրջանում ընկերությունն արդեն ուներ նոր սեփականատեր և տնօրեն, ուստի ընկերության իրական շահառուների ցանկում Նունե Պետրոսյանի անունն արդեն չի հանդիպում։ Սակայն հետաքրքիր է, որ այս նույն մրցույթին մասնակցում և բոլոր չափաբաժիններում «Ատրիում պրո ստուդիո» ընկերության հետ մրցակցում էր «Հայնախագիծ» Բաց բաժնետիրական ընկերությունը (ԲԲԸ)։ Այս ընկերության ներկայացրած մրցութային փաստաթղթերի համաձայն՝ Նունե Պետրոսյանը այդ պահին ընկերության գործադիր մարմնի անդամներից մեկն էր։ Ստացվում է, որ նրա հիմնադրած ընկերությունը (թեև մրցույթի մասնակցությունից օրեր առաջ նա դուրս էր եկել ընկերությունից) մրցակցում էր իր ղեկավարած մեկ այլ ընկերության հետ։
Երրորդ անգամ ընկերությունը Քաղաքաշինության կոմիտեի հայտարարած մրցույթին մասնակցել է արդեն Նունե Պետրոսյանի պաշտոնավարման շրջանում՝ 2019 թվականի նոյեմբերին։ «Դիլիջան համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագծի մշակման աշխատանքների» ձեռքբերման՝ մրցույթի նախահաշվային գինը (առավելագույնը, որ Կոմիտեն պատրաստ էր վճարել ծառայության համար) կազմում էր 17 մլն 380 հազար դրամ։ Մրցույթի միակ մասնակիցը՝ «Ատրիում պրո ստուդիոն», աշխատանքների հատարման համար նախ առաջարկել էր 25 մլն դրամ, ապա նվազեցրել էր գնառաջարկը՝ գերատեսչության հետ կնքելով 17 մլն 360 հազար դրամի պայմանագիր։
2019 թվականին «Ատրիում պրո ստուդիո» ընկերությունը ևս մեկ մրցույթի է մասնակցել։ «ՀՀ Արագածոտնի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի և Շիրակի մարզի Աշոցք համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի մշակման աշխատանքների» ձեռքբերման մրցույթի բոլոր չափաբաժինների համար հայտ են ներկայացրել միայն «Ատրիում պրո ստուդիոն» և «Հայնախագիծ» ԲԲԸ-ն։ Չափաբաժիններից 9-ում հաղթել է «Ատրիում պրո ստուդիոն»՝ Կոմիտեի հետ կնքելով 160 մլն 150 հազար դրամի պայմանագիր, իսկ 12-ում «Հայնախագիծ» ԲԲԸ-ն՝ կնքելով 332 մլն 148 հազար դրամի պայմանագիր։
Ստացվում է՝ Նունե Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակ Կոմիտեի հայտարարած մրցույթին մասնակցել և հաղթել են երկու ընկերություններ, որոնք մինչ պաշտոնը ստանձնելը փոխկապակցված էին Կոմիտեի նախագահի տեղակալի հետ։
Հաջորդ մրցույթին «Ատրիում պրո ստուդիոն» մասնակցել է արդեն 2021 թվականի մարտին։ Կոմիտեի կարիքների համար «Բնակելի շենքեր. ՄասII. Անհատական բնակելի տներ» ՀՀ շինարարական նորմերի մշակման, տեղայնացման աշխատանքի ձեռքբերման՝ մրցույթում հաղթել է ընկերությունը՝ կնքելով 5 մլն 570 հազար դրամի պայմանագիր։
2021 թվականի դեկտեմբերին ընկերությունը մասնակցել է «ՀՀ Շիրակի և Գեղարքունիքի մարզերի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի մշակման աշխատանքների» ձեռքբերման մրցույթին։ Այս դեպքում ևս «Ատրիում պրո ստուդիոյի» միակ մրցակիցը «Հայնախագիծ» ԲԲԸ-ն էր։ Արդյունքում հաղթել է «Ատրիում պրո ստուդիոն»՝ Կոմիտեի հետ կնքելով 113 մլն դրամի պայմանագիր։
Պետական գնումներին «Ատրիում պրո ստուդիո» ընկերությունը վերջին անգամ մասնակցել է 2022 թվականի դեկտեմբերին։ Որպես «ՀՀ Լոռու մարզի «Լոռի-1», «Լոռի-2», «Լոռի-3», «Լոռի-4», «Լոռի-5», «Լոռի-6», «Լոռի-7», «Լոռի-8» և «Լոռի-9» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման աշխատանքների» ձեռքբերման մրցույթի չափաբաժիններից մեկի միակ մասնակից՝ հաղթել է և Կոմիտեի հետ կնքել 151 մլն 848 հազար դրամի պայմանագիր։
Այսպիսով, 2018-2022 թվականներին «Ատրիում պրո ստուդիո» մասնակցել է 8 պետական գնման մրցույթի. բոլորի դեպքում էլ պատվիրատուն ՀՀ Քաղաքաշինության կոմիտեն է։ Ընկերությունը ամբողջությամբ կամ մասնակի հաղթել է մասնակցած գնման մրցույթներից 7-ում, պարտվել միայն մեկ անգամ։
«Ինֆոքոմը» մեկնաբանության խնդրանքով գրություն ուղարկեց Նունե Պետրոսյանին։ Վերջինս նշեց, որ պաշտոնը ստանձնելուց հետո իր հիմնադրած կազմակերության գործունեությամբ զբաղվելը դադարեցրել է և վերջինիս գործունեության հետ առնչություն չունի։
«Այն, որ ընկերությունը հիմնադրվել է իմ կողմից, և պաշտոնն զբաղեցնելուց հետո փոխադրվել այլ սուբյեկտի՝ հենց նշանակում է, որ դադարել է լինել փոխկապակցված։ Ինչպես Ձեր կողմից նշված, այնպես էլ այլ կազմակերպություններ (ոլորտը սպեցիֆիկ է և առկա են սահմանափակ քանակի կազմակերպություններ, ովքեր տվյալ տիպի աշխատանք ունակ են կատարել) պարբերաբար մասնակցել են պետական գնումների գործընթացներին։ Որոշ դեպքերում հաղթել են, իսկ որոշ դեպքերում՝ պարտվել»
Քաղշին կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյան
Գնումների համակարգի տվյալների ուսումնասիրությամբ մենք կարողացել ենք գտնել առնվազն 8 ընկերություն, որ մատուցում է նույնական ծառայություններ և մասնակցում պետական գնումների։
Մեր հարցերին ի պատասխան Նունե Պետրոսյանը նաև նշել է, որ «պայմանավորված կազմակերպության որևէ անդամի՝ այլ պաշտոն զբաղեցնելով, կազմակերպությունները հարկադրված չեն գործունեությունը դադարեցնել, ոլորտը փոխել կամ չմասնակցել հայտարարված բաց գնումների գործընթացին»։
Հատկանշական է, որ «Ատրիում պրո ստուդիո» ընկերությունը, որ հիմնադրվել է դեռևս 2012 թվականին, մինչ Նունե Պետրոսյանի՝ Կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը ստանձնելը պետական գնումներին մասնակցել է ընդամենը մեկ անգամ։ Ինչպես նաև ընկերության մասնակցած բոլոր 8 մրցույթների դեպքում պատվիրատուն հենց Քաղաքաշինության կոմիտեն է, այսինքն՝ ընկերությունը մասնակցել է միայն այն կառույցի հայտարարած մրցույթներին, որտեղ աշխատանքի է անցել Նունե Պետրոսյանը։
Հարցին՝ արդյո՞ք չի տեսնում շահերի բախում այն իրավիճակում, երբ իր հետ փոխկապակցված երկու ընկերություններ շարունակել են մասնակցել կառույցի գնումներին և հաղթել իր՝ պաշտոնը ստանձնելուց հետո, Նունե Պետրոսյանը պատասխանել է.
«Շահերի բախում չեմ տեսնում, քանի որ գնումները կազմակերպվում են իմ համակարգման ոլորտից դուրս գտնվող ստորաբաժանման կողմից, որոնց կազմակերպման հետ ես բացարձակապես առնչություն չունեմ։ 2019 թվականի սեպտեմբերից հետո տվյալ կազմակերպության հետ ես ևս որևէ առնչություն չունեմ»։
Թեև Նունե Պետրոսյանը նշել է, որ պաշտոնը ստանձնելուց՝ 2019 թվականի սեպտեմբերից ի վեր «Ատրիում պրո ստուդիո» ընկերության հետ ոչ մի առնչություն չի ունեցել, սակայն Իրավաբանական անձնանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ ընկերությունը մինչև 2024 թվականի հունվարը շարունակել է գրանցված լինել Նունե Պետրոսյանի գրանցման հասցեում։ Ավելին՝ ռեգիստրի տվյալների համաձայն՝ այդ նույն հասցեն մինչև հիմա հանդիսանում է նաև ընկերության գործունեության հասցեն։
Անդրադառնալով «Հայնախագիծ» ընկերության մասնակցությանը՝ Նունե Պետրոսյանը նշել է. «Ընկերությունը, որտեղ աշխատել եմ մինչև պաշտոնի ստանձնելը, ավելի քան 50 տարի իրականացնում է դիտարկվող գնումներին առնչվող գործունեություն։ Ինչ վերաբերում է շահերի բախմանը, դարձյալ՝ ես ներգրավված չեմ և չեմ եղել գնումներն իրականացնող ստորաբաժանման կամ հանձնաժողովների կազմում և որևէ կերպ չեմ առնչվել տվյալ գործընթացին»։
Քաղաքաշինության կոմիտեից «Ինֆոքոմին» հայտնեցին, որ փոխկապակցվածությունը դադարում է պաշտոնատար անձի կողմից իր հիմնադրած ընկերությունից հրաժարվելու և տնօրենի պաշտոնից ազատվելու դեպքում, ինչը տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի դեպքում.
«Միաժամանակ հայտնում ենք, որ Կոմիտեի ղեկավարությունը չէր կարող տեղեկացված լինել փոխկապակցվածության մասին, քանի որ գնման հայտում իրական շահառուն նշված է եղել ընկերության տնօրեն Արթուր Հակոբյանը, իսկ մրցութային գնահատող հանձնաժողովը օրենքով լիազորված չէ իրականացնել ընկերության գրանցման հասցեի համադրում Կոմիտեի բոլոր աշխատակիցների գրանցման կամ բնակության հասցեների հետ», – նշված է պատասխանում։
Թեև տրամաբանական է, որ մրցութային հանձնաժողովը չի կարող Կոմիտեի հայտարարած գնումների մասնակիցների հասցեները համադրել բոլոր աշխատակիցների հասցեների հետ և գտնել փոխկապակցվածություններ, սակայն կան շատ պարզ գործիքներ, որոնք կարող են օգնել Հանձնաժողովների անդամներին բացառել գնումների գործընթացում փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը։ Օրինակ՝ եթե լիներ գեթ մեկ տվյալների բազա, որը կներառեր Կոմիտեի կազմակերպած մրցույթներին նախորդիվ մասնակցած ընկերությունների տվյալները, ապա Հանձնաժողովի անդամները շատ արագ կտեսներին, որ նույն ընկերությունը մեկ տարի առաջ մրցույթին մասնակցել է Կոմիտեի նախագահի տեղակալի անունով, իսկ մեկ տարի անց՝ այլ մարդու, իսկ հասցեն մնացել է անփոփոխ։
Սա կարելի է անել ամենապարզ գործիքակազմի առկայությամբ, իսկ մի փոքր ավելի բարդ գործիքներով էլ ավելի «թաքնված» կապեր ու փոխկապակացվածություններ է կարելի գտնել, եթե պետական համակարգն այսքան համառորեն չդիմադրի թվայնացմանն ու տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը։