ՀՀ կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց որոշման նախագիծ, համաձայն որի՝ կլուծարվեն «Կոտայքի մշակույթի կենտրոն» և «Կապանի մշակույթի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները։ Բանն այն է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2025թ.-ի բյուջեում գումարներ չնախատեսվելու եւ 2025թ.-ի բյուջետային հայտում ֆինանսավորում չպլանավորվելու հետևանքով կազմակերպություններին ֆինանսական միջոցներ չեն տրամադրվելու:
Այս կազմակերպությունները ստեղծվել են ՀՀ կառավարության 2002թ. հոկտեմբերի 10-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 1649-Ն որոշմամբ․ «ՊՈԱԿ-ի գործունեության հիմնական նպատակը և առարկան մշակութային գործունեության իրականացումն է: Մշակութային գործունեությունը մշակութային արժեքների և առարկաների (օբյեկտներ) պահպանումը, ստեղծումը, տարածումն ու մեկնաբանումն է, մշակութային բարիքների` ծառայությունների մատուցումը և արտադրանքի (ապրանքների) իրացումը»,- ասված է կառավարության որոշման նախագծի հիմնավորման տեքստում՝ նշումով, որ ՊՈԱԿ-ների մշակութային գործունեությունը ֆինանսավորվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Եւ նախարարության 2025թ.-ի բյուջեում գումարներ չնախատեսվելու՝ 2025թ.-ի բյուջետային հայտում ֆինանսավորում չպլանավորելու հետևանքով կազմակերպությունների մշակութային գործունեությունը ֆինանսավորելու հնարավորության բացակայության հետևանքով նպատակահարմար է գտնվել լուծարել կազմակերպությունները:
Հիմնավորման մեջ ասված է, որ ԿԳՄՍ նախարարության գրության համաձայն՝ 2025թ․ պետբյուջեում ֆինանսավորում չնախատեսվելու հանգամանքը բխում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից անցկացված մոնիթորինգի արդյունքներից, որոնք ցույց են տվել, որ կազմակերպությունների կողմից իրականացված մշակութային ծրագրերի որակը բավարար չի եղել Հրազդան և Կապան համայնքների մշակութային կյանքի աշխուժացման և գեղագիտական նոր ճաշակի ու որակի ապահովման համար:
«Մոնիթորինգի շրջանակներում մշակութային ծրագրերի գնահատման մեթոդաբանությունը հիմնված է եղել իրականացված միջոցառումների բովանդակային և կազմակերպչական վերլուծության վրա։ Մասնավորապես, արձանագրվել է, որ ներկայացված ծրագրերը կրկնօրինակել են նախորդ տարիներին իրականացված նույնաբովանդակ միջոցառումները՝ առանց էական նորարարական կամ որակական փոփոխությունների։ Բացի այդ, կիրառված ռեսուրսային հիմքը՝ ներառյալ մարդկային, տեխնիկական և ֆինանսական ռեսուրսները, եղել է սահմանափակ և մարզային մակարդակում ոչ բավարար՝ լիարժեք գեղարվեստական և բարձրակարգ միջոցառում ապահովելու համար։ Նշյալ գործոնները հանգեցրել են նրան, որ ծրագրերը չեն կարողացել բավարար չափով նպաստել Հրազդան և Կապան համայնքների մշակութային կյանքի ակտիվացմանը։ Այս համատեքստում, մշակութային ծրագրերի որակի բարելավման ուղղությամբ միջոցառումներ նախատեսվում է իրականացնել համակարգային մոտեցմամբ, ներառելով ինչպես բովանդակային թարմացում, այնպես էլ ռեսուրսների առավել արդյունավետ բաշխում»,- ասված է նախագծում։
ԿԳՄՍՆ-ն վստահեցնում է, որ Կազմակերպությունների լուծարումից հետո Հրազդան և Կապան համայնքների մշակութային կյանքը չի տուժի, քանի որ Հրազդան համայնքում գործում է Հրազդանի դրամատիկական թատրոնը և «Հրազդանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» հիմնարկը, ինչպես նաև ՀՀ Կոտայքի մարզի տարածքում գործում են նմանատիպ մշակութային հիմնարկներ, իսկ Կապան համայնքում կան գործող 8 մշակութային և կրթամշակութային համայնքային ոչ առևտրային հաստատություններ։
Նախարարության գրության համաձայն՝ Նախարարության միջոցառումների շրջանակում՝ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի և ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի մշակութային կյանքի զարգացումը նախատեսվում է իրականացնել Նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունների միջոցով, ինչպես նաև Նախարարության մրցութային դրամաշնորհային ծրագրերի շրջանակում ՀՀ մարզերում գործող կազմակերպությունների ընդգրկվածության ձևաչափով։