Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Կառավարությունը սահմանել է, որ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 7214 և 7215 ապրանքային դիրքերում դասակարգվող պողպատե ամրանների «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծումն իրականացվում է հիմնական լիցենզիայի հիման վրա, սույն կետի 1-ին ենթակետում նշված ապրանքների ներմուծման նպատակով հիմնական լիցենզիան տրամադրվում է յուրաքանչյուր մինչև մեկ տոննայի համար։ Որոշմամբ սահմանվել է նաև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 7214 և 7215 ապրանքային դիրքերում դասակարգվող պողպատե ամրանների «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 7214 և 7215 ապրանքային դիրքերում դասակարգվող պողպատե ամրանների «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման հիմնական լիցենզիայի ձևը։

Որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում մշակող արդյունաբերության գերակա ճյուղ համարվող ծանր արդյունաբերության խթանման, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սև մետաղների) ներքին արտադրության և առևտրի կանոնակարգման անհրաժեշտությամբ։ Նպատակ ունենալով զարգացնել առավել բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտադրությունն ու հումքային ռեսուրսների ներքին սպառումը՝ ՀՀ կառավարությունը մի շարք որոշումներով արգելել է սև և գունավոր մետաղների ջարդոնի և դրանց պարունակությամբ թափոնների արտահանումը։ Նշված սահմանափակումներն ուղղված են տեղում սև և գունավոր մետաղների ջարդոնի վերամշակման, թափոններից մետաղների կորզման և առավել բարձր ավելացված արժեքով արտադրանքների արտադրության խթանմանը։

Որոշման հիմնական նպատակն է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքով ամրագրվող դրույթների կիրարկման ապահովման նպատակով պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման ընթացակարգի և հիմնական լիցենզիայի ձևի հաստատումը, ինչն էլ, իր հերթին ուղղված է ոլորտային արտադրատեսակների շուկայում հավասար մրցակցության, արտադրական ավելի երկար շղթաների կիրարկման, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացման խթանման, տեղական մետաղագործական ձեռնարկությունների արտադրանքի բնականոն գործունեության ապահովմանը։ Որոշման ընդունումը հնարավորություն կտա՝ ապահովել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքով ամրագրվող դրույթների կիրարկումը, խթանել հանրապետությունում մշակող արդյունաբերության գերակա ճյուղ համարվող ծանր արդյունաբերության ոլորտում ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սև մետաղների) վերամշակումը, ստեղծել նոր աշխատատեղեր՝ ընդլայնելով արդյունաբերական հզորությունները, շուկայում ապահովել ոլորտային արտադրանքների համար հավասար մրցակցային պայմաններ։

Մհեր Գրիգորյանը նշել. «Մենք բոլորս պետք է հասկանանք, որ ներմուծման գինն ավելի էժան է պահվում այնքան ժամանակ, քանի դեռ դա նպաստում է տեղի արտադրության ցիկլի դադարեցմանը, որ պահին դա դադարում է, անմիջապես այդ գինը թանկանում է և դառնում շատ ավելի բարձր, քան տեղի արտադրողն առաջարկում է շուկային: Եվ ես կարծում եմ՝ ձեր վերլուծությունները հենց այդ բալանսի պահպանման վերլուծություններ են, և չափը այդ բալանսի ապահովման չափ է: Այսինքն՝ խոսակցություններն այն մասին, որ սա արհեստականորեն թանկացնում է ներմուծվող նմանատիպ ապրանքի գինը, տեղին չեն, եթե մենք այդ խնդրին նայենք մի քիչ ավելի երկար ժամանակի մեջ»:

Կխթանվի տեքստիլ արդյունաբերության ոլորտի մրցունակության բարձրացումը

Կառավարությունը հաստատել է տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար մատակարարման շղթաների դիվերսիֆիկացիայի ապահովմանն ուղղված պետական աջակցության նպատակային միջոցառումը: Որոշման ընդունումը պայմանավորված է «Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2022-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 138-Լ որոշման Հավելվածով N 2 սահմանված՝ տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար մատակարարման շղթայի դիվերսիֆիկացմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ։ Կարգավորման նպատակն է խթանել տեքստիլ արդյունաբերության ոլորտի մրցունակության բարձրացումը, նպաստել հայկական արտադրանքի միջազգային շուկաներում հասանելիության ապահովմանը, խրախուսել հայ արտադրողին ապահովել մրցունակ արտադրանքի ներկայացվածությունը և արտաքին առևտուրը միջազգային շուկաներում՝ նոր, ավելի գրավիչ շուկաներ մուտք գործելով և ապահովելով ոլորտի կայունության զարգացումը՝ հումքի ներկրման և միջազգային էլեկտրոնային հարթակներում առևտրի խթանման միջոցով։

Ներկայումս օնլայն հարթակներում առևտուրը դարձել է կարևոր գործոն՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում հայկական արտադրանքի տեսանելիությունն ու հասանելիությունը բարձրացնելու գործում։ Տեխնոլոգիական զարգացման արագ տեմպերը ստեղծում են նոր հնարավորություններ ապրանքների վաճառքի համար տարբեր շուկաներում և շատ արտադրողներ կարող են օգտագործել այս հարթակները՝ ընդլայնելով իրենց արտահանումը և ավելացնելով միջազգային վաճառքների ծավալները։ Որոշման ընդունումը հնարավորություն կտա Հայաստանում տեքստիլ արդյունաբերության բարձրորակ աճ և զարգացում ապահովել՝ խթանելով տնտեսավարողների կայունությունը, արդյունավետությունը և մրցունակությունը։

Մհեր Գրիգորյանն այս համատեքստում նշել է. «Հիշենք, որ լավարկման հաջորդ փուլում հետևյալն անենք՝ հումքը տեսակավորենք և ըստ հումքի՝ սուբսիդավորման չափ սահմանենք, որովհետև, պայմանական ասած, ներմուծվում է բամբակ, հետո այդ բամբակը Հայաստանում դառնում է կտոր և վերջնական արտադրանք, այդ դեպքում՝ ավելի մեծ պետք է լինի սուբսիդավորումը: Եթե կտոր է ներմուծվում, որը դառնում է արտադրանք, արտադրական ցիկլի մեջ հայաստանյան ֆունկցիան ավելի փոքր է, այդտեղ ավելի քիչ պիտի լինի սուբսիդավորումը: Ես չեմ ասում պակասեցնենք, ես ասում եմ ընդհակառակը՝ հաջորդ փուլում ավելացնենք կախված հումքի արտադրանք դառնալու ցիկլի տևողությունից կամ աշխատատեղերի ներգրավվածությունից Հայաստանում: Կարծում եմ, որ հաջորդ փուլում դա էլ անենք, շատ լավ մեխանիզմ կլինի: Լավ կլինի, որ սկզբնական հումք ներմուծվի Հայաստան, մնացած բոլոր արտադրական ցիկլերը Հայաստանում կազմակերպվի»:

Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի ևս մեկ հողատարածք ամրացվեց Շրջակա միջավայրի նախարարությանը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Երևան, Նորք-Մարաշ Գ. Հովսեփյան փողոց հարող տարածք հասցեում գտնվող 1,044,444, 159 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով՝ 1,773 հա մակերեսով հողամասը ամրացվել է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը: Անշարժ գույքն անորոշ ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով կամրացվի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը կազմակերպության կանոնադրական գործառույթներին համապատասխան գործունեություն իրականացնելու համար։

ՀՀ գլխավոր դատախազության տեղեկատվության համաձայն, 2025 թվականի մայիսի 8-ի վճռով ՀՀ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ՀՀ կառավարության, ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձ Կարեն Իսկանդարյանի՝ Երևանի քաղաքապետի և Կարեն Իսկանդարյանի միջև 13.04.2005թ. կնքված առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Վճռի հիման վրա 2025թ. հունիսի 20-ին գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,7730 հա մակերեսով հողամասի նկատմամբ:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ընդգծել է. «Միայն Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում, Գլխավոր դատախազության հայցերի բավարարման արդյունքում, մինչ օրս Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 7 հա մակերեսով հողատարածք, որի շուկայականին մոտարկված կադաստրային ընդհանուր արժեքը 3 միլիարդ դրամ է կամ՝ 7,8 միլիոն ԱՄՆ դոլար»:

Անդրադառնալով կեղծիքով հողի օտարման հնարավորությունների բացառմանը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշել է, որ 2025 թվականին երկու գործիք է ներդրվել. «Առաջինը համայնքային հողերի վաճառքի հետ կապված անպայման գնահատման պայմանն է, այսինքն՝ դրանք այլևս հնարավոր է գնել և վաճառել շուկայական արժեքով, այսինքն՝ այդ հողակտորներից յուրաքանչյուրի համար առանձին գնահատում է իրականացվում: Եվ երկրորդը վերաբերում է պետական գույքի օտարմանը: Մենք այլևս այն վաճառում ենք բացառապես էլեկտրոնային եղանակով, և շուրջ 730 աճուրդ ունենք, որից արդեն 120-ը ամբողջությամբ ավարտվել է»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ամփոփելով, ընդգծել է. «Մեր նպատակն է գույքերի վաճառքը դարձնել մաքսիմալ հրապարակային, թափանցիկ և տեղեկատվությունը հասանելի բոլորի համար ցանկացած պահի»:

Չօգտագործվող տրանսպորտային միջոցները կամրացվեն ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին

Հայաստանի Հանրապետության 2025 թվականի հունվարի 30-ի թիվ 92-Ա որոշման համաձայն պետական կառավարման համակարգի մարմինների, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, մարզպետների աշխատակազմերի և համակարգը սպասարկող այլ կազմակերպությունների չօգտագործվող տրանսպորտային միջոցները ամրացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։

Որոշման հավելվածի ցանկում ներառված մի շարք տրանսպորտային միջոցների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Որոշման հավելվածում ներառված մի շարք տրանսպորտային միջոցների նույնացման համարանիշը (VIN) սխալ է նշված, որի պատճառով այդ տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքները Որոշման 2-րդ կետով նախատեսված ժամկետում չեն իրականացվել, հետևապես այդ տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքները իրականացնելու համար անհրաժեշտ է Որոշման հավելվածի ցանկում կատարել փոփոխություն, լրացնել ճշգրտված նույնացման համարանիշները (VIN) և Որոշման 2-րդ կետով սահմանված՝ գույքի հանձնման-ընդունման ժամկետը ենթարկել փոփոխության։

Մերժվել է «Ալյանս Ֆեզ» ընկերության կողմից «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետի երկարաձգման հայտը

Կառավարության որոշմամբ, մերժվել է «Ալյանս Ֆեզ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետի երկարաձգման հայտը, լուծարվել «Ալյանս» ազատ տնտեսական գոտին:

Ներկայացված 2025–2035 թվականների զարգացման գործարար ծրագիրը սահմանված կարգով ներկայացվել է Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին։ Գործարար ծրագրի՝ Հանձնաժողովի անդամների գնահատման արդյունքում միջին թվաբանական գնահատականը կազմել է 60.83 միավոր, սակայն Հանձնաժողովի անդամներից երեքի կողմից գործարար ծրագիրը գնահատվել է անցողիկ շեմից ցածր (անցողիկ շեմ է համարվում 60 միավորը)։ Համաձայն ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման Հավելված N 5-ի 7.1. կետի՝ Հանձնաժողովի անդամներից առնվազն երեքի կողմից գործարար ծրագրի անցողիկ շեմից ցածր գնահատման դեպքում հայտի վերաբերյալ տրվում է բացասական եզրակացություն, ուստի՝ Հանձնաժողովը որոշել ՀՀ Երևան քաղաքում գործող «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու հայտի վերաբերյալ Հանձնաժողովի անդամներից առնվազն երեքի կողմից գործարար ծրագրի անցողիկ շեմից ցածր գնահատման հիմքով ներկայացված գործարար ծրագրին և հետևաբար՝ հայտին տրամադրել բացասական եզրակացություն։

Լուծարվում են «Կոտայքի մշակույթի կենտրոն» և «Կապանի մշակույթի կենտրոն» կազմակերպությունները

Կառավարության որոշման համաձայն լուծարվում են «Կոտայքի մշակույթի կենտրոն» և «Կապանի մշակույթի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները, սահմանվում են լուծարման գործընթացի իրականացման հետ կապված հարաբերությունները։

Կազմակերպությունների լուծարումից հետո Հրազդան և Կապան համայնքների մշակութային կյանքը չի տուժի, քանի որ Հրազդան համայնքում գործում է Հրազդանի դրամատիկական թատրոնը և «Հրազդանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» հիմնարկը, ինչպես նաև ՀՀ Կոտայքի մարզի տարածքում գործում են նմանատիպ մշակութային հիմնարկներ, իսկ Կապան համայնքում կա գործող 8 մշակութային և կրթամշակութային համայնքային ոչ առևտրային հաստատություններ։

Նախարարության գրության համաձայն՝ Նախարարության միջոցառումների շրջանակում՝ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի և ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի մշակութային կյանքի զարգացումը նախատեսվում է իրականացնել Նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունների միջոցով, ինչպես նաև Նախարարության մրցութային դրամաշնորհային ծրագրերի շրջանակում ՀՀ մարզերում գործող կազմակերպությունների ընդգրկվածության ձևաչափով:

Վարժական հավաքներ կհայտարարվեն

Գործադիրի որոշմամբ հայտարարվել են պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2025 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ: Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների` 1) ռազմական ունակությունների կատարելագործման, 2) մասնագիտական վերապատրաստման, 3) մասնագիտական պատրաստման, 4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստա¬զորի սպաների պատրաստման նպատակով:

Օրենքով կսահմանվել թափոնների կառավարման ոլորտը կանոնակարգող որոշ նորմատիվ իրավական ակտերի ընդունման համար իրավական հիմքը

Կառավարությունը հավանություն է տվել «Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: «Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ նախատեսվում է ամրագրել, հստակեցնել Կառավարության, շրջակա միջավայրի և առողջապահության նախարարությունների որոշ իրավասությունները, մասնավորապես՝ օրենքով սահմանել թափոնների կառավարման ոլորտը կանոնակարգող որոշ նորմատիվ իրավական ակտերի ընդունման համար իրավական հիմքը։

Կմեկնարկի Վանաձորում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման/վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը

Գործադիրը սահմանել է, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1163. Մասսայական սպորտ» ծրագրի «32006․ Ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացման նպատակով մարզադաշտերի և մարզադպրոցների կառուցում» միջոցառման շրջանակներում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին վերապահված՝ Վանաձորում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման/վերակառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության գնման պահանջը համարվում է անհետաձգելի: Որոշման արդյունքում հնարավոր կլինի հրատապ կարգով մեկնարկել Վանաձորում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման/վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը՝ երաշխավորելով ծրագրի ավարտը մինչև 2029 թվականի հունվարը՝ Հայաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2029թ. երիտասարդական առաջնությանն ընդառաջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև