Այն իրավիճակը, որում հայտնվել է մեր կինոհամայնքը, բավականին խրթին է, հայտարարում է կինոքննադատ, պրոդյուսեր եւ ռեժիսոր Րաֆֆի Մովսիսյանը այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ։ Բանն այն է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծ, որը դժգոհություն է առաջացրել կինոհամայնքում։ Նախագծով, ըստ էության, պետությունը ոլորտում աջակցողից դառնում է մենաշնորհային արտադրող, ինչպես պնդում են ոլորտի ներկայացուցիչները։
Ըստ Մովսիսյանի՝ այս նախագծի հեղինակն իրականում Կինոյի հիմնադրամն է, եւ տարակուսելի ու ցավալի է, որ այն ներկայացնում է Նախարարությունը։
«Նախագիծը, որը ենթադրում է կիոնյի ոլորտում մի շարք փոփոխություններ, ուղղակիորեն սպառնում է հայկական անկախ կինոյի գոյությանն ու համատեղ արտադրություններին, ուղղակիորեն հակասում է ՀՀ սահմանադրությանը, մի շարք օրենքներին ու միջազգային կոնվենցիաների։ Մեզ համար առավել մտահոգիչ ու ցավեցնող է այն հանգամանքը, որ հենց Նախարարությունն է շրջանառում նախագիծը, որովհետեւ դա վկայում է այն մասին, որ մի շարք փոփոխություններ, որոնք տեղի են ունեցել մեր մշակությային քաղաքականության մեջ (օր․՝ դրամաշնորհային նախաձեռնւթյուններ, որոնք միտված են եղել ոլորտը ավելի թափանցիկ ու ներառական դարձնելուն), փաստացի տեղի է ունենում խզում»,- նշեց Մովսիսյանը։
Ըստ նրա՝ այս օրենքը, որի հիման վրա ստեղծվել է Կինոյի հիմնադրամը, հետընթաց է ապրում․ «Մենք ունենում ենք մի կառույց, որը ձգտում է կինոարտադրողներից խլել նրանց գույաքային, հեղինակային իրավունքները»։
Մովսիսյանը մտաբերեց, որ ժամանակին ունեինք «Հայկ» փաստավավերագրական ֆիլմների կինոստուդիա, որն ամբողջությամբ պետական մենաշնորհով ֆիլմեր էր նկարահանում, եւ այդ կառույցի հետ որեւէ եվրոպական համատեղ արտադրություն հնարավոր չէր անել։ Ռեժիսորի դիտարկմամբ՝ թեեւ այդ կառույցը լուծարվեց, եւ հետագայում Կինոյի հիմանդրամը ստեղծվեց՝ դաշտը բաց, թափանցիկ կինոարտադրությամբ ապահովելու համար, հիմա հենց ինքն է փորձում դառնալ «Հայկ»-ի նման մի կառույց։
Անիմացիոն կինոընկերությունների ասոցիացիայի նախագահ Տիգրան Առաքելյանն էլ այն կարծիքին է, որ «Կինոյի մասին» օրենքի փոփոխությունները խաթարելու են Հայաստանը միջազգային կինոփառատոններում ներկայացնելու այժմյան հաջող ընթացքը։
«Մենք փորձ ենք անում հասկանալ՝ գործող օրենքն ինչով է հակասում Սահմանադրությանը եւ օրենքներին, բայց այդ քողի տակ Կինոյի հիմնադրամն առաջարկում է փոփոխություն, որն ամբողջությամբ փոխում է «Կինոյի օրենքի» տրամաբանությունը, հակառակ մտածողություն է բերում կինոյի աջակցման իրենց պատկերացումների մեջ»,- նշում է նա։
Ըստ նրա՝ օրենքի փոփոխությունները չեն քննարկվել համայնքի հետ, ինչը վրդովեցնում է լայն համայնքին՝ ելնելով նրանից, որ փոփոխությունները, որոնք պետք է միտված լինեն կինոյի ոլորտի ներկայացուցիչների ստեղծագործական աշխատանքներն ավելի բարենպաստ պայմաններում իրականացնելուն, վտանգի առաջ են․ «Պետք է հետ կանչել այս նախագիծը, եւ եթե հետագայում գործող օրենքի փոփոխությունների կարիք լինի, դրանք իրականացնել համատեղ ուժերով»,- նշում է Առաքելյանը։
Անիմացիոն կինոյի գիլդիայի նախագահ Արմինե Անդան պնդում է, որ նախագծում փոփոխությունների որեւէ նորմալ հիմնավորում չկա, չնայած նշված է, թե գործող օրենքը հակասում է մի շարք իրավական ակտերի․ «Մենք վերլուծել ենք, թե դրված նախագիծը որ օրենքի որ կետին չի համապատասխանում, թեեւ նման պարտավորություն չունեինք։ Համատեղ արտադրության եվրոպական կոնվենցիան հստակ ասում է, որ գույքային իրավունքը պետք է պատկանի համատեղ արտադրողին, Կոնվենցիան ունի կետ՝ համատեղ արտադրողը ֆիլմարտադրող ընկերություն է։ Պետությունը կարո՞ղ է հայտարարել, որ ինքը ֆիլմարտադրող ընկերություն է, իհարկե ոչ։ Սահմանադրությունը, կոնվենցիաները խոսում են միայն մեկ սկզբունքի մասին՝ ստեղծագործական ազատություն․ պետական սեփականությունը չի կարող դիտվել որպես ստեղծագործական ազատություն։ Եթե պետությունն ասում է՝ ես ձեզ ֆինանսավորում եմ, բայց իմ սեփական ֆիլմն եմ ֆինանսավորում, ոչ մեկը չի կարող ասել, որ էդտեղ ստեղծագործական ազատություն կա»,- նշեց Արմինե Անդան։
Նշենք, որ հայ կինոգործիչները նաև հայտարարություն են տարածել «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին» նախագծին դեմ լինելու վերաբերյալ։