civilnet.am Օգոստոսի 8-ին Վերաքննիչ քրեական դատարանը Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դատական նիստ էր հրավիրել, որի պատճառը Ջալալ Հարությունյանի կողմից դատական ակտը չստանալու փաստն էր։ Սրա մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը։
«Մեղադրյալը միտումնավոր չի ստանում դատական ակտը՝ վաղեմության ժամկետի ավարտին հասնելու և պատժից խուսափելու համար»,- գրել է նա։
Ըստ Սիմոնյանի՝ դատարանը երկու անգամ որոշումը ուղարկել է փոստով և մեկ անգամ փորձել հանձնել անձամբ, սակայն Հարությունյանը չի ստացել այն։ Նրա գործողությունները, ըստ Սիմոնյանի, գնահատվել են որպես «իրավունքի չարաշահում»։ Փաստաբանն ընդգծել է, որ «գեներալ-լեյտենանտի ուսադիրներ կրող անձը փորձում է խուսափել պատժից՝ հույս դնելով վաղեմության ժամկետի վրա»։
ՍիվիլՆեթի հետ զրույցում Ջալալ Հարությունյանի փաստաբան Աշոտ Ապրեսյանն ասաց, որ Սիմոնյանը փաստերն աղավաղում է, դատարանի կողմից իրավունքի չարաշահում չի արձանագրվել․ «Դատարանը հստակ արձանագրել է, որ նիստի ծանուցագիրը Հարությունյանի կողմից ստանալու վերաբերյալ հետադարձ տեղեկություն չկա»։
Փաստաբանը նաև նշեց, որ Հարությունյանը երկու անգամ ստացիոնար բուժման է եղել և անցել է ամբուլատոր հետազոտություններ. «Դատական ակտը փորձել են հանձնել միայն մեկ անգամ, երբ նա հիվանդանոցում էր, իսկ դրանից հետո դատարանն այն այլևս չի ուղարկել»։
Նա հավելեց, որ Հարությունյանը գրավոր դիմում է ներկայացրել՝ խնդրելով հնարավորինս շուտ ստանալ որոշումը, որպեսզի կարողանա բողոքարկել այն սահմանված ժամկետում։ «Հարությունյանը հենց այս պահին պատրաստ է ստանալ դատական ակտը և երբեք չի խուսափել դրանից»,- նշեց փաստաբանը։