«Չենք կարող նկարագրել բոլոր իրավիճակները». Փաշինյանը՝ ի պատասխան «Ինֆոքոմի» հարցի՝ արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտության դեպքում այն տարածվելո՞ւ է ՀՀ-ով անցնող կապուղու վրա

«Ինֆոքոմը» ՀՀ վարչապետի՝ Վաշինգտոնից հայաստանյան լրագրողների հետ օնլայն հարցուպատասխանի շրջանակում հարց է ուղղել Նիկոլ Փաշինյանին։

Մասնավորապես, ընդգծելով, Թրամփը Հայաստանում անցնող ուղին անվանեց «հատուկ տարանցիկ տարածք, որը թույլ կտա Ադրբեջանին լիարժեք հասանելիություն ստանալ իր Նախիջեւան տարածքին՝ միաժամանակ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությանը», եւ որ Նիկոլ Փաշինյանը նախկինում էլ տարբեր հայտարարություններում նշել է, որ տարածաշրջանի կապուղիների բացումը պետք է հիմնված լինի երկրների ինքնիշխանության եւ իրավազորության լիակատար հարգանքի, ինչպես նաեւ հավասարության եւ փոխադարձության սկզբունքների վրա, հետաքրքրվել ենք՝

– եթե որեւէ իրավիճակում անհրաժեշտություն առաջանա ՀՀ ողջ տարածքում հայտարարել արտակարգ դրություն, ինչպես, օրինակ, 2020թ․-ին քովիդյան համավարակի պայմաններում ՀՀ կառավարության՝ 16․03․2020թ․ N 298-Ն որոշմամբ, եւ մտցնել տեղաշարժի սահմանափակումներ կամ հայտարարել պարետային ժամ, արտակարգ դրության իրավական ռեժիմը եւ դրանից բխող միջոցառումները տարածվելո՞ւ են արդյոք Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող կապուղու/ների տարածքի վրա,

– Հանրապետության ողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու պարագայում Հայաստանի Հանրապետությունը կարո՞ղ է սահմանափակել այդ տարածքում անձանց տեղաշարժը,

– կարո՞ղ է սահմանել նշված տարածք մուտք գործելու եւ տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմ (ներառյալ օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց՝ տվյալ տարածք մուտք գործելու եւ այնտեղ գտնվելու սահմանափակումները),

– կարո՞ղ է սահմանափակել տրանսպորտային միջոցների տեղաշարժը եւ իրականացնել դրանց զննում, կարո՞ղ է իրականացնել անձը հաստատող փաստաթղթերի ստուգում, անձնական առարկաների զննում եւ ՀՀ օրենսդրությունից եւ վերաբերելի իրավական ակտերից բխող այլ գործողություններ։

Ի պատասխան, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե հիմա փորձենք նկարագրել բոլոր տեսական իրադրությունները, որոնք պրակտիկայում կարող են լինել, ինքը կարող է պատասխանել այս հարցին, որից հետո, ըստ նրա, կարող է մեկ այլ հարց հնչել՝ «իսկ անտառային հրդեհի դեպքո՞ւմ ինչպես ա լինելու»։ Փաշինյանը շարունակել է.

«Կարող եմ պատասխանել այդ հարցին, և հնչի հարց՝ իսկ հորդառատ անձրևի դեպքում ինչպիսին ա լինելու, կարող եմ պատասխանել այդ հարցին և հնչի հարց՝ իսկ ուժեղ քամո՞ւ պարագայում ինչպիսին ա լինելու։ Կարող եմ պատասխանել այդ հարցին, հնչի հարց՝ իսկ եթե վագոնում տեխնիկական անսարքություն լինի, էդ ժամանակ ինչպիսին ա լինելու, կարող եմ պատասխանել այդ հարցին, հնչի ուրիշ մի հարց՝ իսկ եթե խցանում լինի, ինչպես ա լինելու, կարող եմ պատասխանել այդ հարցին, հնչի՝ իսկ եթե զանգվածային հավաք լինի, այդ դեպքում ինչպես ա լինելու, կարող եմ պատասխանել այդ հարցին, որից հետո հնչի հետեւյալ հարցը՝ իսկ եթե երաշտ լինի, այդ դեպքո՞ւմ ինչպիսին ա լինելու։ Կարող եմ պատասխանել այդ հարցին, հնչի՝ իսկ եթե համաճարակ լինի, այդ դեպքում ինչպես ա լինելու, կարող եմ պատասխանել այդ հարցին, հնչի՝ իսկ եթե փառատոն եւ տոնախմբություն լինի, այդ դեպքում ինչպես ա լինելու, կարող եմ պատասխանել էդ հարցին, որից հետո հնչի՝ իսկ եթե բերքը առատ լինի, ինչպիսին ա լինելու, կարող եմ պատասխանել այդ հարցին, եւ հնչի ուրիշ հարց՝ իսկ եթե բերքը պակաս լինի, էդ դեպքում ինչպիսին ա լինելու, կարող եմ պատասխանել էդ հարցին եւ էլի հազարավոր այլ տեսական իրադարձություններ կարող են նկարագրվել»,- թվարկեց Փաշինյանը եւ հարց հնչեցրեց՝ «ինչո՞ւ եմ մի քիչ էլ գրոտեսկի վերածելով այսպես ասում, նկատի ունեմ՝ բոլոր տեսական եւ գործնական իրավիճակները մենք չենք կարող հերթով նկարագրել».

«Սրա համար ա, որ մենք ասում ենք՝ համառոտ մի բան պետք ա նկարագրենք, որից բխեն պատասխանները բոլոր հնարավոր իրավիճակներում։ Հիմա, ունե՞նք արդյոք էդ համառոտ արձանագրումները, ունե՛նք էդ համառոտ արձանագրումները, եւ ես քիչ առաջ մեջբերեցի՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն, սահմանների անխախտելիություն, ուժի կիրառման անթույլատրելիություն եւ այդպես շարունակ։ Ես նկատի ունեմ՝ եկեք չփորձենք կոնկրետ իրադրություններ նկարագրել անձրեւի եւ երաշտի, խցանման կամ հանրային հավաքի, որովհետև էդ բոլոր իրադարձությունները կարող ենք թվարկել, բայց դրանք անվերջ են, որովհետև պրակտիկայում մենք չգիտենք՝ ինչպիսին կլինեն իրավիճակները, բայց մենք գիտենք՝ ինչ էլ տեղի ունենա, ինչ շրջանակում պետք է տեղավորվի։ Պետք է տեղավորվի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակում։ Այսինքն ՀՀ ինքնիշխանությունն է էն բառակապակցությունը, որը տալիս է բոլոր հնարավոր իրավիճակների, բոլոր տարբերակների, բոլոր մտավախությունների պատասխանները»։

Նա նշեց, որ պայմանավորվածությունը ոչ թե նրանով է կարեւոր, որ մենք դա ձեռք բերելով պետք է ամեն ինչ անենք, որ հնարավորինս քիչ մարդ անցնի, քիչ բեռ անցնի, այլ ընդհակառակը. «Էս ամբողջ նախագծի իմաստն այն է, որ մեր տարածաշրջանով, մեր երկրներով անցնեն հնարավորինս շատ մարդիկ, շատ բեռներ, շատ տրանսպորտային միջոցներ, որովհետև դրանք հնարավորինս շատ եկամուտներ են պետության, մասնավոր հատվածի համար, աշխատատեղեր են, զարգացում է եւ այլն, դա ավելի մեծ ներդրումային միջավայր է։ Անվտանգային, խաղաղության առումով մենք էս նախագիծը անում ենք, որպեսզի ՀՀ ավելի շատ քաղաքացիներ առանց մտավախության օգտվեն Ադրբեջանի տրանսպորտային ենթակառուցվածքներից, եւ հակառակը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև