Փաշինյանը նույնիսկ մեկ գերի ազատ արձակելու հնարավորությունը չօգտագործեց․ Արտակ Բեգլարյան

Փաշինյանը նույնիսկ մեկ գերի ազատ արձակելու հնարավորությունը չօգտագործեց․ Արտակ Բեգլարյան

Փաշինյանը հերթական անգամ լրջագույն զիջումներ արեց՝ առանց որևէ շոշափելի զիջում ստանալու Ալիևից: Այս մասին հայտարարել է Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Նա գործնականում զիջեց Մինսկի խումբը, հաղորդակցությունների բացման միջանցքային տրամաբանությունը (որոշակի փոխակերպումներով ու մանիպուլյատիվ լուծումներով), փոխադարձելիության սկզբունքը, 907-րդ բանաձևի պատժամիջոցները:

Այս ամենի դիմաց Ալիևը ստորագրեց հռչակագրային այնպիսի սկզբունքների տակ, որոնք, այսպես թե այնպես, իր միջազգային պարտավորություններից են՝ միջազգային սահմանների անքակտելիության և ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքները:

Թրամփի անձնական շահագրգռվածությունից ու ներգրավվածությունից մեծապես օգտվել է Ալիևը, իսկ Փաշինյանը նույնիսկ մեկ գերի ազատ արձակելու հնարավորությունը չօգտագործեց: Ընդ որում՝ սա լավագույն հնարավորությունն էր գերիներին հայրենիք վերադարձնելու համար, որը վիժեցվեց ամբողջապես:

Այո՛, Հայաստանը ստացավ ԱՄՆ-ի ու Թրամփի որոշակիորեն կայունացնող ու զսպող ներգրավվածությունը և մեծ ներդրումների հեռանկարը, բայց դրանք արվել են վերոնշյալ անընդունելի զիջումների (հատկապես՝ միջանցքային տրամաբանության) հաշվին:

Էլ չեմ խոսում Արցախի ժողովրդի իրավունքների բացարձակ անտեսման, Հայաստանի բռնազավթված տարածքների վերադարձման և այլ կենսական հարցերի մասին, որոնք արդեն նախորդ փուլերում հանցավոր կերպով զիջվել են Ադրբեջանին:

Այնպես որ խնդրում եմ խաղաղության, բարգավաճման ու հաղթանակների հեքիաթներ չկարդալ մեր գլխին…», – նշված է ֆեյսբուքյան գրառման մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն