ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են․ ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին | 1lurer.am

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը օգոստոսի 8-ին հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

Ողջունելով հյուրին՝ նախարար Սարգսյանը բարձր է գնահատել առկա սերտ համագործակցությունը մի շարք ոլորտներում։ Նա ներկայացրել է ՆԳ նախարարության կողմից վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ առանձնացնելով հատկապես կենսաչափական համակարգի ներդրման և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքները։

Դեսպան Մարագոսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել է ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը, ինչը տեսանելի արդյունքներ է տալիս։ Նա նաև անդրադարձել է գործողությունների ծրագրի շրջանակներում ԵՄ-ի կողմից իրականացվող աշխատանքներին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ապագայում նախատեսվող համատեղ ծրագրերը, բարձր մակարդակի հանդիպումների կազմակերպման հնարավորությունները, վիզաների ազատականացման ուղղությամբ ԵՄ անդամ երկրների հետ համագործակցությունը, սահմանների կառավարման բարեփոխումները, ՀՀ քաղաքացիության ինստիտուտի վերաբերյալ հարցեր, ինչպես նաև կոռուպցիայի և թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցառումները։

Քննարկվել են նաև հանցավորության դեմ պայքարի շրջանակներում ԵՄ-ի կողմից աջակցության, հանցավորության հուսալի վիճակագրության ներդրման գործընթացի, ինչպես նաև Եվրոպոլի և Ֆրոնտեքսի հետ համագործակցության խորացման վերաբերյալ հարցեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն