civilnet.am Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2 մլն դոլար է հատկացրել Ուկրաինային՝ որպես մարդասիրական օգնություն։ Այս մասին հայտնում է ադրբեջանական 1news պարբերականը։
Գումարը կհատկացվի Ադրբեջանի 2025-ի պետական բյուջեով նախատեսված նախագահի պահուստային ֆոնդից։ Այդ միջոցներով կգնվի Ադրբեջանում արտադրված էլեկտրական սարքավորում և կուղարկվի Ուկրաինա։
DW-ն հայտնում է, որ այս որոշմանը նախորդել էր նախօրեին կայացած Ալիևի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը։ Կողմերը քննարկել էին Օդեսայում ադրբեջանական պետական SOCAR ընկերության նավթաբազայի և ուկրաինական տարածքում գտնվող ադրբեջանական այլ օբյեկտների, այդ թվում՝ ադրբեջանական գազը Ուկրաինա տեղափոխող գազատուրբինային կայանի վրա ռուսական հարվածները։
Միևնույն ժամանակ, ադրբեջանական իշխանությանը մոտ կանգնած Caliber-ի տվյալներով, Ադրբեջանի իշխանությունները կարող են քննարկել Ուկրաինային սպառազինության մատակարարման էմբարգոն վերացնելու հարցը, եթե Ռուսաստանը շարունակի հարվածել Ուկրաինայի գազային ենթակառուցվածքներին, որոնցով անցնում է ադրբեջանական վառելիքը։