Օգոստոսի 9-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1994 թվականին հաստատվել է որպես բնիկ ժողովուրդների միջազգային օր։ 2007 թվականին ընդունված ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևով այս կամ այն գնիկ ժողովրդի առանձնացման հիմնական սկզբունքը ինքնագիտակցությունն է որպես բնիկ ժողովրդի: Այս մասին հայտարարություն է տարածել «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը։
«Բանաձևի համաձայն բնիկ ժողովուրդների հիմնական իրավունքը ազատության և հավասարության սկզբունքն է․ քաղաքական կարգավիճակի որոշման ազատություն, սոցաիալական, տնտեսական և մշակույթային զարգացման իրականացումը, մշակույթային ավանդույթների պահպանում և զարգացում, կրթության համակարգերի ստեղծում և պահպանում, կյանքին, իրավունքին, ազտությանը վերաբերող հարցերի որոշումների ընդունման գործընթացին մասնակցելու իրավունք։
Փաստորեն բնիկ ժողովուրդների միջազգային օրը ևս մեկ հնարավորություն է ընդգծելու մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների անքակտությունը՝ կապված որևէ տարածքում մշտական, հիմնական և պատմական բնակության հետ։
Բնիկ ժողովուրդների միջազգային օրը կարևոր առիթ է հիշեցնելու աշխարհին նաև բնիկ ժողովուրդների նկատմամբ անօրինական գործողությունների, էթնիկ զտումների, բռնի տեղահանումների անթույլատրելիության մասին։ «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին հռչակագիրը» անթույլատրելի է համարում բնիկ ժողովուրդների ֆիզիկական բնաջնջումն ու պատմական կենսագործունեության տարածիքից արտաքսումը։
«Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին հռչակագիրը» ուղիղ առնչություն ունի պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայության հետ, որը, որպես տեղի բնիկ ժողովուրդ, ադրբեջանական տարբեր վարչակագրերի կողմից քանիցս ենթարկվել է թե՛ ֆիզիկական բնաջնջման, թե՛ բռնի տեղահանման։ Հայության բնակության արեալի հայկական պատմական ժառանգությունը ենթարկվել և ենթարկվում է համակարգային ոչնչացման, խեղման և այլացման։ Իսկ հայության հանդեպ՝ որպես պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի բնիկ ժողովուրդ, կատարված հանցագործությունները մինչ օրս չեն ստացել համապատասխան քաղաքական և իրավական գնահատական՝ համապատասխան պատմաքաղաքական հետևանքներով։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Բնիկ ժողովուրդների միջազգային օրը։ Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին, միջազգային իրավարար և իրավապաշտպան կառույցներին և կազմակերպություններին հետամուտ լինել բնիկ ժողովուրդների ոտնահարված իրավունքների պաշտպանությունը։ Մենք պահանջում ենք, որպեսզի հայության հանդեպ ադրբեջանական վարչակարգերի իրականացած էթնիկ զտումներն ու բռնի տեղահանումները ստանան միջազգային արժանի իրավաքաղաքական գնահատական և հանգեցնեն համապատասխան հետևանքների», – նշված է հայտարարության մեջ։