Թրամփը հայտարարել է, որ իր նպատակը Պուտին-Զելենսկի հանդիպում կազմակերպելն է | factor.am

factor.am  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր առաջիկա բանակցությունների գլխավոր նպատակը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելն է։ Վերջնական արդյունքում, ըստ Թրամփի, ինքը ցանկանում է կազմակերպել պատերազմող երկրների առաջնորդների հանդիպում, գրում է Current time-ը։

«Ի վերջո, ես նրանց երկուսին մեկ սենյակում կտանեմ։ Գուցե ես այնտեղ լինեմ, գուցե՝ ոչ։ Եվ ես կարծում եմ, որ [հակամարտությունը] կկարգավորվի»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ օգոստոսի 15-ին Պուտինի հետ հանդիպումը փորձնական կլինի։ Նա, միաժամանակ, խոստովանել է, որ բանակցությունները կարող են լինել և՛ լավ, և՛ վատ։

Թրամփը նաև չի բացառել, որ կարող է դադարեցնել միջնորդական ջանքերը։

«Ես կարող եմ հեռանալ և ասել՝ «Հաջողություն», և վերջ։ Բայց ես պատրաստվում են հանդիպել նրա հետ։ Մենք կքննարկենք [գործարքի] չափանիշները։ Եվ հետո ես կզանգահարեմ [Ուկրաինայի] նախագահ Վլադիմիր Զելենսկիին ու եվրոպացի առաջնորդներին»,- ասել է նա։

Դոնալդ Թրամփը չի բացառել տարածքային փոխանակման հնարավորությունը։

«Կլինի հողերի փոխանակում Ուկրաինայի օգտին։ Բայց կլինեն նաև վատ բաներ երկու կողմերի համար։ Մենք կփոխենք ռազմաճակատի գծերը»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ գործարքը պետք է օգտակար լինի երկու կողմերի համար էլ։

Ըստ լրատվամիջոցների տվյալների՝ Կիևի ու Մոսկվայի միջև խաղաղության համաձայնագիրը, ինչպես այն տեսնում են Պուտինը և Թրամփը, կներառի Ուկրաինայի համար տարածքային զիջումների կամ, ինչպես ասել է Թրամփը, «տարածքների փոխանակման» վերաբերյալ կետեր։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ «ուկրաինական տարածքային հարցի վերաբերյալ պատասխանն արդեն իսկ Ուկրաինայի Սահմանադրության մեջ է»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև