azatutyun.am Ադրբեջանցի ակտիվիստ Բահրուզ Սամադովը, ով հայտնի է իր հակապատերազմական, խաղաղասիրական ընդգծված դիրքորոշմամբ և երկարամյա ազատազրկման է դատապարտվել հայերի օգտին լրտեսության մեղադրանքով, բանտից ահազանգել է առողջական վիճակի վատթարացման մասին։
Իր տատիկի հետ հեռախոսազրույցի ընթացքում Սամադովը փոխանցել է, որ ինքնազգացողության վատթարացման պատճառով ի վիճակի չէ մասնակցել այսօր նախատեսված դատական նիստին, հայտնում է Meydan TV-ն։
«Նա իրեն լավ չէր զգում։ Գլխավոր ասելիքն էր՝ եթե խաղաղության համաձայնագիր են ստորագրում, ապա ինչո՞ւ ինձ ազատ չեն արձակում», – Զիբեյդա Օսմանովայի խոսքերն է մեջբերում Meydan TV-ն։
Սամադովը ձերբակալվել է ուղիղ մեկ տարի առաջ, իսկ անցած հունիսին 15 տարվա ազատազրկման դատապարտվել Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով։ Նա դատարանում պնդել է, որ ինքն անմեղ է և «աբսուրդ» է որակել «հայկական հատուկ ծառայություններին ինչ-որ տեղեկություններ փոխանցելու» իրեն վերագրվող մեղադրանքները, հիշեցնելով, որ վերջին վեց տարվա ընթացքում ինքը չի ապրել Ադրբեջանում ու չի տիրապետում պետական գաղտնիք համարվող որևէ գաղտնի տեղեկատվության։
Պրահայի Կարլովի համալսարանի դոկտորանտը հայտնի է նաև իր հոդվածներով, որոնցում նա պարբերաբար քննադատել է Ալիևի ավտորիտար ռեժիմի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունն, այդ թվում՝ Ղարաբաղի նկատմամբ ռազմական ագրեսիան և հայերին էթնիկ զտման ենթարկելը։